Հայաստանի չորս, բայց համաչափ զարգացողները

Արդեն տևական ժամանակ է` Հայաստանում տնտեսական լրատվություն չկա: Սովորաբար այս ամիսներին ակտիվ տեղեկատվություն էր հայտնվում գյուղմթերքների մթերման խնդիրների մասին: Բերքահավաքի ակտիվ փուլ է սկսվել: Հիմա կատարյալ լռություն է: Սա, հնարավոր է, դրական փոփոխություն է: Գերարտադրության ու իրացման խնդիրների մասին բողոքներ չկան: Ոլորտը հավանաբար կարգավորվել է:

Նոր կառավարությունն, իհարկե, չի կարող այն իրեն վերագրել: Բայց սա էական չէ: Շատ ավելի կարևոր է այն, որ գյուղացիները նախկինի նման մայրուղիներ չեն փակում` փորձելով իրենց խնդիրներն արժանացնել իշխանությունների ուշադրությանը: Կառավարությունն էլ արտակարգ իրավիճակների կառավարման շտաբի նման` աջ ու ձախ խոստումներ չի տալիս: Այցելեք կառավարության պաշտոնական կայք ու կհամոզվեք, որ մեր երկրում արտառոց ոչինչ չի կատարվում: Մարդիկ հանգիստ ու պլանաչափ աշխատում են:

Այս շաբաթվա տնտեսական միակ արժեքավոր տեղեկատվությունն այն էր, որ «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում քննարկվել է քաղաքի զարգացման ծրագիրը»: Սույն գործընթացն ընթացել է «Տարածքների համաչափ զարգացման» կարգախոսի տակ: Ծրագիրը սկսվել է 2011թ.-ից: Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ Հայաստանի տարածքներից (կամ համայնքներից) համաչափ կզարգանան չորսը՝ Գյումրին, Ջերմուկը, Վանաձորը, Դիլիջանը: Քաղաքներն այս հերթականությամբ էլ նշված են կառավարության պաշտոնական տեղեկատվության մեջ:

Զարգացման ծրագրի ընդհանուր արժեքը 400 մլն դոլար է: Գյումրիի զարգացման ծրագիրն արդեն կազմվել է: Հիմա արդեն Դիլիջանինի հերթն է, և այս քաղաքի զարգացման խնդիրներն են որոշվում: Որոշվում են` ըստ առաջնահերթության: Առայժմ քննարկվում է քաղաքային տրանսպորտի, ջրամատակարարման և ջրահեռացման, ենթակառուցվածքային ինչ-ինչ ոլորտների առաջնահերթությունը: Նույնիսկ կոշտ թափոնների կառավարման հարցն է քննարկվում: Զարգացման տեսանկյունից, իհարկե:

Ծրագրի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ նույնիսկ վաղուց մոռացված երևույթների մասին հիշատակություն կա: ՀՀ 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացին` առանց, պոետի ասած` «լուսավոր թախիծի», կկարդա «կենտրոնական ջեռուցում, ըստ թաղամասերի» արտահայտությունը: 30 տարեկանից ցածր տարիք ունեցողների համար այն անհասկանալի է: Բայց ավելի ավագները հո հիշում են կենտրոնական ջեռուցման մասին: Հիշում են ու չեն հասկանում` այդ ինչ համաչափ զարգացման մասին է խոսքը: Կենտրոնական ջեռուցման վերականգնման փորձեր նույնիսկ մայրաքաղաքում չեն կատարվում:

Ավելին՝ Երևանի 16-րդ թաղամասի հինգ շենքի բնակիչներ հրաժարվում են իրենց շենքերի գազիֆիկացումից, իսկ ոմանք երազում են շատ ավելի ցածր եկամուտ ու վաստակ ունեցող քաղաքներում լուրջ-լուրջ ծրագրեր իրականացնել: Մեր նոր կառավարությունը հրաժարվել է նախկինի հռետորաբանությունից: Աշխարհացունց «տեխնոպարկերի», տիեզերահռչակ բանկային կենտրոնների, հայկական գալակտիկաների մասին քաղաքական ելույթներ վաղուց չեն հնչում: Բայց այս ծրագիրը կա: Առկա է նաև ֆինանսներ տրամադրողը: 400 մլն դոլարն էլ փողոցում թափված չէ:

Կարելի է կամաց-կամաց ներքաշել ու ծախսել «Ենթակառուցվածքների ու մեր տնտեսության ներդաշնակ զարգացման» լոզունգների տակ: Համառ ու անշտապ՝ «Քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրերի տևողությունը կլինի 10 տարի»,- նշել է վարչապետը: Այնպես որ, շուտով Դիլիջանի զարգացման ծրագիրը կլրամշակվի ու, ինչպես ազդարարում է պաշտոնական տեղեկատվությունը, «կներկայացվի հանրությանը»: Ճիշտ ու ճիշտ Գյումրիի զարգացման ծրագրի նման: Դրա հրապարակումից հետո նույնիսկ հանրահայտ Տեխնոպարկի բացումը կայացավ: Կայացավ ու, կարծեմ, 60 աշխատատեղ ապահովեց Գյումրիի համար:

Ջերմուկի ու Դիլիջանի պարագային ծրագրերում, հարկավ, առանձնահատուկ կնշվի զբոսաշրջության զարգացումը խթանելու մասին: Ջերմուկում առանձին կարելի է առանձնացնել մարզական համալիրների հիմնման անհրաժեշտությունը: Դիլիջանի պարագային կարելի է խոսքեր չխնայել միջազգային դպրոցի ու բանկային կենտրոնի փայլուն հեռանկարների մասին: Մի փոքր բարդ կլինի Վանաձորի ծրագիր կազմելը: Քիմիական արդյունաբերության պայծառափայլ ծրագրերը նույնիսկ իշխող կուսակցության անդամները լուրջ չեն համարում: Զբոսաշրջության թեման էլ չարաշահելը սպասված հասարակական ըմբռնումը չի ապահովի:

Մեր պաշտոնական վիճակագրությունը Հայաստան եկող ամեն մարդու զբոսաշրջիկ է հայտարարում, բայց միևնույն է, նրանց թիվը կես միլիոնից չի անցնում: Կես մլն` հարևան Վրաստան այցելող 2մլն զբոսաշրջիկի դիմաց: Բայց մեզ ոչինչ չի կարող խանգարել համայնքների համաչափ զարգացման անզուգական ծրագրել գրելու և իրականացնելու գործում: Հատկապես, որ դրա համար 400 մլն դոլար տվող կա:

Տեսանյութեր

Լրահոս