Բաժիններ՝

Ում թողտվությամբ է նախկին քաղավիացիայի պետն ունեզրկում մարդկանց. forrights.am

forrights.am-ը գրում է, որ իրենց են դիմել սեփականությունը կորցրած ընտանիքներ, որոնք պնդում են, որ խաբեության եւ վաշխառության զոհ են դարձել: Նրանք մատնանշում են մի քանի անձանց եւ վստահեցնում, որ նրանց խմբակային գործունեության արդյունքում են հայտնվել փողոցում: Այդ անձինք են` ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը, նրա սանիկ Վահե Վարդանյանը, փաստաբան Արտավազդ Այվազյանը, եւ «բրոկեր» Արտակ Մարտիրոսյանը:

Փողոցում հայտնված ՀՀ քաղաքացիները բազմիցս դիմել են ՀՀ նախագահին ու իրավապահ մարմիններին, սակայն խումբը գլխավորող Հովհաննես Երիցյանը շարունակում է անխափան իրականացնել իր գործունեությունը:

Ավելի քան 2 ամիս տեւած լրագրողական հետաքննության ընթացքում մենք զրուցեցինք խնդրում ներգրավված գրեթե բոլոր անձանց հետ, ով չէր խուսափում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, գտանք փաստաթղթեր եւ ձայնագրություններ:

Մենք կներկայացնենք տեղեկատվությունը հնարավորինս հանգամանալից եւ մատչելի` իրավապահներին եւ ընթերցողներին հնարավորություն տալով հասկանալ, թե ով եւ ինչ եղանակով է խաբեությամբ զբաղվել: Խնդրում ներգրավված անձինք շատ են,պատմությունները` տարբեր, ուստի մենք դրանք կներկայացնենք հաջորդաբար:

Ինչպես Զինաիդա Մելիքյանը կորցրեց իր բնակելի խանութը

Այսօր 28-ամյա Զինաիդան եւ նրա ընտանիքի երեք անդամներն ապրում են իրարից անջատ` յուրաքանչյուրը բարեկամներից մեկի տանը: Մինչեւ 2014 թվականը ընտանիքը ապրում էր Աբովյան 38/1 հասցեում գտնվող բնակելի խանութում, որը նրանց է պատկանել դեռեւս 90-ականներից: Այս հասցեում գործել է կտորեղենի խանութ: Զինաիդան բիզնես սկսելու նպատակով դեռեւս 2009 թվականին պարտքով գումար է վերցրել իր ծանոթ Քրիստինե Վարդանյանից` 16 հազար դոլար ամսեկան 10 տոկոսով: Գումարը չկարողանալով վճարել` մեկ այլ անձից կրկին տոկոսով ավելի մեծ գումար է վերցրել: Տոկոսները կուտակվել են, եւ պարտքը մոտեցել է 100 հազար դոլարին: Բնակելի խանութը գրավ դնելու անհրաժեշտություն է առաջացել:

e12

Սակայն գրավի պայմանագիր կնքելու փոխարեն Զինաիդային համոզել են, որ շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքի, այլ կերպ ասած` տունը դարձնի իրեն պարտքով փող տված անձի անունով` որպես գումարի հետ վերադարձման երաշխիք: Նախ տունը ձեւականորեն վաճառում է ոմն Անուշ Գրիգորյանի, ով սակայն ամիսներ անց հետ է պահանջում իր գումարը եւ Զինաիդան սկսում է տոկոսով փող տվող մեկ այլ անձի փնտրել:

«Արտակ Մարտիրոսյանը տոկոսով փող տվող մարդկանց միջնորդն է, նա ինձ ծանոթացրեց Հովհաննես Երիցյանի հետ, ասաց` նորմալ մարդ է, փողը կտա 10 տոկոսով եւ եւս 10 տոկոս պիտի տաս որպես միջնորդավճար: Համաձայնեցի, վերցրեցի 100 հազար դոլար, Երիցյանն ասաց, որ ինքը Հայաստանում չի լինում եւ որ տոկոսները պիտի տամ իր սանիկին` Վահե Վարդանյանին»,- պատմում է Զինաիդա Մելիքյանը:

Դարձյալ գրավի փոխարեն կնքվել է առքուվաճառքի պայմանագիր, այս անգամ Զինաիդայի բնակելի խանութը Անուշ Գրիգորյանից անցնում է Հովհաննես Երիցյանին: Զինաիդայի խոսքով` ինքը երեք ամիս շարունակ ամսեկան 10 հազար դոլար տոկոս է փակել, իսկ երբ չի կարողացել գումար հայթայթել, Վահե Վարդանյանը նրան առաջարկել է գտնել մեկ այլ անձի, ով պարտքով գումար կտա:
«Վահեն ասեց` Երիցյանը վտանգավոր մարդ է, պիտի մայր գումարն ու տոկոսը տաս: Արտակին ու Վահեին ասացի` գտեք ուրիշ մեկին, ով ցածր տոկոսով կտա, եւ նրանք ինձ ծանոթացրեցին Արտավազդ Այվազյանի հետ»:

Երիցյանից վերցված մայր գումարը, դրան գումարված տոկոսը եւ միջնորդավճարը տալու համար, Զինաիդան 127 հազար դոլար պարտք է վերցնում Արտավազդ Այվազյանից: «Արտավազդ Այվազյանը 5 տոկոսով էր ինձ տվել գումարը եւ խանութը կրկին շինծու առքուվաճառքի պայմանագիր կնքելու արդյունքում այս անգամ Հովհաննես Երիցյանից անցավ Արտավազդ Այվազյանին»,- ասում է Զինաիդա Մելիքյանը: 2012 թ-ին Արտավազդ Այվազյանը դիմում է դատարան` ընտանիքին Աբովյան 38/1 հասցեից վտարելու պահանջով:

«Պարզվեց, որ Երիցյանն ու Այվազյանը մտերիմներ են, նրանք ինձ միասին վստահեցնում էին, որ իրենց ապահովության համար են դիմել դատարան, թե խանութը ինձ հետ են վերադարձնելու, երբ ես վճարեմ պարտքն ու տոկոսը, բայց 2014 թվականին մեզ բռնի ուժով վտարեցին մեր խանութից, որտեղ մենք նաեւ բնակվում էինք»:

Զինաիդա Մելիքյանի խոսքով` Հովհաննես Երիցյանն իրենից պահանջել է վճարել 170 հազար դոլար եւ հետ ստանալ խանութը: Զինաիդան չի համաձայնել, քանի որ իր վերցրած մայր գումարը 127 հազար դոլար է եղել:
«Վեճի բռնվեցի Արտավազդ Այվազյանի եւ Հովհաննես Երիցյանի հետ, վերջինս պայուսակից հանեց ատրճանակը ու սպառնաց, ասեց` ես գեներալ եմ, կգյուլեմ քեզ, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարա ասի, հանգիստ նստի տեղդ»,- հիշում է Զինաիդան:

Այս տարվա փետրվարին Զինաիդան հաղորդում է ներկայացրել ոստիկանություն` ներկայացնելով, որ Հովհաննես Երիցյան-Արտավազդ Այվազյան զույգը խաբեությամբ եւ վաշխառությամբ են զբաղված, ինչպես նաեւ այն, որ Երիցյանը զենքի գործադրմամբ սպառնացել է իրեն: Փաստի առթիվ Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի քննությունը դեռեւս ընթացքի մեջ է: Նշենք, որ քրեական գործ հարուցվել է վաշխառության փաստի առթիվ, իսկ զենքով սպառնալու մասը անտեսվել է քննչական մարմնի կողմից:

Երբ Հովհաննես Երիցյանը տեղեկանում է, թե Զինաիդան ինչպիսի բացատրություն է տվել քննչական բաժնում, հեռախոսազրույցի ժամանակ կոպիտ հայհոյում է եւ սպառնում է նրան. «Էդ ինչե՞ր ես գրել այ անասունի մեկը, ես քո մաման հատ-հատ …, ես քո սովորեցնողի մորն էլ եմ …, քեզ էլ…»: Զինաիդան մեզ է տրամադրել նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Հովհաննես Երիցյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքը հայհոյել է Զինաիդային: «Քիչ եմ հայհոյել, հա էլ պիտի հայհոյեմ»: Երիցյանը, սակայն, պնդում է, թե առաջինը Զինաիդան է իրեն հայհոյել, որից հետո միայն ինքը պոռթկացել է: Ի դեպ, մեր ձեռքի տակ եղած ձայնագրությունից պարզ է դառնում, որ հեռախոսազրույցի առաջին վայրկյաններից հենց Երիցյանն է հայհոյում` թույլ չտալով Զինաիդային պատասխանել:

«Հովհաննես Երիցյանը իր միջնորդների միջոցով տոկոսով գումար է տալիս մարդկանց եւ ստիպում է, որ գրավի դիմաց տան առքուվաճառքի շինծու պայմանագիր կնքեն, սակայն հետագայում այդ շինծու պայմանագրով տիրանում է մարդկանց սեփականությանը»,- ասում է սեփականությունը կորցրած անձանց իրավունքները պաշտպանող փաստաբան Մկրտիչ Դավթյանը:

Հովհաննես Երիցյանի վարկածը

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանը պատրաստված էր եկել հարցազրույցի` իր հետ բերելով բոլոր գրքերը՝ ներառյալ Արտաշես Գեղամյանի հեղինակածը, որտեղ գրված է, թե նա որքան անձնուրացորեն է ծառայել հայրենիքին:

73-ամյա Երիցյանը ներկայացավ որպես «приличный человек», ով «ավանտյուրիստ Զինաիդայի» շանտաժի զոհն է դարձել: Երիցյանը Զինաիդայից խանութը գնելու եւ հետագայում այն Արտավազդ Այվազյանին վաճառելու իր վարկածը ներկայացրեց: Ըստ այդ վարկածի` ինքը նախ 100 հազար դոլարով գնել է խանութը, այն վարձակալության է տվել Զինաիդային, ապա ամիսներ անց, Զինաիդայի խնդրանքով հետ է վաճառել այն նույն գնով:

«Զինան զանգել է ինձ Մոսկվա, խնդրել է, որ խանութը հետ տամ իրեն եւ ինքը ուրիշին վաճառի ավելի մեծ գումարով: Ասացի` հարց չկա: Նոտարում ծանոթանում եմ Արտավազդ Այվազյանի հետ, որը առնում է խանութը 170 հազարով»: Հովհաննես Երիցյանը խանութը գնելը եւ ապա այն հետ վաճառելը բացատրեց նրանով, թե ինքը ցանկացել է ընդառաջ գնալ Զինաիդայի խնդրանքին` նրան հնարավորություն տալով գումար վաստակել:

Երիցյանը, սակայն, երկուսուկես ժամ տեւած հարցազրույցում չնշեց, որ խանութը փաստացի գնել է ոչ թե Զինաիդայից, այլ Անուշ Գրիգորյանից, քանի որ սեփականությունն արդեն գրանցված էր վերջինիս անունով: Այս փաստն արձանագրված է առքուվաճառքի պայմանագրով:

Հովհաննես Երիցյանը պնդում է, որ Արտավազդ Այվազյանը 170 հազար դոլար գումարը նոտարում տվել է Զինաիդային եւ վերջինս այդ գումարից 100 հազար դոլար տվել է իրեն: Իսկ Զինաիդան եւ Արտավազդ Այվազյանը հերքում են նրա ասածը:

«Նախ` իրենք 170 չեն տվել, այլ 127 հազար եւ երկրորդ` ես ընդհանրապես էդ փողին չեմ կպել, Երիցյանի հետ մարդիկ կային, իրենք տոպրակով տարան, այդ փողը դրեցին սպիտակ մեքենայի մեջ»,- պնդում է Զինաիդան:

Արտավազդ Այվազյանի վարկածը

Զրուցեցինք նաեւ Արտավազդ Այվազյանի հետ: «Իհարկե, Երիցյանին եմ ես տվել գումարը, որովհետեւ Զինաիդային ես չեմ ճանաչել: Գումարը դրեցի սեղանի վրա` Երիցյանի առջեւ: Մի 5-6 հոգու մեջ բաժանեցին գումարը եւ սկսեցին հաշվել»,- պարզաբանում է Արտավազդ Այվազյանը:

Վերջինս հերքեց Երիցյանի այն պնդումը, թե Զինաիդան է իրեն գտել, որպեսզի վաճառի խանութը: Արտավազդ Այվազյանը հավաստիացրեց, որ հենց Երիցյանն է ցանկացել վաճառել խանութը եւ ինքը խանութի առքուվաճառքի վերաբերյալ պայմանավորվել է Երիցյանի բրոկերի հետ: Երիցյանի եւ Այվազյանի հակասությունը փաստում է մեր ձայնագրությունը:

Արտավազդ Այվազյանը նաեւ նշեց, որ նախքան առքուվաճառքի պայմանագիր կնքելը, ինքը ոչ Զինաիդային է ճանաչել, ոչ էլ նույնիսկ գնացել է խանութը տեսնելու: Ի պատասխան մեր զարմանքի, թե ինչպես կարելի է 170 հազար դոլար վճարել` առանց գնվող տարածքը դիտելու, Այվազյանը նշեց, որ ինքը վաղուց գիտի այդ տարածքը, «հարյուր անգամ առեւտուր է արել այդտեղից»: Առնվազն զարմանալի է, որ իրավաբանի մասնագիտությամբ տղամարդը 100 անգամ առեւտուր է արել կտորեղենի խանութից:

Այվազյանի խոսքով` ինքը ոչ թե տոկոսով գումար է տվել Զինաիդային, այլ նրան վարձակալության է հանձնել տարածքը, իսկ ավելի ուշ դիմել է դատարան` ընտանիքի վտարման պահանջով:

Հովհաննես Երիցյանի զենքերը, այդ թվում` նաև Պուտինից ստացած

Ի դեպ, Զինաիդա Մելիքյանը վերջերս եւս մեկ հաղորդում է ցանկացել ներկայացնել ոստիկանություն` իրեն զենքով սպառնալու մասին, սակայն Կենտրոն քննչական բաժնում չեն վերցրել նրա հաղորդումը: Հովհաննես Երիցյանին հարց ուղղեցինք զենք ունենալու վերաբերյալ:

– Ինչի՞ չունեմ, մի քանի հատ ունեմ` եւ նախագահից, եւ պաշտպանության նախարարից, եւ Ղարաբաղից, եւ Մոսկվայում` Պուտինից:
– Իսկ զենքը Ձեզ մոտ եք պահո՞ւմ:
– Այո, ես Երիցյանն եմ, ես հասարակ մարդ չեմ (ցույց է տալիս զենքը):
– Ինչո՞ւ եք Ձեզ մոտ պահում, հաճելի՞ է զենք կրելը:
– Լավ եմ անում, ման եմ տալիս հետս, դուրս գալիս ա, հաճելի ա:

ՀԳ – Փողոցում հայտնված այլ անձինք,ինչպես նաեւ Երիցյանի նախկին մտերիմներից մեկը եւս պնդում են, որ Հովհաննես Երիցյանն ու նրա սանիկը` Վահե Վարդանյանը, զբաղվել են վաշխառությամբ եւ խաբեությամբ: Լրագրողական հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը կներկայացնենք առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս