Ռիչարդ Կիրակոսյանը ողջունում է Նալբանդյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը

Երևանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ) հանդես է եկել հայտարարությամբ` ողջունելով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Թուրքիա:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Ի պաշտպանություն Հայաստանի արտաքին քաղաքականության

Որպես Հայաստանի արտաքին քաղաքականության խորության և վճռականության դրսևորում` Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 28-ին պաշտոնապես ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Թեև նախկինում երբեմն քննադատել եմ Հայաստանի արտգործնախարարին, ես և´ ողջունում, և´ պաշտպանում եմ նրա որոշումը` մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը: Հայաստանի արտգործնախարարի ներկայությունը կարևոր էր, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան դեռ պիտի դիվանագիտական հարաբերություններ հաստատի կամ բացի Հայաստանի հետ սահմանը:

Կարդացեք նաև

Ավելի կոնկրետ, Հայաստանի որոշումը` մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալությանը, ողջունելի է հետևյալ հինգ պատճառներով.

  • Այս երդմնակալությունը առանձնահատուկ էր, քանի որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ ընտրվեց ուղղակի ընտրությունների միջոցով, և այդ այցը Հայաստանին յուրօրինակ հնարավորություն տվեց միանալու ավելի քան 90 երկրների ներկայացուցիչներին` ցույց տալով Հայաստանի կարևորությունը համաշխարհային քաղաքականության ու դիվանագիտության մեջ և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման հրամայականը;
  • Ընդունելով Թուրքիայի հրավերը` մասնակցել երդմնակալությանը, Հայաստանը հետագայում էլ կարողացավ պահպանել Թուրքիայի վրա քաղաքական ճնշում գործադրելու հնարավորությունը` ամրապնդելով Հայաստանի արդեն իսկ ուժեղ դիրքերը միջազգային հանրության աչքերում, որն ընդունում է, որ այժմ բոլոր սպասումները թուրքական կողմից են;
  • Արտգործնախարար Նալբանդյանը հերթական անգամ հնարավորություն ստացավ ցույց տալու, որ Հայաստանը հետևողականորեն ձգտում է ընդլայնել ակտիվ երկխոսությունն ու դիվանագիտական ներգրավվածությունը և ուրույն դիրք ունենալով տարածաշրջանում` հարձակողական սպառնալիք չի ներկայացնում իր հարևան երկրներից որևէ մեկի համար;
  • Ի հեճուկս թուրքական երկմտանքի` Հայաստանը կարողացավ վերահաստատել իր պատրաստակամությունը Թուրքիայի հետ հաստատել բնականոն հարաբերություններ` դրսևորելով ավելի հասուն արտաքին քաղաքականություն: Եվ ի պատասխան նախընտրական քարոզարշավի ընթացքում Թուրքիայի նախագահի անպատասխանատու և դատապարտելի հակահայկական հայտարարություններին` Հայաստանը բարոյապես ավելի բարձր կեցվածք դրսևորեց;
  • Եվ ի հեճուկս Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական ընդդիմության բավական երեսպաշտ քննադատությանը` Հայաստանի կառավարությունն այս դեպքում հավատարիմ մնաց ավելի սկզբունքային արտաքին քաղաքականությանը, ինչն անհարմար վիճակի մեջ դրեց իր քննադատներին` բացահայտելով Հայաստանի, այսպես կոչված, ընդդիմության քաղաքական այլընտրանքների սահմանափակությունն ու սնանկությունը»:

Ռիչարդ Կիրակոսյան
ՏՀԿ տնօրեն
Երևան, Հայաստան
օգոստոսի 29, 2014 թ.
Թարգմանությունը` 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս