Կոնստանտին Կալաչով. Պուտինի և Սարգսյանի հարաբերությունների որոշակի սրացում է նկատվում

Հարցազրույց Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովի հետ

– ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, սակայն այդ այցը չեղյալ հայտարարվեց: ՀՀ պաշտոնյաները որոշակի բացատրություններ են բերում: Ըստ Ձեզ` ո՞րն է Դ.Մեդվեդևի այցի չկայացման իրական պատճառը:

– Ազնվորեն, Դմիտրի Մեդվեդևի այցի չեղյալ հայտարարման բուն պատճառներին տեղյակ չեմ, սակայն ակնհայտ է, որ նրա արտասահմանյան այցերի մասին որոշումներն ընդունվում են հայտնի նեղ շրջանակի անձանց հետ համաձայնեցման արդյունքում: Դրա համար նրա այցի հետ կապված` ես մտածում եմ, որ դեռ ամբողջովին մշակված չէ այցի օրակարգը, որպեսզի հանրավոր լինի խոսել ինչ-որ ձեռքբերումների մասին: Ես հասկանում եմ, թե ինչ են ուզում Հայաստանում` հասկանալ, թե որքանով է դա կապված Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացումների հետ: Սա ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել, բայց Պուտինի և Սարգսյանի միջև հարաբերությունների որոշակի սրացում է նկատվում:

Ակնհայտ է, որ այդ հարաբերություններն անամպ չեն: Կան անձինք, որ Հայաստանը չեն ուզում տեսնել Մաքսային միությունում և որոշակի խոչընդոտներ են փորձում ստեղծել: Ամեն դեպքում, այս հարցում որոշիչ դեր ունի Ռուսաստանի ակտիվությունը, իսկ Պուտինի հետ շփումներում մեծ դեր ունեն անձնական հարաբերությունները: Ընդհանուր առմամբ, Պուտինը կարող է վերացնել ողջ հոգեբանական լարվածությունը:

Հասկանալի է, որ թեև Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն կատարյալ ոչինչ չի լինում, և հասկանալի է, որ ՌԴ-ում ոմանք կտրուկ են արձագանքում որոշ թեմաների, որոնք Հայաստանում բարձրացնում է ակտիվ հասարակությունը` կապված Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետ:

Հայտնի է նաև Մաքսային միությունում առկա խնդիրը, որը կապված է Ղարաբաղի հետ: Ի վերջո, ՄՄ-ի հետ կապված որոշումը պետք է պարունակի առաջարկ, օրինակ, մի հարցի հետ կապված` լինելո՞ւ է արդյոք մաքսային սահման Հայաստանի ու Ղարաբաղի միջև: Կամ` ինչպե՞ս են Ղարաբաղում արտադրված ապրանքներն իրացվելու ՄՄ-ում` որպես հայկական ապրանքներ: Կամ` ի՞նչ կլինի ՄՄ կազմում ընդհանրապես` սահմանին տեղի ունեցող հրաձգությունների հետ կապված, որ վերջերս հաճախակիացել էին, և բավականին զոհեր եղան: Այս հարցերի պատասխանները ստանալուն էր ուղղված վերջերս Պուտինի կողմից կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Բայց հարց է ծագում` եթե, ասենք, Ղարաբաղի շուրջ իրավիճակը սրվի, ի՞նչ դիրքորոշում պետք է բռնեն Մաքսային միության անդամները, և այլն: Այնպես որ, Մեդվեդևի այցի խափանումը գուցե 90%-ով կապված է տեխնիկական խնդիրների հետ, իսկ գուցե այդ տեխնիկական խնդիրները թույլ տվեցին խուսափել այն հարցերից, որոնք ես նշեցի: Հնարավոր է, որ խնդիր կա այցի բովանդակության հետ, քանի որ, եթե տեղի է ունենում այդ մակարդակի այց, ապա պետք է ինչ-որ կոնկրետ առաջարկ և իրական գործողություն լինի, արդյունք գրանցվի, հարաբերություններում որոշակի առաջընթաց լինի: Այսինքն` այժմ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ:

– Հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների նախագահների բանակցություններ, որոնց շրջանակում ծրագրվում է լուծել Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցության հարցը։ Ըստ Ձեզ` ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից:

– Կարծում եմ` ակնհայտ է, որ սահմանված ուղղությունից ոչ մեկը չի շեղվի, և հասկանալի է, որ Հայաստանի ինտեգրումը Եվրասիական տնտեսական գոտում շարունակվելու է: Կան որոշակի բարդություններ, որոնք հրահրվում են Նազարբաևի և մասամբ Լուկաշենկոյի կողմից, հասկանալի է, որ որոշակի տեխնիկական խնդիրներ կան, որոնք պետք է որոշվեն: Կարծում եմ, որ առաջընթաց կլինի, ինտեգրումից ոչ մեկը չի հրաժարվի: Ինչ վերաբերում է նախորդ հարցին` հնարավոր է, որ Մեդվեդևի համար դա լավագույն լուծումն էր, որ երկկողմ հարաբերությունների հարցերն անցնեն նախագահների մակարդակ, եթե դա նշանակում է, որ բոլոր հարցերը պետք է որոշվեն առաջին դեմքերի մակարդակով, իսկ վարչապետները միայն կատարողներ կլինեն, կարծում եմ, ինչո՞ւ ոչ, Մեդվեդևը դեմ չէ: Առավել ևս հասկանալի է, որ հիմնական հարցը Հայաստանի անդամակցությունն է ԵՏՄ-ին, իսկ դա ավելի շատ Պուտինի լուծելիք հարցն է:

Ընդհանրապես, կարծես թե ԵՏՄ-ին ՀՀ-ի ինտեգրման հարցը դարձել է միայն և միայն Պուտինի հարցը: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ին` Հայաստանի անդամակցության հարցն, ամենայն հավանականությամբ, կորոշվի այդ ժամանակ և, կարծում եմ, 1.5 ամիսը բավարար է, որպեսզի կողմերը լավ նախապատրաստվեն այդ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, ԵՏՄ անդամները բոլորն են հասկանում, որ Հայաստանը միասնական տնտեսական գոտի է` Ղարաբաղի հետ միասին, բայց ոչ մեկը չի ցանկանում վիրավորել և հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: Եվ այս 1.5 ամսում պետք է գտնել որոշակի տեխնիկական լուծում, քանի որ քաղաքական որոշում լինել չի կարող: Ի վերջո, կարծում եմ, խնդիրն այն է, թե արդյոք ՀՀ ղեկավարությունը պատրա՞ստ է գնալ այնպիսի գործողությունների, որոնք 3 երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից Ադրբեջանի առջև կորակվեն այնպիսին, որ անդամակցության համար Հայաստանը փորձում է ջանքեր գործադրել, որոնք Ադրբեջանի համար մարտահրավեր չեն և հակադիր չեն Ադրբեջանի շահին, այսինքն` Ադրբեջանի համար դա ապտակ չի լինի:

Իրականում բոլորին պարզ է, թե որն է կռվախնձորը. դա սահմանների հարցն է` Ադրբեջանի և Հայաստանի սահմանների խնդիրը: Հասկանալի է, որ խնդիրը հարթելու ունակ է միայն Պուտինը, որը խնդիր ունի` ցույց տալ, որ ԵՏՄ-ն կենդանի օրգանիզմ է, որը զարգանում և ընդլայնվում է, և գաղափարը կայանում է: Ի վերջո, դա նրա զավակն է: Հասկանալի էր դեռ 1 տարի առաջ, երբ հայտարարվեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին, որ կան մի շարք խնդիրներ, և չկան պատասխաններ` կապված 3 երկրների ցանկության հետ` տեսնել Հայաստանին ՄՄ կազմում, և մյուս կողմից` չվատթարացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ:

– ԵՏՄ հիմնադիրներ Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունները, կարծես, այնքան էլ հարթ չեն: Մասնավորապես, վերջերս «Սելիգերի» ճամբարում Վ.Պուտինը բավական աղմկահարույց հայտարարություններ արեց Ղազախստանի վերաբերյալ, ինչին հետևեց Նուրսուլթան Նազարբաևի կոշտ արձագանքը: Հնարավո՞ր է, որ առաջիկայում մենք ականատես լինենք ռուս-ղազախական հարաբերությունների վատթարացման:

– Ղազախստանը մեծ ընտրություն չունի: Այսինքն` Ղազախստանն անգամ Չինաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ քայլեր անելու համար պետք է Ռուսաստանի հետ լավ, ջերմ հարաբերություններ ունենա: Նրան շահավետ չէ որևէ հակամարտություն ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ հարց կբարձրանա հյուսիսային սահմանների վերաբերյալ, կհիշատակվի Ուկրաինայի օրինակը, կխոսվի Ղազախստանում ռուսների մասին, և այլն: Հասկանալի է, որ Նազարբաևն առաջին հերթին` մտահոգ է Ղազախստանի ինքնիշխանության պահպանության խնդրով, այսինքն` ներկայիս սահմաններով Ղազախստանի Հանրապետության պահպանության հարցը կարևորագույնն է:

Հասկանալի է, որ Ղազախստանը` որպես ռազմական գերտերություն, բավականին թույլ է, և լիովին պարզ է, որ Նազարբաևին բոլորովին ցանկալի չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների որևէ վատթարացում: Իրականում Ղազախստանը Ռուսաստանին կապված է ոչ միայն տնտեսական կապերով, այլև հաշվի առնելով մի շարք նման իրողություններ` Ղազախստանը Ռուսաստանի հետ իրեն պետք է պահի առավելագույն ընկերաբար և կոռեկտ: Եվ աստեղ ծագում է մի խնդիր` կան մարդիկ, որոնք ենթակա չեն Կրեմլին, կա Ժիրինովսկին, ով ինչ ասես խոսում է, օրինակ` արգելել բոլոր քաղաքական կուսակցությունները, և այլն, կան մարդիկ, որոնք չեն կառավարում իրենց գիտակցության հոսքը, և դա չի կարող, իհարկե, աննկատ մնալ ղազախական ղեկավարության կողմից:

Այն հայտարարությունները, որ Նազարբաևն արել է, իրականում լրագրողները մի փոքր «գեղեցկացրել» են, և Նազարբաևի հարցազրույցը տեղական հեռուստաընկերությանը մի փոքր ավելի շուտ է եղել, քան Պուտինի հայտարարությունները, թե Ղազախստանը որպես պետություն երբեք գոյություն չի ունեցել, այն ստեղծել է Նազարբաևը, բայց մինչ այդ եղել էր Ժիրինովսկու հայտարարությունը, և Նազարբաևը պատասխանել է հենց Ժիրինովսկուն (առաջարկել էր Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ), որ որևէ միություն չի կարող լինել` ի հաշիվ Ղազախստանի ինքնիշխանության: Ղազախստանը չի ուզում ոչ մի դեպքում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ և չի կարող պատասխանել այս կամ այն քաղաքական գործիչների բոլոր հայտարարություններին:

Դրա համար հարց է ծագում` ինչպես պետք է արձագանքի ՌԴ ղեկավարությունը նման հայտարարություններին, քանի որ Ժիրինովսկին իր հայտարարություններով արդեն շատ հարաբերություններ է փչացրել կամ բարդացրել: Իհարկե, ցանկալի էր, որ ՌԴ ղեկավարության կողմից ևս ինչ-որ արձագանք լիներ, որը կբավարարեր Ղազախստանի իշխանությանը, և որը կհասկանար, որ Ժիրինովսկու հայտարարությունները` Ղազախստանի բնակչության և սահմանի վերաբերյալ, ինչպես նաև Ալմաթիի վերաբերյալ, ոչ մի առնչություն չունի Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հետ: Սակայն առայժմ մենք նման բան իշխանությունից չենք լսում: Ես կարծում եմ, որ դիվանագիտական խողովակներով պատասխաններ ուղարկվել են, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում Ժիրինովսկին չի կարող մթագնել ՌԴ-ի և Ղազախստանի հարաբերությունները:

Ինչ վերաբերում է Պուտինի խոսքերին, որ «Ղազախստանը ստեղծվել է մի տարածքում, որտեղ երբեք չի եղել պետություն, որ ղազախները երբեք պետականություն չեն ունեցել», կարծում եմ, որ ՌԴ նախագահն ավելի շատ ցանկանում էր ընդգծել Նուրսուլթան Նազարբաևի դերը նոր պետություն ստեղծելու մեջ: Սակայն տվյալ դեպքում ինչ-որ չափով անշնորհք ստացվեց, բայց եթե հասկանանք դրդապատճառը, ապա Պուտինը փորձում էր ցույց տալ Նազարբաևի պատմական դերը Ղազախստանի կայացման գործում: Կարծում եմ, որ դա ավելի շուտ հարգանքի ցուցադրություն էր, քան թե ուրիշ այլ բանի: Ամեն դեպքում հարաբերությունները անամպ, երևի թե, չեն լինում, և եթե խոսենք միտումների մասին, ապա Ղազախստանի հասարակության մեծամասնությունը ռուսամետ է և, իհարկե, Ղազախստանում կան մարդիկ, որ կարծում են, թե ՌԴ-ի հետ ինտեգրումը դեմ է իրենց երկրի շահերին, բայց նրանք փոքրամասնություն են և իշխանության ղեկին չեն: Երկիրը կառավարում է Նազարբաևը, որն ինտեգրման գործընթացը անխուսափելի է համարում` գիտակցելով նաև այն պատճառը, որ թեկուզև ամենայն հարգանքով վերաբերվենք սահմանների անձեռնմխելիությանը, միշտ կարելի է հիշել, որ երբևէ ամեն ինչ այլ էր:

– Այսինքն` այս ամենը չի՞ կարող որևէ կերպ ազդել ԵՏՄ-ի շուրջ զարգացող գործընթացների վրա:

– Ես կարծում եմ, որ վերջիվերջո ամեն ինչ լավ կլինի` և՛ Հայաստանը կանդամակցի միությանը, և՛ Ղազախստանն իր կողմից հարուցվող խոչընդոտները կվերացնի, առավել ևս` Ղազախստանում շատերը գտնում են, որ Նազարբաևի նախատինքը Սարգսյանի հասցեին «քար է իրենց բոստանում», և իրենք են ցանկանում հարթել այդ իրավիճակը: Ըստ նրանց` Ղազախստանը Հայաստանի հետ ոչ մի խնդիր չունի: Ըստ իս` կա մի լուրջ խնդիր, որ ամեն ինչ կառուցվում է հիմնականում մի կողմից` երկրների շահերի, մյուս կողմից` պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունների վրա: Հասկանալի է, որ այդ առումով ոչ բարենպաստ պայմաններում ասված մի սխալ խոսքը կարող է աղավաղել և ջուրը նետել տարիների ընթացքում ձեռք բերված արժեքները:
Ինչևէ, ընդհանուր առմամբ, բոլոր լուրջ արտաքին քաղաքական հարցերը, այդ թվում` Եվրասիական ինտեգրացիայի հետ կապված, ըստ երևույթին, դարձել են Վ.Պուտինի մենաշնորհը: Բոլիվարը երկուսին չի պահի: Մեդվեդևն այժմ այլ հոգսեր ունի, օրինակ` խանութներում գները դիտարկել և այլն:

– Իսկ ի՞նչ կլինի Պուտինից հետո: Չէ՞ որ նա չի կարող մշտապես «ձիու վրա մնալ»:

– Դա ամենահետաքրքիր հարցն է: Այն ամենը, ինչ նա արել է, կարող է քանդվել` ինչպես խաղաքարտերից կառուցված տնակը: Քանի որ ամեն ինչի հիմքում ոչ թե ինստիտուտներն են, այլ անձի դերակատարումը: Ամեն ինչ 1 մարդու ամբիցիաների իրագործումն է, իսկ ժառանգականության հարցը կարող է շատ լուրջ լինել: Ինչպես դա Մակեդոնացու դեպքում էր:

 

Տեսանյութեր

Լրահոս