«Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ուղերձ էր բոլորին»

2014 թ. սեպտեմբերի 4-5-ին ուելսյան Նյուպորտ քաղաքում (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով սեպտեմբերի 5-ին ընդունվեց հռչակագիր, որի 30-րդ և 31-րդ կետերում` «Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի» համատեքստում, անդրադարձ կա նաև Հարավային Կովկասին և այդ տարածաշրջանի հակամարտություններին:

Հռչակագրում նշվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները հավատարիմ են մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանն աջակցելուն: «Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում և Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների և միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»,- մասնավորապես ասված է հռչակագրում:

Այս փաստաթուղթն ուշագրավ է նաև այն իմաստով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գագաթաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում, ըստ էության, զգուշացրել էր, որ ընդունվելիք փաստաթուղթը կապ ունի հայ ժողովրդի անվտանգության և մեր տարածաշրջանի խաղաղության հետ, և եթե այս անգամ էլ ՆԱՏՕ-ի հռչակագրում ընդգծվի տարածքային ամբողջականությունը` առանց հիշատակելու ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման մասին սկզբունքները, դա, նրա խոսքով, «կխրախուսի սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող և նման թղթերից թևեր առնող Ադրբեջանին»:

Արդյոք կա՞ առաջընթաց ՆԱՏՕ-ի հռչակագրում նախորդների համեմատ` մասնավորապես` ղարաբաղյան հարցի մասով: Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանի կարծիքով` դա մեկ քայլ առաջ էր:

Կարդացեք նաև

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին շատ ճիշտ ուղերձ էր Երևանի կողմից, սակայն որևէ կապ չուներ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ, և պատահականություն է այն, որ Սարգսյանի մասնակցությունը գագաթաժողովին խորհրդանշականորեն եղավ 2013 թ. սեպտեմբերի 3-ի որոշումից ուղիղ մեկ տարի անց:

tevanԹևան Պողոսյանի խոսքով` Սարգսյանի մասնակցության նպատակը ոչ միայն «Թուրքիայի լոբբինգը» կանխելն էր, Ադրբեջանի և ղարաբաղյան խնդրի մասին ճիշտ տեղեկություն ներկայացնելը, այլ ընդհանրապես Հայաստանի շահն առաջ տանելը, բացի այդ` Երևանն այդ քայլով հասկացրեց, որ տարբեր ինտեգրացիոն նախագծերին մասնակցելը չի նշանակում, որ Հայաստանը չի պատրաստվում անվտանգության հարցերում համագործակցել ՆԱՏՕ-ի հետ:

«Սա ուղերձ էր բոլորին, ոչ միայն Արևմուտքին, որ Հայաստանն իր շահերով է առաջնորդվում և իր շահերի շրջանակներում պատրաստ է գնալ, պայքարել և ներկայացնել իր խնդիրները: Ցավում եմ, որ նախկին գագաթաժողովներին ուղղակի բողոքել ենք Երևանից, որովհետև նմանատիպ ելույթներ պետք է լինեին նաև 2010-ին, 2012-ին: Ուրախ եմ, որ այս անգամ ստացվել է: Մեկ քայլ առաջ է եղած խնդիրներից: Հույս ունենանք, որ ապագայում կշարունակվի, և ուշ թե շուտ կհասնենք նրան, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրները կլինեն առաջինը, որ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Պողոսյանը:

Axasi Enoqyan1Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց նաև Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:

– Պարոն Ենոքյան, հաշվի առնելով գագաթաժողովի արդյունքները` ընդունված հռչակագիրը, ինչպես նաև նախորդ հռչակագրերը, արդյո՞ք հայկական դիվանագիտությունը հասավ այն նպատակին, որը դրել էր իր առջև` մասնակցելով այդ գագաթաժողովին:

– Կարծում եմ` հաղթանակը զուտ այդ հանդիպման փաստն էր, որը շատ կարևոր էր:

– Նկատի ունեք Նյուպորտում ամերիկյան նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի նախագահների և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջև:

– Այո՛, այո՛: Եթե մինչ այդ վերջին ակորդը եղել էր Ռուսաստանի միջնորդությամբ հանդիպո՞ւմը, և Ռուսաստանը պնդել էր, որ ինքը պիտի լինի բանակցող, միջնորդ, ոչ թե Մինսկի խումբը, ապա այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ վերականգնվեց ստատուսը: Եվ ավելին` այդ գագաթաժողովին մասնակցում էին երկու համանախագահող երկրները, բայց ոչ Ռուսաստանը, և այդ առումով, իհարկե, Ռուսաստանի դիրքերը թուլացան, ինչը մեր դիվանագիտության համար շատ կարևոր է:

– Բայց, մյուս կողմից, այս առանձին հանդիպումները պատճառ չե՞ն դառնա Մինսկի խմբի փլուզմանը: Կարծես թե, համանախագահող երկրներից յուրաքանչյուրը, կազմակերպելով եռակողմ հանդիպում իր քաղաքական նպատակներն է հետապնդում:

– Միջնորդության մեջ լինելն ինքնին քաղաքական նպատակ է: Մինսկի խումբը գոնե Հայաստանի համար կարևոր է այդ քաղաքական նպատակների հավասարակշռման իմաստով, այսինքն` այստեղ մենք ունենք բալանսավորված խումբ:

– Վերադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովին` կարո՞ղ ենք նախագահի մակարդակով Հայաստանի մասնակցությունը համարել յուրօրինակ ուղերձ, որ Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ պիտի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, այնուամենայնիվ, կարևորում է Արևմուտքի հետ համագործակցությունը:

– Հաստատ կարող ենք համարել, որովհետև մինչ այս եղել էր երկու գագաթաժողով, և Սերժ Սարգսյանը չմասնակցեց դրանց, այնպես որ, այս հանդիպումը շատ կարևոր էր հենց այդ ուղերձը հղելու առումով, որ եթե անգամ Հայաստանը միանա Եվրասիական միությանը, չի դադարում իր հայացքն ուղղել դեպի եվրոպական և եվրաատլանտյան կառույցները:

– Ձեր կարծիքով` Սերժ Սարգսյանն ավելի շատ դա՞ էր կարևորել, թե՞ ՆԱՏՕ-ում թուրքական լոբբինգի դեմ պայքարելը, ղարաբաղյան հարցը:

– Բոլորն էլ, իհարկե, հավասարապես կարևոր են, բայց ամենակարևորը ՆԱՏՕ-ական երկրների միջնորդությամբ Ալիևի հետ հանդիպելու հարցն էր, ինչը բերեց ռուսական ազդեցության բալանսավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս