Սերժ Սարգսյանի որոշիչ դերակատարումը պայմանավորված չէ սահմանադրական բարեփոխումներով

ԲՀԿ-ն և սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի գծով քառյակի նրա գործընկեր կուսակցությունները` ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», պայքարը սահմանադրական փոփոխությունների դեմ փորձում են ներկայացնել որպես պայքար՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրման: ԲՀԿ-ի այդ ռազմավարությունը պաշտոնականացրեց և դրան լոզունգային ձևակերպում տվեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով իր վերջին հարցազրույցում հայտարարել էր. «Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրմանը»:

ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» տեսականորեն դեմ չեն սահմանադրական բարեփոխումներին, ուղղակի նրանք համարում են, որ այդ փոփոխությունների հիմնական նպատակը Սերժ Սարգսյանի վերարտադրությունն է, իսկ այդ վերարտադրման կանխումը պետք է արվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալման միջոցով:

ԲՀԿ-ականները, չնայած՝ ոչ հրապարակային, սակայն, մասնավոր զրույցների ժամանակ, ասում են, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, որպեսզի փոխի կառավարման գործող համակարգը, այն կիսանախագահականից դարձնի խորհրդարանական, և ինքն էլ դառնա խորհրդարանի նախագահ: Սարգսյանը համատեղելով կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի, և խորհրդարանի ղեկավարի պաշտոնները՝ ամբողջական վերահսկողություն կունենա կառավարության ղեկավարի և խորհրդարանի կողմից ընտրվող նախագահի վրա՝ դառնալով իշխանության փաստացի առաջին դեմքը:

Այս սցենարը վիժեցնելու ամենալավ ելքը ԲՀԿ-ն և գործընկերները համարում են սահմանադրական բարեփոխումների տապալումը:

Իրականում սահմանադրական փոփոխությունների տապալումն ամենևին էլ չի բացառում Սերժ Սարգսյանի վերարտադրման հնարավորությունը: Այս տարվա ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հանդիպելով սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքային խմբի անդամների հետ՝ ասել էր. «Քննարկումների փուլը սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ, ի վերջո, կանգ առնենք, ՀՀԿ-ն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում»:

Նախագահ Սերժ Սարգսյանի համար, ըստ էության, միևնույն է, թե ինչպիսի կառավարման մոդել կընտրվի Հայաստանում, կամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինչ արդյունք կունենա: Եթե հանրաքվեն անցնի, նա՝ լինելով ՀՀԿ նախագահ, կարող է իշխանական համակարգում իր «որոշիչ դերակատարումը» կատարել ԱԺ նախագահի պաշտոնում:

Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մերժվի, ապա Սարգսյանը կդառնա վարչապետ և, լինելով խորհրդարանական մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի ղեկավարը, դարձյալ «որոշիչ դերակատարում» կունենա իշխանական համակարգում:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը հասկացնել է տվել, որ եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կանգ առնի կառավարման պառլամենտական համակարգի վրա, ապա ինքը ևս հանրաքվեի տապալման շահագրգիռ կողմերից մեկն է լինելու:

Այնպես որ, ԲՀԿ-ի և նրա գործընկերների բոլոր փորձերը՝ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարը պայքար Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ, ուղղակի զուրկ են որևէ տրամաբանությունից:

Ընդհակառակը՝ կարելի է ասել, որ նրանք Սարգսյանի ամենամերձավոր քաղաքական դաշնակիցներն են, քանի որ, մեր տեղեկություններով, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կանգ է առել Սարգսյանի կողմից մերժելի կառավարման պառլամենտական ձևի վրա:

Կարող է հարց առաջանալ, թե Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, եթե նա գործող Սահմանադրությամբ էլ կարող էր վերարտադրվել:

Նախ՝ կառավարման խորհրդարանական համակարգը համարվում է ավելի ժողովրդավարական, և եվրոպական երկրների մեծ մասում գործում է կառավարման հենց այդպիսի համակարգ: Սերժ Սարգսյանն իր այս քայլով ցույց է տալիս, որ ինքը պատրաստ էր գնալ կառավարման համակարգի բարեփոխման` եվրոպականացման, սակայն նրա քաղաքական ընդդիմախոսները վիժեցրեցին Հայաստանի ժողովրդավարացումը:

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների իր ծրագրով դինամիզմ է հաղորդում ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածին:

Հայաստանի քաղաքական կյանքը, առանց այն էլ, լճացած ու ճահճացած է, իսկ առանց սահմանադրական բարեփոխումների և իշխանության վերարտադրման դեմ ծավալվող հուժկու շարժման՝ այն ուղղակի կարող էր վերջնականապես գերեզմանի վերածվել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս