Բաժիններ՝

Գարիկ Իսրաելյանը և Սթիվեն Հոքինգը ներկայացրել են «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը

Հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրաելյանը և բրիտանացի աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking) օրեր առաջ ներկայացրել են «Մարդու 50 տարիները տիեզերքում» գիրքը: Սթիվեն Հոքինգը գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է, որ այն պատմական, արժեքավոր փաստաթուղթ է, քանի որ պարունակում է գիտական բազմաթիվ նյութեր, և ամենակարևորը՝ լեգենդար տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգի՝ «Starmus» գիտական առաջին փառատոնի ընթացքում ունեցած վերջին զեկույցը:

Ի դեպ, աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը նաև գրքի առաջաբանի հեղինակն է: Գրքի խմբագիրներն են «Starmus» փառատոնի հիմնադիր և ղեկավար Գարիկ Իսրաելյանը և բրիտանացի ռոք-երաժիշտ, «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյը, ով նաև «Starmus» փառատոնի խորհրդատվական խմբի-կազմխորհրդի անդամներից է:

Բացառիկ լուսանկարներով և գիտական զեկույցներով հագեցած գրքում ներկայացված են «Starmus» գիտական առաջին փառատոնի նյութերը: Սեպտեմբերի 22-27-ին կայանալիք «Starmus» գիտական երկրորդ փառատոնը կկրի «Սկիզբը. ժամանակակից տիեզերքի ձևավորումը» (Beginnings: The Making of the Modern Cosmos) խորագիրը, որի բացումը տեղի կունենա Սթիվեն Հոքինգի ելույթով:

Հիշեցնենք, որ «Starmus» առաջին փառատոնը տեղի է ունեցել 2011թ. մարտին, Կանարյան կղզիներում՝ Տեներիֆեում. այն գիտական, երաժշտական և գեղարվեստական իրադարձություն է: Նորաստեղծ «Starmus»-ի մեկնարկային փառատոնը նվիրված էր առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին: Փառատոնին մասնակցում էր նաև ամերիկացի լեգենդար տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգը (Neil Armstrong), ով առաջին մարդն էր, որ 1969թ. հուլիսի 20-ին ոտք դրեց Լուսնի վրա: Փառատոնին մասնակցում էին աշխարհահռչակ տիեզերագնացներ, տարբեր ոլորտների գիտնականներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, երաժիշտներ, ֆիզիկոսներ, կենսաբաններ և այլք: Զեկույցներով էին հանդես եկել 1965թ. բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, «Ապոլոն-8» տիեզերանավի տիեզերագնաց Բիլլ Անդերսը (Bill Anders), ով 1968թ. դեպի Լուսին թռիչքին մասնակցեց, Չառլի Դյուկը (Charlie Duke)` «Ապոլոն-16»-ից, Ջիմ Լովելլը (Jim Lovell)` «Ապոլոն-13» տիեզերանավի հրամանատարը, ում շատերը հիշում են 1970թ. թռիչքից` իր հայտնի արտահայտությամբ` «Հյուսթոն, մենք խնդիր ունենք», որը նա ասաց ուժգին պայթյունից հետո: Այնտեղ էր Վիկտոր Գորբատկոն, Յուրի Բատուրինը, Ջորջ Սմիթը (George Elwood Smith), Կիպ Տորնը (Kip Thorne), Ռոբեր Ուիլյամսը (Robert Williams), Ջեկ Շոստակը (Jack Szostak), Ջիլլ Թարթերը (Jill Tarter), Միշել Մայորը (Michel Mayor), Բրայան Մեյը (Brian May), Սամի Սոլանկին (Sami Solanki), Ռոբերտ Ուիլսոնը (Robert Wilson), Ադամ Բարրոուզը (Adam Burrows), Ջորջ Սմութը (George Smoot), Լեսլի Սեյջը (Leslie Sage), Ջոզեֆ Սիլքը (Joseph Silk) և շատ-շատերը:

Կարդացեք նաև

Garik Israelyan (2)

Դեռևս այս տարվա հունիսին հայտնի դարձավ, որ «Starmus» երկրորդ փառատոնին զեկույցով հանդես կգա Սթիվեն Հոքինգը, ով շատ հազվադեպ է որևէ իրադարձության մասնակցում: Նա իր մասնակցության որոշումը կայացրեց Գ. Իսրաելյանի հետ հանդիպման ընթացքում: Հոքինգը 20 տարեկանից տառապում է Amyotrophic lateral sclerosis (abbreviated ALS ), Боковой амиотрофический склероз (БАС) կոչվող հիվանդությամբ, որը հայտնի է նաև որպես շարժիչային նեյրոնների հիվանդություն: 1985թ. կոկորդի վիրահատությունից հետո նա կորցնում է խոսելու ունակությունը: Նա արտահայտվում է ձայնային սինթեզատորի միջոցով, որն ամրացվում է սայլակին, և աջ ձեռքի ցուցամատի օգնությամբ գիտնականը կարողանում է ղեկավարել համակարգիչը և շփվել շրջապատի հետ: Չնայած ծանր հիվանդությանը, Հոքինգն ակտիվ ստեղծագործական կյանք է ապրում: 2007թ. ապրիլի 7-ին նա նույնիսկ փորձնական թռիչք կատարեց անկշռության պայմաններում (հատուկ ինքնաթիռով):

Ըստ Հոքինգի՝ մարդն էվոլյուցիոն զարգացման գագաթնակետին չի գտնվում և դեռ պետք է կատարելագործվի գիտատեխնիկական ձեռքբերումների միջոցով: 2010թ. համեմատելով գիտությունը և կրոնը, նա հայտարարել է. «Արմատական տարբերություն կա դոգմաների վրա հիմնված կրոնի և դիտարկումների ու տրամաբանության վրա հիմնված գիտության միջև: Գիտությունը կհաղթի, քանի դեռ աշխատում է»: Իր վերջին՝ «The Grand Design» աշխատության մեջ նա պնդում է, որ տիեզերքը ստեղծելու համար բնավ «արարիչ» պետք չէր, «քանի դեռ գոյություն ունի այնպիսի ուժ, ինչպիսին գրավիտացիան է: Տիեզերքը կարողացավ և ստեղծեց ինքն իրեն ոչնչից»: Սթիվեն Հոքինգի «Ժամանակի հակիրճ պատմություն»՝ տիեզերքի գաղտնիքները բացահայտող գիրքը համարվում է աշխարհում այն քիչ գրքերից մեկը, որը փոխել է աշխարհը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս