Բաժիններ՝

Արևմուտքը կոչ է անում ՀՀ-ին՝ մտածել ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ

Օրերս Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակեց իր զեկույցը Ռուսաստանի մասին` բավականին տխուր հեռանկար կանխատեսելով մեր ռազմավարական դաշնակցի համար` կապիտալի արտահոսք,
գնաճ, տնտեսական աճի
դանդաղում և այլն։

Ու մինչ հայաստանյան ԶԼՄ-ները փորձում էին տարբեր մասնագետներից մեկնաբանություններ ստանալ, թե Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ու տնտեսական վիճակի վատթարացումն ինչպես կազդեն Հայաստանի վրա, Moody’s-ը վերանայեց նաև Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները։ Հաշվի առնելով արդեն Ռուսաստանի զեկույցը` Moody’s-ը նվազեցրել է նաև Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։
Նախ հիշեցնենք, թե ինչ էին ասում այս գործակալության մասնագետները Ռուսաստանի համար։ Նրանք գտնում են, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող նոր տնտեսական պատժամիջոցները բացասաբար կազդեն ՌԴ վարկունակության վրա։

Ըստ Moody’s-ի, այս տարի Ռուսաստանում կարձանագրվի ընդամենը 1% տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի այդ երկրի տնտեսությունը կհայտնվի ստագնացիայի մեջ (զրոյական աճ)։ Սա դեռ ամենը չէ։ Նոր պատժամիջոցների հետևանքով կապիտալի արտահոսքը Ռուսաստանից կավելանա։ Սպասվում է նաև ռուբլու հետագա թուլացում։ Ռուբլու թուլացման և ներմուծման սահմանափակումների պատճառով կարագանա նաև գնաճի տեմպը։ Ըստ Moody’s-ի, 2014թ. գնաճը կկազմի ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսած 4-5%-ից ավելի բարձր։ Գործակալությունում համոզված են, որ եթե պատժամիջոցները չվերացվեն, ապա Ռուսաստանի տնտեսական խնդիրներն ավելի կխորանան և բացասաբար կազդեն վարկունակության վրա նաև երկարաժամկետ հեռանկարում։

Իսկ ինչպե՞ս կազդի այս ամենը Հայաստանի վրա։ Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրները չեն կարող բացասական ազդություն չունենալ ՀՀ տնտեսության վրա` հաշվի առնելով մեր տնտեսական կախվածության աստիճանը Ռուսաստանից։

Moody’s-ի մասնագետները նշում են, որ Ռուսաստանից եկող տնտեսական ռիսկերն ինչպես՝ ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի բնույթ են կրում։ Նրանք հիշեցնում են, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր ներմուծման և արտահանման մոտավորապես մեկ քառորդը, ինչպես նաև 2008-2012թթ. իրականացված օտարերկրյա ընդհանուր ներդրումների գրեթե 45%-ը։ Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումները կազմում են ընդհանուրի 90%-ը։

Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ՀՆԱ-ի 15%-ը ձևավորվում է հենց տրանսֆերտների հաշվին` Moody’s-ը նշում է, որ այդ փոխանցումների աճի տեմպի կտրուկ դանդաղումն ու ներդրումների նվազումը բացասաբար են ազդելու ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի վրա:

Այսպես, 2014 թվականի Հայաստանի տնտեսական աճի նոր կանխատեսումը 2.1% է (նախկին 3.2%-ի փոխարեն), իսկ 2015 թվականի համար կանխատեսումը 3.6 տոկոսից իջեցվել է 2.3 տոկոսի։ Հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ պետբյուջեի հիմքում դրված է 4.2% տնտեսական աճի ցուցանիշ։ Այսինքն, ըստ Moody’s-ի, Հայաստանի տնտեսությունը կաճի նախատեսվածից 2 անգամ ավելի ցածր տեմպով։

Ընդ որում, այդ ռիսկերը կարող են խորանալ` հաշվի առնելով ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետագա խստացումը։

Չնայած սրան, Moody’s-ը Հայաստանի համար մի քանի մխիթարական արձանագրում է կատարել։ Նշվում է, որ Հայաստանի վարկունակությունը պահպանվում է (Ba2` կայուն կանխատեսմամբ)` շնորհիվ մակրոտնտեսական կայունության և պահպանողական հարկաբյուջետային քաղաքականության: Այս գործոնները, ըստ Moody’s-ի մասնագետների, մեղմացնում են արտաքին միջավայրից եկող ռիսկերն ու խոցելիությունը ցնցումների նկատմամբ։ Moody’s-ի վարկանիշը նաև նշանակում է, որ Հայաստանը դեռևս պահպանում է շահավետ պայմաններով ֆինանսավորում ստանալու հնարավորությունը (թեև այդ հնարավորությունը նույնպես դանդաղ կերպով թուլանում է)։

Կարճ ասած, ըստ Moody’s-ի՝ վիճակն աղետալի չի լինի. տնտեսական աճի տեմպը կթուլանա, սակայն դրան, մեծ հաշվով, հնարավոր է դիմակայել նորանոր պարտքեր ներգրավել ով արտաքին աշխարհից։

Իհարկե, Հայաստանում շատերն այս կանխատեսումները կհամարեն անլուրջ և կոչ կանեն դրանք հիմք չընդունել։ Ի վերջո, չի կարելի մոռանալ, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր լրջորեն հավատում են, որ Հայաստանն այս հակամարտությունից կարող է շահած դուրս գալ։ Օրինակ, մինչ այսօր էլ համոզված են, որ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների արդյունքում (խոսքը ԵՄ-ից մի շարք մթերքների ներմուծման արգելքի մասին է) կարող են մեծանալ Հայաստանից Ռուսաստան սննդամթերքի արտահանման ծավալները։ Թե որքանով է այդ լավատեսությունն արդարացված, կերևա ընդամենը մի քանի ամիս անց։

Ամեն դեպքում, Հովիկ Աբրահամյանի կառավարությանը հեշտ ժամանակներ չեն սպասվում։ Եթե Moody’s-ի կանխատեսումն իրականություն դառնա, և տնտեսական աճը կազմի 2.1%, ապա դա կլինի 1994 թվականից ի վեր երկրորդ ամենացածր ցուցանիշը` 2009 թվականի 14.1%-անոց անկումը չհաշված (2010 թվականին տնտեսական աճը կազմեց 2.2%)։

Իսկ դա իր հերթին՝ նշանակում է, որ խնդիրներ ենք ունենալու բյուջեի կատարման հարցում։ Թեպետ Moody’s-n այս հարցում էլ լավատեսական ուղերձներ է հղել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ստորագրված` ընդլայնված ֆինանսավորման համաձայնագիրն ուղղված է մեծացնելու Հայաստանի հնարավորությունները եկամուտների հավաքագրման ոլորտում։

Արդյունքում, սպասվում է, որ 2017 թվականից պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կսկսի նվազել։

Դե, իսկ Հայաստանին վերաբերող Moody’s-ի զեկույցի վերջին մասը, ըստ էության, ոչ թե կանխատեսում է, այլ «մեսիջ» կամ կոչ ՀՀ իշխանություններին` Արևմուտքի կողմից։
Moody’s-ը նշում է, որ Հայաստանը մտադիր է շարունակել Եվրամիության չափանիշներին համապատասխանեցման գործընթացը, ինչը երկրին հնարավորություն կտա կամրջի դեր կատարել Արևմուտքի և Եվրասիայի միջև։ Եվ վերջապես, Moody’s-ը նշում է, որ կարող է վերանայել Հայաստանի վարկանիշը` դարձնելով դրական, եթե կառավարության կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումները նպաստեն տնտեսության հավասարակշռված աճին և զգալիորեն կրճատեն ընթացիկ հաշվի դեֆիցիտը։

Հասկանալի է, որ կանխատեսումն ինքնանպատակ չէ, և ոչ մի երկրի իշխանություն լուրջ փոփոխությունների չի գնա` միջազգային ինչ-որ գործակալության վարկանիշի համար։

Ասվածն ավելի լայն է և խորը։ Այն նշանակում է, որ Արևմուտքը դեռ վերջնականապես «ձեռք չի քաշել» և կոչ է անում Հայաստանին մեկ անգամ ևս մտածել՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելուց առաջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս