Բաժիններ՝

Հասարակական կազմակերպությունը մշակել է անապատացման դեմ պայքարի ռազմավարություն

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 16-ին անցկացվել է «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի նախագծի հանրային քննարկումը: Միջոցառմանը մասնակցել են ոլորտի մասնագետներ և խնդրով հետաքրքրվածներ:

Կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը կարևորել է անապատացման դեմ պայքարը: «Անապատացումը հողերի դեգրադացիան է չորային պայմաններում: Անապատացումը Հայաստանում խիստ արդիական հիմնահարցերից է, որը վերջին շրջանում ավելի է սրվել՝ կլիմայի փոփոխության հետ կապված: Անապատացումն առավել ընդգծված է գյուղական շրջաններում՝ առավել աղքատ բնակավայրերում»,- նշել է նա:

«Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում մեծ քանակությամբ անտառներ հատվեցին, ինչը նպաստեց սողանքային երևույթների ակտիվացմանը և այլ երևույթների: «Հենց այս հիմնախնդիրների լուծմանն էլ նվիրված է մեր ազգային ծրագիրը, որտեղ նշված են այն հիմնական գործոնները և մինչև 2020 թթ. գործողությունների ծրագիրը»,- նշել է  նա:

Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Բնապահպանության նախարարության ազգային փորձագետ Աշոտ Խոյեցյանը վաղուց է ներգրավված անապատացման դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացներում:

«Ռազմավարության կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային համագործակցությունն է և տարածաշրջանային փորձի փոխանակումը, որը շատ կարևոր է: Հայաստանի՝ բնակլիմայական պայմանների և մարդու անհաշվենկատ բնօգտագործման պատճառով լուրջ խնդիրներ են հայտնվել դաշտում: Դրա դեմ պետք է պայքարել ազգային մակարդակով»,- նշել է նա:

Ծրագիրը ներկայացվելու է համապատասխան գերատեսչություններին՝ քննարկման և իրականացման համար: «Այն կենթարկվի հանրային լսումների, քննարկումներ կանցկացվեն կառավարությունում, և պետք է հաստատվի ԱԺ-ում: Կարող են լինել քննադատություններ, առաջարկություններ, փոփոխություններ: Դա կօգնի, որ փաստաթուղթն ավելի նպատակային դառնա»,- հավելել է Խոյեցյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս