«…Եվ ոչ մի բանից չեն ամաչում»

«…Իրականության մեջ սուտն ու կեղծիքը երկար կյանք չեն ունենում: Բայց լավ կլինի, որպեսզի ընդհանրապես որևէ կյանք չունենան»:
Բոլոր հեքիաթներում հենց սա է այն կարմիր թելը, որը հեքիաթը հակադրության մեջ է դնում իրականության հետ: Իսկ մեջբերումը սեպտեմբերի 6-ին ՀՀԿ Գերագույն մարմնի նիստին Սերժ Սարգսյանի ելույթից է: Եթե միայն պարոն Սարգսյանը գիտենար, թե բարի կամքի մարդիկ որքան են սպասում, որ իր այս խոսքերն ազդեն իրականության վրա, սուտն ու կեղծիքն «ընդհանրապես որևէ կյանք չունենան»: Սակայն իրականությունն առայժմ համառում է, դիմադրում: Սուտն ու կեղծիքը՝ ձեռք ձեռքի, համերաշխորեն քայլում են մեր փոքրիկ երկրի 30 հազար քկմ-ով:

Օրեր առաջ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովին իր ելույթում Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիևին «բռնապետ» անվանեց: Ավելի ուղիղ չես ասի: Եվ ՀՀԿ ԳՄ նիստում էլ ստի ու կեղծիքի՝ վաղամեռիկ լինելու մասին հույսը նախագահը հայտնեց հարևան Ադրբեջանի ղեկավարությանը նվիրված պարբերությունում: Ըստ այդմ. «Մենք գործ ունենք մի երկրի հետ և երկրի մի ղեկավարի, որ ցանկացած ձև, ցանկացած հնարավորություն օգտագործում են: Այդ թվում՝ սուտն ու կեղծիքը: Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում»:

Իսկ դահլիճում, հռետորի դիմաց և ետևում` միլիոնատերեր են, միլիարդատերեր, իշխանական համակարգի սերուցքը, որը հրաշալի գիտի՝ պաշտոն ստանալու, պաշտոնում մնալու և ԱԺ պատգամավոր դառնալու գինըգ Օպերատորի տեսախցիկը խոշոր պլանով ցույց է տալիս վարչապետի դեմքը, Դավիթ Հարությունյանի մտախոհ հայացքը: Ու միանգամից պարզ է դառնում. «Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի բանից չի՛ ամաչում: Ո՛չ մի բանից: Սրիկաները…»:

Իսկ մե՞ր երկրում ինչպես է: Օգտագործո՞ւմ է մեր երկրում իշխանությունը «ցանկացած ձև, ցանկացած հնարավորություն: Այդ թվում՝ սուտն ու կեղծիքը»: Եվ ամաչո՞ւմ են մեր ղեկավարներն առհասարակ՝ ի տարբերություն ադրբեջանցի կոլեգաների:
Ինչ խոսք, հարցը հռետորական է, անգամ նաիվ:

Բայց ո՛չ ավելի նաիվ, որքան հենց նախագահի խոսքում` ԱԺ-ն խրամատի հետ՝ ոչ այնքան հաջող համեմատությունն էր, քանի որ այդ դեպքում էլ «ժողովրդի ընտրյալները» ավտոմատ դառնում են զինվորներ: Իսկ նրանց թշնամին՝ «մեր ժողովրդի հոգսերը»:

Հարևան երկրի ղեկավարության մասին Սերժ Սարգսյանի կոշտ, հնարավոր է՝ դիպուկ, գնահատականներն ամենևին չեն կարող խլացնել կարծիքը հենց մեր իշխանությունների մասին՝ մեր երկրում սուտն ու կեղծիքը հարգված են նույնչափ, որքան Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կամ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Հետևաբար՝ ստի ու կեղծիքի՝ կարճ կյանք ունենալու մասին ցանկություններն արժանահավատ չեն:

Չափազանց համարձակ քայլ է` ստի ու կեղծիքի մեջ մեղադրել հարևան երկրին, երբ մեր երկրում ևս, գուցե մասշտաբների տարբերությամբ միայն, իշխանության ամենավստահելի հենարանը սուտն ու կեղծիքն են: Հնարավոր է՝ Ալիևն ավելի կոռումպացված է, անհամեմատ դաժան, մարդասպան (ամեն դեպքում, Սերժ Սարգսյանն այս մասին էլ ակնարկեց իր ելույթում), նա թաքցնում է իր երկրի զոհված զինվորների մարմինները, բայց ո՞րն է մեր երկրի և Ադրբեջանի տարբերությունը ստի ու կեղծիքի աստիճանական համեմատության մեջ: Ընտրություննե՞րը՝ լինի նախագահական, խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների: Այս դեպքում, որպեսզի ձայնդ չգողանան, կա միայն մեկ հնարավորություն՝ քվեարկիր ՀՀԿ թեկնածուի օգտին: «Եվ իրենք ոչ մի բանից չեն ամաչում»: Հասկանալի է, Ադրբեջանի ղեկավարները:

Իր ելույթում պարոն Սարգսյանն անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Սահմանադրությունը և օրենսդրական ողջ փաթեթը ժամանակի ընթացքում հնարավոր է՝ փոփոխությունների անհրաժեշտություն ունենան: Հնարավոր է՝ կառավարման նախագահական ձևը խորհրդարանականով փոխելը լավագույն լուծումներից է: Սակայն ինչո՞ւ նախագահը չի ընկալում այն մարդկանց, որոնք ուղղակի ասում են՝ սա աչքակապոցի է: Նախագահն առաջարկում է՝ թող սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները հիմնավորեն իրենց մտավախությունները: Իսկ գուցե խնդրին մյո՞ւս կողմից մոտենանք. ո՞րն է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, այդ ի՞նչ են ցանկանում անել խորհրդարանում, որ գործող սահմանադրությունը կաշկանդում է:
Մեր երկրում թե՛ Մայր օրենքը, թե՛ մյուս բոլոր օրենքներն ունեն մեկ խնդիր՝ դրանք չեն կատարվում:

Այսինքն՝ կա քաղաքական պայքար, և Սահմանադրությունը կաշկանդո՞ւմ է խորհրդարանի ուժերին: Այս դեպքում՝ ընդդիմադիր: Քաղաքական պայքար Հայաստանում չկա, որ խնդիր լինի՝ ավելացնել այս կամ այն մարմնի լիազորությունները: ԱԺ-ն ունի բազմաթիվ լիազորություններ, որոնք չի էլ կիրառում:

Հենց թեկուզ Սահմանադրության 66-րդ հոդվածը. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»: Բայց մեծամասնության ներկայացուցչին` ունենալ տեսակետ ու համոզմունք, արգելված է: ԱԺ պատգամավոր դառնալու նպատակը (մեկ-երկու բացառությամբ) բացառապես և միմիայն անձնական երջանկության, բարեկեցության ապահովումն է: Գուցե սահմանադրական բարեփոխումները միտված են ընդդիմությա՞ն լիազորությունների ընդլայնմանը: Ներեցեք հանդգնությունս՝ իսկ հավելյալ լիազորություններն ընդդիմության ինչի՞ն են պետք: Սահմանադրությամբ նախատեսված խիղճն ու համոզմունքներն ավելի՞ լավ գնով վաճառելու համար:

Ի՛նչ խոսք, հետաքրքիր ու անգամ հաճելի է ասել դիմացինին, այս դեպքում՝ Ադրբեջանի նախագահին, այն, ինչ մտածում ես: Կարելի է ասել, որ նա իր պետության հարցերը լուծում է խավիարային դիվանագիտության միջոցով, որ նա արտաքինով կրծող կենդանու է նման: Ասել և զվարճանալ: Սակայն դրանից մեր երկրում ոչինչ չի փոխվում: Որովհետև եթե Ադրբեջանի նախագահն իր ելույթում Հայաստանի մասին ասի. «Մենք գործ ունենք մի երկրի հետ, որի ղեկավարները ցանկացած հնարավորություն, այդ թվում՝ սուտն ու կեղծիքը, օգտագործում են՝ վերարտադրվելու համար: Եվ նրանք ոչ մի բանից չեն ամաչում», մենք նրանց հակադարձել չէինք կարող: Եվ սա ճշմարտություն է…

Տեսանյութեր

Լրահոս