Կորյուն Նահապետյան. Նման ընտրողական մոտեցումը կարող է էական վնաս հասցնել բանակցային գործընթացին

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված հռչակագրի` Հարավային Կոսվկասին վերաբերող կետերում ներառվել են ձևակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ: Այսօրվա քննարկմանն այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Նրա խոսքով` հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն, սակայն ուղղակիորեն չի նշվում ազգերի ինքնորոշման և ժողովուրդների հավասար իրավունքների մասին, որն, իր բնորոշմամբ, միջազգային իրավունքի տեսանկյունից առանցքային և անօտարելի իրավունք է:

«Մենք կարծում ենք, որ նման ընտրողական մոտեցումը կարող է էական վնաս հասցնել բանակցային գործընթացին, տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Այս գագաթաժողովն, ըստ նրա, առանձնահատուկ էր մի քանի պատճառներով. այն տեղի ունեցավ այն ժամանակահատվածում, երբ տարբեր տարածաշրջաններում շարունակում են խորանալ հակամարտություններ, և ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգային գլխավոր հարցերը դարձան Ուկրաինայի ճգնաժամը, Աֆղանստանի ապագան, իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հեռանկարները:

Կարդացեք նաև

Ի դեպ, անդրադառնալով Իսլամական պետությանը` Նահապետյանը շեշտեց, որ այն լուրջ սպառնալիք է ստեղծել նաև Իրաքի և Սիրիայի հայկական համայնքներ համար. «Իրաքում և Սիրիայում Իսլամական պետության ակտիվացումն ուղղակիորեն շաղկապված է Հարավային Կովկասի անվտանգության հետ: Դրա նախադրյալներն են, նախ, Իրանի և Թուրքիայի ուղղակի ներգրավումը ճգնաժամին, Իրաքի և Սիրիայի մասնատման հեռանկարները և դրա արդյունքում` մահմեդական արմատականության կտրուկ աճն ու ազդեցության ավելացումը ողջ տարածաշրջանում և, իհարկե, մեզ համար վերոնշյալ բոլոր երկրներում հայկական համայնքի շուրջ իրավիճակի շարունակական լարվածության ավելացումը»:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մասին` ՆԱՏՕ-ի համաժողովին Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարած Նահապետյանը նշեց, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները տարիների ընթացքում ոչ միայն զարգացել են, այլև կատարելագործվել` թևակոխելով ավելի բարձր համագործակցության փուլ. «Հայաստանն ամբողջությամբ իրականացնում է ստանձնած պարտավորությունները և հաստատակամ է զարգացնելու գործընկերության ներկայիս մակարդակը»:

Հիշեցնենք, որ այսօրվա քննարկումը կազմակերպվել էր Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության կողմից և նվիրված էր Ուելսի Նյուպորտ քաղաքում սեպտեմբերի 4-5-ին տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

 

Տեսանյութեր

Լրահոս