Բաժիններ՝

Ամեն փայլուն բան ուսուցիչ չէ

Մուգ կապույտ, խիստ զգեստ, զուսպ սանրվածք: Տասը տասրի այսպես եմ տեսել Կրուպսկայայի (այժմ՝ Նիկոլ Աղբալյանի) անվան դպրոցի տնօրենին՝ Օֆելյա Պետրոսյանին: Պատկառանք ու մասամբ՝ սարսափ էինք զգում խստաբարո, երբեմն՝ մռայլ այդ կնոջ հանդեպ: Ժամանակին աշակերտներիս վախ ներշնչող մեր տնօրենին ոչ մի կերպ հնարավոր չէ համեմատել հատկապես մայրաքաղաքի կենտրոնական դպրոցների տնօրենների հետ:

Վերջիններիս արտաքինն անհամեմատ ուրախ, կարելի է անգամ զվարթ համարել՝ շիկամազ, շատ երկար եղունգներով, զարդարված, ինչպես տոնածառը՝ Ամանորին: Մեկը հայտնի է նրանով, որ թուլություն ունի թանկարժեք ապակեղենի հանդեպ, ու այդ մասին խնամքով տեղեկացվում են աշակերտների ծնողները: Մյուսը ուսուցչանոցում արտասահմանից ստացած ծանրոցի հագուստի վաճառքով է զբաղվում: Երրորդը Թումանյանին համարում է գյուղագիր, որի մեծարումը պարզապես անհասկանալի է իրեն…
Եվ այս տիկնանց ղեկավարած դպրոցներում սովորում են երեխաները:

Հիշում եմ, որ մեր ուսուցիչները մեզնից ունեին երեք ակնկալիք՝ սովորել, սովորել, սովորել: Միայն մեկ անգամ դասղեկս՝ Էմմա Խանզրադյանը, դիմեց մայրիկիս՝ խնդրանքով: Մայրս աշխատում էր Հայաստանի պատմության թանգարանում, Հանրապետության հրապարակի վրա, որտեղ, եթե հիշում եք, ամենամեծ գրախանութներից մեկն էր: Եվ ուսուցչուհիս խնդրեց, որ նա իմ միջոցով տեղյակ պահի, թե հանրագիտարանի հերթական հատորը երբ է վաճառքում լինելու, որ կարողանա առանց երկար հերթ կանգնելու ձեռք բերել:

Մեր դպրոցում այնքան հաճախ էին լինում Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը, Վարդգես Պետրոսյանը, Երվանք Քոչարի կինը՝ տիկին Մանիկը (էլի շատերը. նրանց զավակները մեր դպրոցում էին սովորում): Մեր ծնողները պատկառանքով բարևում էին նրանց՝ մեզ հուշելով, որ այս մարդիկ մեծ հեղինակություն են:

Եվ հանկարծ այսօր լսում ես մայրաքաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրինուհուն, որի մեծարման, հիացմունքի նյութը ԱԺ պատգամավոր , գործարար Սամվել Ալեքսանյանն է.

«Սամվել Ալեքսանյան՝ Ազգային ժողովի պատգամավոր և Սամվել Ալեքսանյան՝ մարդն այսօր այս համայնքի համար շատ ընդունված մարդ է: (…)
Ծնողական համայնքի կողմից եղավ առաջարկ, որ քանի որ մեր երեխաների նկատմամբ շատ հոգատար է (…), ինչո՞ւ կենդանության օրոք նաև չանվանակոչել մեկ դասարան, որպեսզի մենք ցույց տանք այդ մարդուն, որ գնահատում ենք նրան՝ որպես մարդ: (…) Դուք շատ լավ գիտեք, որ ամեն տարի ավանդույթ է դարձած Սամվել Ալեքսանյանը բոլոր շրջանավարտներին չի թողնում ծախսեր անեն և հրավիրում է այդ «Վերջին զանգ» արարողությանը, կազմակերպում է միջոցառում: Գիտե՞ք, մի՛ համարեք դա ցուցամոլություն, խնդրում եմ: Մի՛ համարեք դա վատ բան: Լավը տեսեք դրա մեջ…»:

Հետո հանկարծ հայտնվում է մյուսը.
«Չհիշել կսկիծն իր վերքի,
Իր հպարտ կրծքի տակ զգալ սրտերի տրոփյունն ամենքի,
Իր սրտի տակ պայծառ, ամեն կրծքի տակ վառել,
Այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին է վայել»:

Սա արդեն 119 ավագ դպրոցի Վերջին զանգի արարողության ժամանակ էր, երբ քծնանքի նոպայի մեջ դպրոցի ուսուցիչները Համո Սահյանի բանաստեղծությունն այնպես էին հարմարեցրել, որ դուր գա վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Եվ երեկ արդեն, սեպտեմբերի 1-ին, տհաճության հերթական դոզան տարածվեց մի դպրոցից, որտեղ ժամանակին տնօրեն է եղել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Կինը՝ դատելով առոգանությունից և պաթոսից ՝ գրականության ուսուցչուհի էր: Սույն տիկինն՝ առանց կարմրելու, աշակերտների ներկայութմաբ արտաբերեց հետևյալ տեքստը

«Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, խոնարհվում եմ մեր հիմնադիր տնօրեն , ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանին: (Թույլ ծափեր): Այսօր իրո՛ք բացառիկ օր է մեր դպրոցի համար: մենք 30 տարովետ գնացինք: Ընկեր Սահակյանը միայնակ չի եկել: Այսօր նա մի ամբողջ շտեմարան է բերել, ճամպրուկի: Որի մեջ այն ավանդույթներն են, այն գեղեցիկ սովորույթներն են, որով հիմնադրվեց մեր դպրոցը: (…) Դուք մնացիք անփոխարինելի տնօերն կոնկրետ ինձ համար՝ որպես ուսուցչուհի: Դուք մնացիք անփոխարինելի բոլոր տնօրենների մեջ, ըստ իս, ես չգիտեմ, ես այդ կարծիքն ունեմ: Ինչպես էիք անում, որ Ձեզ բոլորը սիրում էին, ինչպես էիք անում, որ ոչ ոք չէր տխրում, ինչպես էիք անում, որ բոլորը գոհ էին ձեզնից: Եվ ես , որպես ուսուցչուհի, խնդրում եմ, որ ձեր այդ բարի, անաչառ ձեռքը միշտ մեր դպրոցի վրա լինի: Մենք, իհարկե, ուսուցիչներս՝ մեր տնիօրենի գլխաբորությամբ, միշտ փորձում ենք, բայց մեզ ավելին է պետք, պետք է,որ դուք միշտ մեզ հետ լինեք: Շնորհակալություն ձեզ հազար, հազար»:

Կարող են խոնարհվել, շնորհակալություն հայտնել տասը հազար անգամ, սակայն ինչո՞ւ դա անել դպրոցում և այդքան երեխաների ներկայությամբ: Հակագեղագիտական տեսարան է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս