Իծաքարի բնակիչը մեղադրվում է կնոջը դավաճանության մեջ կասկածելու պատճառով անկողնում խեղդամահ անելու մեջ

Առաջին ատյանի դատարան է ուղարկվել կնոջ սպանության մեջ մեղադրվող երիտասարդի դեմ հարուցված քրեական գործը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 12-ին , առավոտյան խանդի շարժառիթով, կասկածելով կնոջն ամուսնական դավաճանության մեջ, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց տանը, ննջասենյակում անկողնու մեջ, ձեռքերով սեղմելու միջոցով խեղդամահ է արել իր կնոջը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա, «նշանակված լինելով մարտական հերթապահության ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում որպես դիտորդ, խախտել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները` իրեն ամրակցված ինքնաձիգով լքել է մարտական դիրքը, ինչի պատճառով իրական սպառնալիք է ստեղծել հակառակորդի անակնկալ հարձակումը հայտնաբերելուն և դրան դիմակայելուն»:

Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մաս) և մարտական հերթապահության կանոնները խախտելու համար (365-րդ հոդվածի 1-ին մաս): Առաջին հոդվածը նախատեսում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով, երկրորդը՝ պատիժ՝ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակում` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տեսանյութեր

Լրահոս