Արտակ Զաքարյան. Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի նիստում.

Հարգելի գործընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի նախարարությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդա¬ռաջ Հայաստան-Սփյուռք 5-րդ խորհրդաժողովը նման բարձր կերպով կազմակերպելու համար:

Այսպիսի ներկայացուցչական համաժողովները լավ հարթակ են համահայկական մի շարք հիմնախնդիրների քննարկման, ինչպես նաև անմեղ զոհերի հիշատակման 100-րդ տարելիցին ընդառաջ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, այդ համատեքստում թուրք-ադրբեջանական տանդեմի ստեղծած մարտահրավերներին դիմակայելու, պատմական ճշմարտության հաստատմանն ուղղված ջանքերն ավելի արդյունավետ դարձնելու համար :

Թե´ տեղական և թե´ միջազգային ասպարեզում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացումը պետք է ազդակ հանդիսանա հայոց պահանջատիրության նոր փուլի և միջազգային հանրության կողմից ցեղասպանությունների հետևանքների քննարկման համար:

2015 թվականին աշխարհասփյուռ հայ ժողովուրդն ազդարարում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նոր փուլի մեկնարկը:

Խոսելով միջագային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի մասին` հարկ է նշել, որ այն սկիզբ է առել դեռևս 1915 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի համատեղ հռչակագրով և հենց նրանում է, որ պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» հասկացությունը: Հենց այս հռչակագիրն էլ պետք է համարել ոճիրի միջազգայնացման և քննադատման սկիզբ, Հայոց ցեղասպանության մասին առաջին վկայություն և ահազանգ, որը հնչեց աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

20-րդ դարի կեսերից մինչ օրս բազմաբնույթ փաստաթղթեր են ընդունվել տարբեր պետությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Ընդունված ցանկացած բանաձև, փաստաթուղթ ու խորհրդա¬րանական որոշում յուրահատուկ պատասխան է եղել թուրքական ժխտողականության դեմ` ընդծգելով պատմական արդարության վերականգման անխու¬սափե¬լիությունը:

Մինչ օրս 20-ից ավելի պետություններ, տարբեր միջազգային կազմակերպություններ, պետությունների վարչական միավորներ և քաղաքային խորհուրդներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել են ՄԱԿ-ի մի շարք հանձնաժողովներ, Եվրոպայի Խորհուրդը (խորհրդարանակն վեհաժողով, հռչակագիր/24 ապրիլի, 2001թ.), Եվրախորհրդարանը (Եվրոպառլամենտի որոշումը/18 հունիսի, 1987թ.), Եկեղեցիների համաշխարհային միությունը: Հարկ է անդրադառնալ նաև ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքներին, ինչպիսիք ընդունվել են մի շարք եվրոպական երկրների խորհրդարաններում: Հուսով ենք, որ ճանաչումների և դատապարտումների այս միտումը շղթայական կլինի:

Սակայն որքան էլ ցավալի է, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրերին մենք դեռ պայքարում ենք թուրքական ժխտողականության դեմ: Շուրջ 100 տարի է, ինչ մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողություն ոտնահարված և ուրացված է: Միջազգային հարթակներում թուրքական կառավարությունը ջանքեր չի խնայում խեղաթյուրելու պատմական փաստերը: Այս համատեքստում մենք` քաղաքական գործիչներս, դիվանագետներս, սփյուռքյան կառույցների ակնառու ներկայացուցիչներս, պատմաբաններս, լրագրողներս ու ցանկացած հայ մարդ, պարտավոր ենք հնարավոր ամեն ինչ անել ցույց տալու աշխարհին, որ պատմական ճշմարտությունն անուրանալի է, որ Մեծ եղեռնի իրողության ճանաչումն ու դատապարտումը չի նշանակում «0 հարաբերություններ» Թուրքիայի հետ: Ընդհակառակը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և պատմական ճշմարտության պաշտոնական ընդունումը աջակցություն է հենց իրեն Թուրքիային` ժողովրդավար դառնալու իր ցանկությունն ավելի արդյուավետ իրացնելու գործում:

Միջազգային հանրությունը չպետք է մոռանա, որ ցեղասպանության հերքումն ու մերժումը լայնորեն ճանաչված է որպես ցեղասպանության եզրափակիչ փուլ` ցեղասպանության հանցագործների անպատժելիությամբ ու հղի նոր ոճիրների ու ցեղասպանությունների առաջացմամբ: Պատժելիությունն է, որ հետագայում հանդիսանում է զսպող ուժ նոր ցեղասպանությունների համար:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իրավական հիմնախնդիրներին, պետք է նշել, որ դրանք մեծապես կապված են ցեղասպանության հետևանքների վերացման հետ: Այս առումով, անշուշտ, առաջնային խնդիր է փոխհատուցումը: Պետք է հստակ գիտակցել, թե ամբողջական և վերջնական ճանաչումը բացի հուզական, բարոյա-հոգեբանական փոխհատուցումից, ինչպիսի իրավական այլ հետևանքներ է իր հետ բերելու:

Իրավական հարթությունում կարևոր խնդիր է նաև այն, որ ցեղասպանության ժխտողներից ոմանք փորձում են հարցականի տակ դնել ցեղասպանության եղելությունը` առաջ քաշելով «ցեղասպանություն» եզրույթին իրավական համապատասխանության հիմահարցեր:

Վերջիններս պնդում են, որ Հայոց ցեղասպանությունը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, քանզի 1915 թվականին դեռևս առկա չէր «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաև դրա պատասխանատվության համար համապատասխան մեխանիզմները` հանձինս ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայի: Այսինքն, ավելի պարզ ասված, հակափաստարկ է առաջ քաշվում հիմնվել «օրենքը հետադարձ ուժ չունի» իրավական նորմի վրա:

Սակայն, պետք է հստակ հակադարձել, որ վերոնշյալ նորմը այս պարագայում գործածական և հնարավոր չէ, քանզի դրանով հանդերձ կասկածի տակ է դրվում նաև 1945-1946 թվականներին նյուրնբերգյան դատավարությանը իրավաչափությունը, որի դատավճռում նացիստական դաժանությանը տրվեց ոչ թե ցեղասպանություն, այլ մարդկության դեմ հանցագործություն որակումը, ինչը 1915 թ-ին տրվել էր Հայոց ցեղասպանության հետ կապված:

Ի հավելումն այս ամենի, պետք է նաև չմոռանալ, որ ցեղասպանության ժխտումը նախ և առաջ մարդու իրավունքների ոտնահարում է: Արդի ժամանակա¬շրջանում, երբ ողջ համաշխարհ¬ային քաղա¬քա¬կա¬նության առանցքը մարդու իրավունքների պաշտպանությունն է ու մարդու իրավունքը բարձրագույն արժեք է, Հայոց ցեղա¬սպանության ժխտումը ցանկացած պետության կողմից կարելի է դիտարկել որպես հետքայլ մարդու իրավունքներն պաշտպանության գործում:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Ու եթե ժամանակին համապատասխան միջոցներ ձեռնարկվեին մարդու իրավունքերի պաշտպանությամբ զբաղվող կազակերպությունների ու միջագային հանրության կողմից, ապա դժվար թե աշխարհն ունենար ցեղասպանություններ Ռուանդայում, Կամբոջայում, Հարավսալվիայում, Սումգայիթում և այլուր:

Տիկնայք և պարոնայք,
Ցանկանում եմ նաև անդրադառնալ 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում հետագա անելիքներին: Ինչպես գիտենք, Հայոց Ցեղասպանության 100րդ տարելիցի կապակ¬ցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և նախագահությամբ ստեղծված է համապատասխան պետական հանձնաժողով, որն արդեն իսկ ձեռնամուխ է եղել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի անմեղ զոհերի հիշատակման արարողությունների և միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը ամենաբարձր մակարդակով: Հաստատված է հանձնաժողովի աշխատանքների հստակ ժամանակացույցն ու գործողությունների ծրագիրը: Կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքներ են իրականցվում ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում և Լեռնային Ղարաբաղում:

100-րդ տարելիցի շրջանակում ձեռնարկված միջոցառումների համատեքստում նախատեսված ձեռնարկումների շարքում նաև կարևոր դեր է հատկացված խորհրդարանական դիվանագիտությանը: Ամենաբարձր մակարդակով ամենա¬տարբեր հարթակներում աշխատանքներ են տարվել և տարվում տարբեր պետությունների ազգային խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության եղելության վրա լույս սփռելու ուղղությամբ: Ոգեկոչման միջոցառումների համատեքստում նախատեսվում են տարբեր երկրների բարեկամանական խմբերի, միջազգային միջխորհդարանական կազմակերպությունների անդամների այցելություններ Հայաստան` «ընդդեմ ցեղասպանական հանցագործության» հիմնախնդրի քննարկման բնականաբար նաև Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար:

Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` մարդասիրական նկատառումներից ելնելով: Այս համատեքստում պետք է նշել, որ միջագային հանրության մոտ երբեք չկա տարակարծություն` կապված Հայոց ցեղասպանության եղելության հետ: Հակառակ պարագայում հարց կառաջանար, թե որտեղից է նման մեծ սփյուռքը: Մեր խնդիրն է անել ամեն ինչ, որպեսզի հայկական հարցի լուծումը չզոհաբերվի տերություննրի աշխարհաքաղաքական շահերին: Պետք է հստակ կերպով տեղ հասցնել, որ Թուրքիան, ով ձգտում է դառնալ եվրոպական ընտանիքի անդամ, չի կարող ինտեգրվել եվրոպական ընտանիքին ներքին բարդույթներով, որոնք մեծապես կապված են իր իսկ պատմությունը, իր իրավանախորդի կողմից իրականացված ոճրագործության ժխտման հետ:
Այսօր գլոբալիզացիայի դարաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում հայկական հարցի լուծումը շատ ավելի մեծ և ճակատագրական նշանակություն կարող է ունենալ քաղաքական տարբեր շրջանակներում ակտիվ և նախաձեռնողական աշխատանքի դեպքում:

Հարգելի գործընկերներ,

Այս տարի ողջ հայության համար կարևոր և նշանակալից պետք է լինի ոչ միայն ճանաչման շրջանակները ընդլայնելու, այլ նաև ինքներս մեզ համար, մեր սերունդների համար Հայոց ցեղասպանության ոգեկոչման, անմեղ զոհերի արյան հիշատակի հավերժացման, աշխարհի տարբեր հարթակներում մեր բարեկամների հետ այս հարցով շարունակական քննարկումների ծավալման և համայն աշխարհի քաղաքակիրթ մարդկանց վերաբերմունքն ակնկալելու տեսանկյունից: Մենք չենք ընկրկում և երբեք չենք վարանում մեր ճշմարտացիության մեջ և արդարացի պայքարում: Սակայն լավ ենք գիտակցում նաև քաղաքկիրթ աշխարհում շահերի ու արժեքների բախման սցենարները:

Ինչպիսին էլ լինի Թուրքիայի և մնացյալ աշխարհի հարաբերությունները, միևնույն է, մենք` որպես պետություն, որպես ազգ և որպես մեկ միասնական աշխարհասփյուռ ընտանիք համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր և դատապարտի´ր, որ չկրկնվի» բանաձևը:
Շնորհակալություն,

Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք:

 

Տեսանյութեր

Լրահոս