Մանվել Գրիգորյան. Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռ կտամ

Շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` դիմելով կուսակցության խորհրդի անդամներին, կարևորել էր պատգամավորների մասնակցությունը ԱԺ նիստերին՝ այն համեմատելով խրամատում զինվորի ծառայության հետ:

«Ես, առաջին հերթին, դիմում եմ մեր պատգամավորներին և շեշտում, որ այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան: Խորհրդարանի բնականոն աշխատանքի ապահովումը, մեր ծրագրերի իրականացմանը միտված օրենսդրական գործունեությունը բոլորդ միանշանակ համարում եք ձեր առաջնահերթ խնդիրը: Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաև անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարևորագույն խնդիրը: Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքով նայելը կամ խորհրդարանի աշխատանքներից բացակայելն անթույլատրելի է: Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»,- ասել էր Ս.Սարգսյանը:

Սակայն, այսօր ԱԺ 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկից 1 ժամվա ընթացքում ՀՀԿ-ական «կարկառուն» պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը, իսկ լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են լքում «խրամատը» յուրահատուկ բառապաշարով պատասխաններ տվեցին:

«Չեք ամաչո՞ւմ դուք, ձեր էս արարամունքից չեք ամաչո՞ւմ: Ես ամաչում եմ ձեր փոխարեն»,- ամոթանք տվեց Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) և ինքը հարցրեց. «Իրավունք չունե՞մ գնամ: Հեսա նորից հետ կգնամ: Էսօր ամեն ինչ էլ խրամատ է և տեղում պետք է լինել»:

Կարդացեք նաև

«Ձեզ ո՞վ ա ասում, որ ես լքում եմ: Գնում եմ իմ գրասենյակը աշխատեմ»,- ասաց պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո)՝ հավելելով, որ չի ձանձրանում, ինչի ապացույցը իր բացակայությունների բացակայությունն է:

ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը ևս քվեարկությունից հետո հեռացան դահլիճից, իսկ լրագրողի հարցին Մ.Գրիգորյանը խիստ ինքնատիպ պատասխանեց. «Այ տղա, լքող ըլնի, հետևին ձեռ կտամ»:

 

Տեսանյութեր

Լրահոս