Բաժիններ՝

«Ունենք անկախության սերունդ, երիտասարդություն, որն իսկապես լավն է». հոգեբան

«Լինելով պատերազմող երկիր, լինելով շրջապատված, ունենալով սոցիալտնտեսական ոչ բարվոք պայմաններ՝ Հայաստանը պահպանում է իր վարկանիշն աշխարհի երկրների շարքում: Դա խոսում է այն մասին, որ մենք ունենք անկախության սերունդ, երիտասարդություն, որն իսկապես լավն է: Լավն է իր ձգտումներով, լավն է իր հետաքրքրություններով, բազմակողմանի մտածելակերպով ու կարողություններով: Նրանք վերցրել են մեր ազգային յուրահատկությունները, գենետիկ աշխատասիրությունը, հոգատարությունը, համբերությունը: Այս ամենը կարծես գումարվել է և դարձել մի յուրահատուկ սերունդ, որը վստահելի է: Ես սա ասում եմ՝ շփվելով բազմաթիվ ուսանողների, բազմաթիվ երիտասարդների հետ»,- նման տեսակետ հայտնեց հոգեբան Աննա Բադալյանը 168.am-ի հետ զրույցում:

Անկախության հռչակումից հետո թվում էր՝ հայ երիտասարդն իր երկրում իրեն ավելի ազատ ու հարմարավետ պիտի զգար, բայց տեսնում ենք, որ արտագաղթը մեծ ծավալներ է ստացել, և ցավալին այն է, որ հենց երիտասարդներն են լքում երկիրը: Ո՞րն է սրա պատճառը, ի՞նչ է փնտրում հայ երիտասարդն օտար երկրներում, ի՞նչը չի բավականացնում նրան այստեղ՝ Հայաստանում:

Մեր այս հարցին Ա. Բադալյանը պատասխանեց, որ հայը էթնիկ առումով սովոր է արարելուն, և երբ այդ պայմանները չկան, բնական է՝ ինքն այդ ամենն ուրիշ տեղ է փնտրում. «Այդ ձգտումը բնական է գենետիկ այդ հատկանիշները կրող երիտասարդի համար: Բայց եկեք խոստովանենք, որ նույնիսկ դրսում իրենք իրենց տեսակը չեն կորցնում: Կարևորը դա է: Իհարկե, հասկանալի է, որ երկար մնալու դեպքում ձուլվելու խնդիրը կա, բայց այս պարագայում շփվելով իմ բազմաթիվ ուսանողների հետ՝ կարող եմ փաստել, որ իրենք իրենց տեսակն ու հետաքրքրությունները չեն կորցնում: Շատ հետաքրքրական է, որ եթե ավելի լավ երիտասարդն է դրսում, մեր ազգի նկատմամբ հետաքրքրությունն ու ինֆորմացվածությունն է բարձրանում, այսինքն՝ ինչ-որ տեղ նրանք նաև ազգանվեր գործ են անում, եթե իհարկե դա զուտ փախուստ չէ»:

Գաղտնիք չէ նաև այն, որ 21-րդ դարում հայ հասարակության մեջ դեռևս իշխում են այնպիսի կարծրատիպեր, որոնցից ազատության ու անկախության ձգտող երիտասարդները, երբեմն փախչել ցանկանալով, նույնպես լքում են երկիրը՝ փորձելով իրենց հետաքրքրությունները բավարարել այլ երկրներում: Տիկին բադալյանն ասում է, որ հակառակ այդ կարծիքի՝ այսօր շատ բաներ իրականում փոխվել են մեր հասարակության մեջ և որ ամենակարևորն է, նման երիտասարդները, գնալով այլ երկրներ, հանդիպում են տհաճ անակնկալի՝ տեսնելով, որ այդ երկրներում ամեն ինչ շատ ավելի վատ է. «Օրինակ՝ Ֆրանսիայում, որտեղ ես անձամբ եղել եմ, այդ կարծրատիպերը շատ ավելի խեղդող են, իսկ հասարակության մեջ՝ երևույթները վտանգավոր: Նույն Փարիզում այդ անկախությունն ու ազատությունը չկա, հոգու ազատությունը չկա, որ հեռվից այդքան գեղեցիկ ու ձգող է թվում: Եկեք չմոռանանք, որ քաղաքակրթության սկիզբը եղել ենք մենք՝ Արևելքը, բայց այսօր, չգիտես ինչու, հետ ենք գնում՝ Արևմուտքից ենք ինչ-որ բաներ վերցնում, որոնք ավելի աղճատված են»:

Անդրադառնալով այն հարցին, թե այսօր հոգեբանական ինչ հիմնական խնդիրներով են իրենց դիմում՝ Ա. Բադալյանն ասաց, որ այսօրվա ամենալուրջ խնդիրը սթրեսներն են, ընտանեկան կոնֆլիկտները՝ չհաշված անձնային որակները, խնդիրները, անձի տեսակի հետ կապված բախումներն ու ընկճվածությունը: Նրա խոսքով՝ սթրեսներ մարդիկ կարող են ունենալ և՛ ուրախությունից, և՛ տխրությունից, բայց պետք է այդ խնդիրները փորձել հեշտությամբ շրջանցել՝ չդարձնելով դրանք մի մեծ ողբերգություն:

Այսօր մեր հանրապետությունում մեծացել է նաև ամուսնալուծությունների թիվը, և մենք հոգեբանից փորձեցինք ճշտել, թե որոնք են դրա հիմնական պատճառները: Աննա Բադալյանն ասաց, որ մենք տարիներ շարունակ եղել ենք ճիշտ ընտանիք կազմելու մշակույթի կրող երկիր, բայց այսօր շատ բաներ կարծես թե փոխվել են. «Ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, եթե հատկապես աղջիկները չամուսնանան զուտ նրա համար, որ պարզապես տանը չմնան: Այդ դեպքում շատ ավելի ճիշտ ընտրություն կանեն: Այն անհարկի միտումը, թե մեկ անգամ եմ ծնվում, ճիշտ ապրեմ, բերում է նրան, որ չեն գիտակցում՝ այդ մեկ սխալը կարող է ճակատագրական լինել: Ամուսինները պետք է զարգանան զուգահեռ. իրենց հետաքրքրությունները, իրենց բազմակողմանի հակումները, զգացողությունները, ապրումները պետք է միասին աճեն: Երբ մեկն իր տեղում դոփում է, մեկն առաջ է գնում, այդտեղ արդեն հանդիպում են անձի բախման կոնֆլիկտին, և բաժանություններն անխուսափելի են դառնում»:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս