«Կալիֆոռնիայի Սենատի կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումն ունի հոգեբանական-քաղաքական նշանակություն». Քաղաքագետ

«Այդ ճանաչումը չի կարող իրավական նշանակություն ունենալ, բայց ունի, իհարկե, հոգեբանական նշանակություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին:
Ա. Իսկանդարյանը կարծում է, որ դա Կալիֆոռնիայի հայկական համայնքի ուժի դրսևորման ձևերից մեկն է. «Այդ ճանաչումն ունի որոշակի քաղաքական նշանակություն, որովհետև Կալիֆոռնիան շատ սպեցիֆիկ նահանգ է: Բացի նրանից, որ այն ամենահայկականն է Ամերիկայի նահանգներից, այն ամենամեծ բնակչություն ունեցողն է, այն ունի հզոր արդյունաբերություն, նրա սենատորները լուրջ դեր են խաղում Սենատում: Այսինքն՝ այն, այսպես ասած, Ամերիկայի լիդեր նահանգներից մեկն է, և այն, ինչ այնտեղ տեղի ունեցավ, ունի որոշակի հոգեբանական և քաղաքական նշանակություն»:

Բայց քաղաքագետը կարծում է՝ պետք չէ նաև չափազանցնել այդ նշանակությունը. «Այդ ճանաչումը չի հանդիսանում մեկ այլ պետության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչում: Եթե անգամ ոչ թե 4, այլ 44 Ամերիկայի նահանգներ ճանաչեն Լեռնային Ղարաբաղը, իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունի»:

Ա. Իսկանդարյանն անդրադարձավ նաև Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերին և Հայաստանի վրա դրանց ունեցած ազդեցությանը: «Ամենակարևորը հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, և այն, թե ինչպես կավարտվի կամ չի ավարտվի ճգնաժամն Ուկրաինայում, գուցե ոչ ուղղակիորեն կազդի նաև Հայաստանի վրա, քանի որ Ուկրաինայի ճգնաժամը շատ ուժեղ ազդում է Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա: Մենք գտնվում ենք ճգնաժամի մեջտեղում»,- նշեց քաղաքագետը:

Խոսելով Մինսկում տեղի ունեցած հանդիպման մասին՝ Ա. Իսկանդարյանն ասաց, որ այդ հանդիպումը ոչնչի չբերեց. «Ես չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի հանդիպումն ինչ-որ բանի կբերի, և ճգնաժամը դեռ, ցավոք սրտի, շարունակում է տարածվել, դրա համար եզրակացություններ անելը դժվար է: Բացի դրանից՝ գոյություն ունի նաև Իրաքը և նրան շրջապատող հարցերի կոմպլեքսը, որն իրականում մեզ ուղղակիորեն վերաբերում է, քանի որ աշխարհագրորեն այն բավականին մոտ է: Հայաստանի մայրաքաղաքից Իրաքի մայրաքաղաք 400 կիլոմետր է ընդամենը»:

Կարդացեք նաև

Քաղաքագետը նշեց, որ ինքը ոչ մի հանգստացում, դադարեցում Ուկրաինայում չի տեսնում. «Ընդհակառակը, այնտեղ տեղի են ունենում ծայրահեղ ակտիվ ռազմական գործողություններ: Ես չեմ կարծում, որ առաջիկա օրերին կարելի է հասնել որոշակի համաձայնության: Ես տեսնում եմ, որ Եվրախորհրդում կա բավականին լուրջ դիմադրություն սանկցիաների տեսքով: Ես այնքան էլ համոզված չեմ, որ ՆԱՏՕ-ի հանդիպումը, որը կլինի առաջիկա օրերին, ինչ-որ բանի կբերի: Դեռ, կարծում եմ՝ կոնֆլիկտը կշարունակվի»:

Խոսելով Ռ. Էրդողանի իշխանության գալու և հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի մասին՝ Ա. Իսկանդարյանն ասաց. «Էրդողանն իշխանության է եկել, և նա դեռ պետք է Սահմանադրությունը փոխի: Թուրքիայի Սահմանադրությունը մինչ օրերս իրենից ներկայացնում է ինչ-որ կարկատան, այն կփոխեն: Թուրքիան սահմանադրորեն ուրիշ կլինի: Էրդողանն ընդհանրապես Գյուլը չէ, ոչ թե անձի առումով, այլ Թուրքիայում ունեցած քաղաքական դերի: Նրա առաջին այցը, բնականաբար, պետք է Բաքուն լիներ: Դա նրա նախընտրական քարոզարշավից էր պարզ: Իսկ թե ինչպիսի քաղաքականություն նա կվարի, կապրենք՝ կտեսնենք: Նա պարզապես վարչապետ չէր, նա այն բանի գաղափարախոսն է, որը Թուրքիայից դուրս անվանվում է նեո-օսմանիզմ»:

Տեսանյութեր

Լրահոս