Բաժիններ՝

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը Հռչակագիր է ընդունել

Երևանում այսօր ավարտված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը Հռչակագիր է ընդունել, որում նշված է.

«Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:

Ողջ հայությունն իր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղի.
Հայաստանի Հանրապետության առավել զորացմանը, հետագա առաջ¬ընթացին և ապահովությանը,
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը,
Սփյուռքի առավել կազմակերպմանը,
ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը,
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը,
հայ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը,
արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը:

Մենք` համաժողովի մասնակիցներս,
նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրավերները`
հռչակում ենք
1. հետևյալ համազգային առաջնահերթությունները՝ որպես Հայաստան-Սփյուռք գործակ¬ցության գաղափարական հենք.

1.1 հզոր և ապահով Հայաստանի կառուցում

Մենք հաստատում ենք, որ միասնական ջանքերով շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան՝ առավել անվտանգ և հզոր դարձնելով այն:
Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, և Հայաստանի առջև ծառացած խնդիր¬ների լուծումը, համահայկական ծրագրերի իրականացումը հնարավոր են միայն հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողությունների ու հնարավորու¬թյունների մեկտեղմամբ, քանզի Հայրենիքի զարգացման, անվտանգության համար պատասխանատվություն կրում է ամեն մի հայ` անկախ բնակության վայրից:

Հայաստանում աղքատության և արտագաղթի մակարդակի կրճատման կարևոր ճանապարհը պետական-վարչական, ընկերային և տնտեսական /գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, առևտուր, սպասարկում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, էներգետիկա, քաղաքաշինություն և այլն/ բնագավառներում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն է, գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների ծավալների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, ավելի մեծ թվով սփյուռքահայե րի ներգրավումը տնտեսության մեջ և նրանց շահ ստանալու համար պայմանների ապահովումը:

Մեր միասնության գերխնդիրը պետք է լինի ապագա սերունդներին թողնել զարգացած և ժողովրդավարական, հզոր և ապահով Հայաստան:

1.2. Անկախ և անվտանգ Արցախ
Մենք հպարտ ենք Արցախում ապրող մեր ժողովրդի խիզախությամբ և տոկունությամբ:

Համաժողովրդական ազատագրական պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը 23 տարի շարունակ կառուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմնված միջազ¬գային իրավունքի նորմերի և ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի վրա:

ԼՂՀ ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը իրականացվել և իրականացվում է նաև սփյուռքահայության նպատակային աջակցության շնորհիվ:

Մենք միասնաբար պայքարելու ենք` Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական-դիվանագիտական հարթության վրա լուծելու համար և սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային իրավունքի՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա:
Ողջ հայությունը հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է Ադրբեջանի ապակառու¬ցողական քաղաքականության, ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսևորումների, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգությունների և ռազմատենչ կեցվածքի դեմ:

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանություններին, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապե¬տության անկախությունը, ինչը վկայում է այդ իշխանությունների և ժողովուրդների արդար դիրքորոշման և բարի կամքի, ինչպես նաև տեղերում հայկական կառույցների նպա¬տակային աշխատանքի մասին, որը պետք է ընդլայնվի և շարունակական դառնա:

Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետու¬թյունը մեր պատմական Հայրենիքի մասն է, և նրա ճակատագիրը բախտորոշ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար, ուստի մեր պայքարը կշարունակվի մինչև ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի և վերջնական կարգավորումը:

1.3. Կազմակերպված Սփյուռք
Մենք՝ համայն հայության ներկայացուցիչներս, հաստատում ենք, որ հայ ժողովրդի և Հայաստանի պատմական զարգացման ներկա հանգրվանին Սփյուռքը կարևորագույն գործոն է թե’ հայ դատի պայքարին ավելի մեծ թափ հաղորդելու, թե’ Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմ ան համար:
Սփյուռքի կառույցներն ու կազմակերպություններն ազգային և համաշխարհային մարտա¬հրավերների հաշվառմամբ պետք է վերատեսության ենթարկեն իրենց ծրագրերը, առավել մեծ թվով հայեր, նորեկներ ներգրավեն կառույցների աշխատանքներում:

Հայկական կառույցները Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ-ի պետական և ոչ պետական հաստատությունների հետ միասին ծրագրավորված պետք է`

առաջադրեն նոր մոտեցումներ` վերանայելու Հայաստան- Սփյուռք ռազմավարությունը,
իրենց ջանքերը նպատակաուղղեն Սփյուռքի ուծացմանը դիմակայելու, լեզվամշակութային կորստի կանխմանը և Սփյուռքի նոր սերնդի մեջ հայկական ինքնության պահպանմանը,
հատուկ հոգածության արժանացնեն այն համայնքներին, որոնք դեռևս ամբողջովին կազմակերպված չեն,
օժանդակեն հայկական համայքների, համայնքային կառույցների շուրջ հայության համախմբմանը:

Սփյուռքը, սփյուռքյան կազմակերպությունները մի յուրօրինակ կամուրջ են Հայաստանի և միջազգային հանրության միջև, ուստի և առավելագույնս պետք է նպաստեն ժողովուրդների և քաղաքակրթությունների երկխոսու¬թյանը, խորացնեն և զարգացնեն Հայաստան-Սփյուռք, Սփյուռքի տարբեր հատվածների միջև գործակցությունը, ինչպես նաև ամրապնդեն տարբեր ժողովուրդներին պատկանող սփյուռքների հետ բարեկամական կապերը:

1.4. Հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան
Մենք հանձնառու ենք՝ մայրենի լեզուն իր արևելահայ և արևմտահայ ճյուղերով` որպես մեր լինելիության և գոյության գլխավոր հենասյուներից մեկը, անաղարտ պահելու, իրապաշտ և տրամաբանական մոտեցումով մերձեցնելու, զարգացնելու և փոխանցելու սերունդներին:

Սփյուռքում հայապահպանությունը Հայաստանի Հանրապետության կենսական հիմնախնդիրներից է, որին տարբեր ձևաչափերով օժանդակում է պետությունը՝ գործակցելով համահայկական կառույցների, հայկական կազմակերպությունների հետ, անընդհատ կատարելագործելով և զարգացնելով գործակցության կառուցակարգերը:
Մեր ամենօրյա հոգածության առարկան պետք է դառնան հայկական դպրոցներն ու մշակութային օջախները, մեր պատմական ժառանգության պահպանումը, հայ մտքի ստեղծագործ զարգացումը:
Մեր ջանքերը պետք է նպատակաուղղենք հայ ընտանիքի ամրապնդմանը, ավան-դույթների և սովորույթների, հայկական անունների և ազգանունների պահպանմանը, հայ ընտանիքում, հայկական միջավայրում հայերենի գործածության ապահովմանը:
Մեր գլխավոր մտահոգություններից մեկն էլ այն պետք է դառնա, որ հայ երիտասարդը, Հայրենիքի վերացական գաղափարից բացի, կարողանա իրականում ճանաչել իր Մայր Հայրենիքը:

Մենք հստակ գիտակցում ենք, որ Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության անհրաժեշտ պայմաններն են, և դրանց պահպանումը Հայոց պետության և սփյուռքյան կառույցների գերխնդիրն է:

1.5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում համակողմանի աշխատանքներ են կատարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ ձևավորելով հսկայածավալ շարժում «Հիշում եմ և պահանջում…» կարգախոսով:
ՀՀ Նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի և 50-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն մշակված և իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված գործընթացներին:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր պետություններին, հասարակական-քաղաքական գործիչներին, բարեգործներին, միսիոներներին, ովքեր ցեղասպանու¬թյունից հետո ապահով տանիք և խաղաղ պայմաններ ստեղծեցին հայության համար, ովքեր քաղաքական խիզախություն ունեցան` ասելու ճշմարտությունը հայ ժողովրդի ցեղասպանության մասին:
Առանձնակի շնորհակալ ենք նաև այն երկրներին ու միջազգային կազմակերպու¬թյուններին, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն և պահանջում են Թուրքիայից ազատվելու այդ ծանր բեռից, առերեսվելու իր պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքի նորմերը և 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիան` պայքարելու է յուրաքանչյուր հայի անհատական, համայնքային և համազգային իրավունքների վերականգնման համար:

Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, որի ճանաչումն ու դատապարտումը չունի վաղեմության ժամկետ, և մեր պայքարն ուղղված է ոչ միայն պատմական արդարության վերականգնմանը, մի ամբողջ հայրենազրկված ժողովրդի իրավունքների ճանաչմանը, այլև այն բանին, որ`
ալևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի, և ոչ մի ժողովուրդ ցեղասպանության չենթարկվի,
Թուրքիան ճանաչի և զբաղվի հետևանքների վերացման հարցերով՝ կրելով ոճիրի ողջ պատասխանատվությունը,
ցանկացած հայ` ծպտյալ կամ բռնի կրոնափոխված, կարողանա իրեն հայ հայտարարել` վերջ դնելով հոգեկան տառապանքներին:
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը այսուհետ ևս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում, և համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով՝ հիշելով և պահանջելով:

1.6. Համախմբում Հայ եկեղեցու շուրջ
Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է և մնում է հայոց ոգու և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը, հավատքը և համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը, ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկների նախաձեռնողն ու իրագործողը:

Հայ եկեղեցին իր հոգևոր և ազգային առաքելությամբ դարերի ողջ ընթացքին անգնահատելի ներդրում է բերել նաև ազգապահպանության նվիրական գործին և անփոխարինելի դերակատարություն ունի մեր պետության և աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած մեր ազգի պատմության մեջ: Աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը Հայ եկեղեցու շնորհիվ երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք կազմում են հայոց ինքնությունը:
Մենք կարևորում ենք հայ եկեղեցու ամրապնդումն ու հետագա զորացումը` հանուն հայ ոգու և ազգային ինքնության հարատևման, հայ եկեղեցու շուրջ ազգի համախմբվածությունը:

1.7. Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգությունը
Աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները վտանգում են նաև հայ ժողովրդի զավակներին և նոր մարտահրավեր դառնում Հայաստանի Հանրապետու¬թյան համար: Այսօր սիրիահայությունը ծանր օրեր է ապրում և պատերազմի հետևանքով արյունաքամ է լինում մեր մայր գաղութը, որի անդամների կեսից ավելին փախստական է դարձել, իսկ մյուս կեսը պատերազմական իրավիճակում ամեն օր կորուստներ է կրում:
Հայաստանում այսօր հաստատվել է ավելի քան հազարավոր սիրիահայ, և մենք գոհունա¬կությամբ արձանագրում ենք, որ պետությունը ջանացել է ստեղծել պայմաններ նրանց մատչելի կրթության, առողջապահության, զբաղվածության ապահովման, վերապատրաստման ուղղությամբ:
Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներն իրենց նյութական և բարոյական օգնությամբ կանգնեցին սիրիահայերի, այդ թվում՝ քեսաբահայության կողքին:
Մենք վերահաստատում ենք, որ Հայոց պետությունն ու Սփյուռքը միասնաբար օգնության ձեռք պետք է մեկնեն արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուր հայորդու` օգնության ձևաչափն ու կառուցակարգերը քննարկելով պետության և Հայ եկեղեցու հետ:

2. Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները՝ որպես համահայկական տեղեկատվական հսկայածավալ ցանց, ելնելով համազգային առաջնահերթություններից, այսուհետ ևս առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի ձեռքբերումների, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկա տվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:

3. Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիմք է ծառայում, որպեսզի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության և այլ պետական գերատեսչությունների, համահայկական կառույցներն ու հայկական կազմակերպու¬թյունները, հանձնառու լինեն` համապատասխան ձեռնարկներով և ծրագրերով իրականացնելու հայտարարության գաղափարները և նախանշած խնդիրները:
Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն հզոր և ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, հանուն անկախ ու հաղթանակած ԱՐՑԱԽԻ և կազմակերպված ՍՓՅՈՒՌՔԻ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս