Ռուսաստանն ու Թուրքիան քննարկել են ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են վերացնել գյուղմթերքի առևտրի սահմանափակումները: Այս մասին իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներով լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը:

Նրա խոսքերով՝ իրենք քննարկել են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը. «Հասկանալի է, որ Ռուսաստանը Բելառուսի ու Ղազախստանի հետ Մաքսային միության անդամ է, իսկ Թուրքիան՝ Եվրոպական ընկերակցության մաքսային միության անդամ:

Սակայն այդ երկու համաձայնագրերն էլ հնարավոր են համարում երրորդ երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը: Խոսքը կարող է գնալ ինչպես ազատ առևտրի գոտու մասին համապարփակ համաձայնագրի, այնպես էլ դրա առանձին ճյուղերի մասին: Վերջին տարբերակը համարվում է առավել հավանական:

Թուրքիայի համար սեփական գյուղատնտեսությունը դուրս է բերվել ԵՄ-ի հետ պարտադիր համաձայնեցնելու ռեժիմից: Այսինքն նրանք իրավասու են գյուղատնտեսության ոլորտում ինքնուրույն համաձայնագիր ստորագրել յուրաքանչյուր երկրի հետ: Առավել հավանական է սեկտորային համաձայնագիրը, քանի որ դա ավելի քիչ խնդիրներ է ստեղծում»:

Տեսանյութեր

Լրահոս