Իշխան Զաքարյան. 74 դպրոցների վրա արդեն 3 մլրդ դրամ ծախսվել է, բայց դրանցից որևէ մեկի շինարարությունը մինչ օրս ավարտված չէ

Այսօր կառավարության նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացնում էր 2014թ. բյուջեի ծախսային մասում փոփոխություն իրականացնելու իր առաջարկը՝ պետական միջոցներով վերանորոգվող կամ կառուցվող 13 դպրոցներում իրականացվող աշխատանքների ֆինանսավորումը տեղափոխել 2016-2017 թթ.: Սակայն նրա խոսքն ընդհատեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը և հայտարարեց, որ 74 դպրոցների վրա արդեն 3 մլրդ դրամ ծախսվել է, բայց դրանցից որևէ մեկի շինարարությունը մինչ օրս ավարտված չէ, և արդեն շուրջ 10 տարի շարունակվող աշխատանքներից շատերը կրկին պետք է քանդել կամ վերանորոգել:

Նա որպես օրինակ մատնանշեց Գավառի դպրոցը, որի համար արդեն հատկացվել է 270 մլն դրամ և դեռ 334 մլն էլ պետք է հատկացվի, որ ավարտեն աշխատանքները, իսկ ծրագիրը սկսվել է 2006թ. և նույն վիճակը բնորոշ է բոլոր դպրոցներին, գրեթե նույն ձեռագիրն է:

«Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրությունների ժամանակ նկատեց, որ կառավարությունը ժամանակին այս ծրագիրը անելու համար պատշաճ ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին»,- ասաց Ի.Զաքարյանը:

Դիմելով Ն.Սարգսյանին՝ ՎՊ նախագահը հարցրեց՝ եթե առաջարկում եք մի քանի դպրոցները տեղափոխել 2016-17 թթ., ապա մյուսներն ի՞նչ են լինելու, արդյոք կա՞ հստակ ծրագիր, որ իմանան, թե այդ 74 դպրոցների աշխատանքները երբ են ավարտվելու, քանի որ արդյունավետության խնդիր կա և դպրոցաշինության ծրագիրը նման մեթոդներով շարունակելու դեպքում պետական միջոցների ծախսման արդյունավետությունը դրվելու է հարցականի տակ.

Կարդացեք նաև

«Արդեն 10 տարվա կտրվածքով 20-30 մլն գումարները այսօր ի՞նչ վիճակում են: 3 մլրդի չափ գումար ծախսվել է դպրոցների վրա, 2016-17 թթ. առաջարկվելու է դրանցից շատերը քանդվեն, կամ ուժեղացման համար լրացուցիչ գումարների կարիք է լինելու, և պարզվեց, որ ներկայումս ծախսված 500-600 մլն-ը անհրաժեշտ է կրկնապատկել»:

Ն.Սարգսյանը համաձայնեց Ի.Զաքարյանի դիտարկումների հետ՝ ասելով. «Այդ մտահոգությունները, որ հնչեցին, դա իրականություն է: Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ շուրջ 13 օբյեկտ առաջարկվում է բյուջեից հանել: Նախագծով աշխատանքները շարունակելու դեպքում դրանց մի մասը պետք է քանդվի»:

ՀՀ ֆինանսների նախարար-պետական գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ԵՄ-ի հետ ՀՀ-ն համաձայնագիր ունի ֆինանսական աջակցության տրամադրման շուրջ, որի նախապայմաններից մեկը կապված է մասնագիտական կրթության և ուսուցման հետ, և կրթարանների 7-ից 5-ը ցանկի մեջ է, որոնք հանելու դեպքում ՀՀ-ն չի ստանա այդ տրանշի 40-50%-ը:

«Պավլիկ Սաֆարյանը հայտարարել է, որ 2 հատ դրեք, դրել ենք 2 հատ,- հայտարարեց վարչապետը,- Դե հիմա, Ատո´մ, ինձ Պավլիկը ասել է, որ 7-ից դնում ենք 2-ը և պահանջը լրիվ բավարարում ենք: Հիմա չգիտեմ՝ ում հավատանք»:

Ա. Ջանջուղազյանը ճշտեց, որ 7 շենքից 5-ն է հարկավոր ներառել ծրագրում:

«Բա Պավլիկն ասեց 7-ից 2-ն ա պետք, բյուջեի քննարկման ժամանակ ասեց,- կրկնեց Հ.Աբրահամյանը ու շարունակեց,- իրոք, խնդիրը շատ մեծ է, և ես նույնպես մտահոգվեցի: Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է դպրոցում շինարարություն սկսել՝ առանց սեյսմիկ անվտանգության խնդիրը ուսումնասիրելու»:

Վարչապետը Ն.Սարգսյանից հետաքրքրվեց, թե 2007-2008-ին արված նախագծերը հետագայում փոփոխության չեն ենթարկվե՞լ: Նախարարը պատասխանեց, որ վերջին նախագծերն արվել են 2013-ից հետո և հիմք են ընդունվել ՎՊ առաջարկները: Ըստ նրա՝ դրանով ստացվում է, որ 2013թ. գումարը 1.4 մլրդ է կազմում. «Դրանք թողնել բյուջեում, նշանակում է խիստ անարդյունավետ օգտագոծել պետական միջոցները»:

Հ.Աբրահամյանը կարգադրեց խորհրդակցություն հրավիրել՝ ՎՊ-ի մասնակցությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս