Արեւմուտքը չունի մի հարցի պատասխան՝ ինչպե՞ս կանգնեցնել Վլադիմիր Պուտինին. «ՀԺ»

«Նախորդ երկու օրերի իրադարձությունները կարծես թե ավելի ակնհայտ դարձրեցին, որ արեւմտյան աշխարհը՝ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն, չունեն մի հարցի պատասխան. ինչպե՞ս կանգնեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Ընդ որում, սա արեւմտյան քաղաքական օրակարգի ամենահրատապ հարցն է՝ ոչ այն պատճառով, որ համոզմունք կա, որ Պուտինը պատրաստվում է գրոհել Կիեւն ու Վարշավան: Հարցը ուրիշ է. իսկ եթե գրոհի՞:

Արեւմուտքը վստահաբար պնդում է, որ ռուսական զորքերը մտել են արեւելյան Ուկրաինա, եւ սրան ի պատասխան պատրաստվում է նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Չի կարելի ասել, թե պատժամիջոցները ոչ մի հետեւանք չեն ունենում. երեկ, օրինակ, ռուսական ռուբլու կուրսը անկել է մինչեւ 1 դոլարը 37.45 ռուբլի սահմանագիծը: Սա բացարձակ պատմական ռեկորդ է: Ամերիկյան դոլարը երբեք այդքան բարձր չի գնահատվել, բայց փաստն այն է, որ այս եւ մյուս տնտեսական հետեւանքները գոնե առայժմ շատ բան չեն փոխում ուկրաինական կոնֆլիկտում, որտեղ Ռուսաստանն ու ապստամբները ամեն օրվա հետ իրենց ավելի վստահ են զգում: Սա նշանակում է, որ պատժամիջոցների արդյունավետության հարցում Արեւմուտքը սխալվել է:

Գուցե՝ եթե փարիզյան խանութներում երեք օր թթվասեր չլինի՝ զանգվածային անկարգություններ սկսվեն: Բայց 2000 թվականին իշխանության գալով՝ Պուտինը Ռուսաստանը դրել է բոլորովին ուրիշ ռելսերի վրա: Տասնամյա ալան-թալանը զզվեցրել էր ռուսաստանցիներին, վիրավորել նրանց արժանապատվությունը, ու նրանք երազում էին Ստալինի ժամանակների մասին, որ թեկուզ իրենք վատ էին ապրում, բայց իրենցից վախենում եւ իրենց հետ հաշվի էին նստում բոլորը:

Վլադիմիր Պուտինը հենց այս քաղաքական գծի կրողն ու իրագործողն է: Նա ի սկզբանե նպատակադրվել էր եւ այսօր էլ շարժվում է որպես Ռուսաստանի մեծապետական ամբիցիաների իրագործող, եւ ինչպես երեւում է՝ ռուսաստանցիները պատրաստ են թեկուզ կիսասոված մնալ, միայն թե իրենց մուռը հանեն աշխարհից:

Այս իմաստով, ժամանակակից Ռուսաստանը շատ է նման ստալինյան ԽՍՀՄ-ին, ով չունենալով արեւմտյանի հետ համեմատելի տնտեսական ներուժ, օժտված է անասելի ռազմական հզորությամբ եւ քայլ առ քայլ, առանց շտապելու վերցնում է այն, ինչ իրեն հարկավոր է:

Իսկ Ստալինի ժամանակներում Չերչիլ կար, Ռուզվելտ կար, դը Գոլ կար, եւ համաշխարհային քաղաքականության այս հսկաները հազիվ կարողացան Ստալինին կանգնեցնել Բեռլինի մատույցներում: Հիմա Պուտինը շատ ավելի սիրված է շարքային եվրոպացիների շրջանում, գուցե նաեւ այն պատճառով, որ Եվրոպայում հիմա ոչ դը Գոլ կա, ոչ էլ Չերչիլ: Ոչ էլ՝ Ամերիկայում Ռուզվելտ, իսկ սա ստեղծում է նոր աշխարհքաղաքական իրավիճակ:

Ռուսաստանն ունի լիդեր, ով իր ձեռքում է կենտրոնացրել սեփական գերհսկա երկրի կառավարման բոլոր լծակները, եւ կան արեւմտյան ղեկավարներ, ում թվում է, որ ցանկացած երկիր, որի խանութներում թարմ թթվասեր չի լինում՝ ծնկի է գալիս: Արեւմուտքի շատ թե քիչ հաջողված լիդերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, բայց նա սեփական երկրի լիդերն է, եւ ոչ արեւմտյան աշխարհի: Արեւմտյան աշխարհը լիդեր չունի էլ, կան իշխանության ղեկին գտնվող մարդիկ, ովքեր ունեն հազար ու մի իրար հակասող շահեր: Ու այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Ուկրաինայում, այլ կերպ, քան արեւմտյան աշխարհի խայտառակություն՝ դժվար է որակել: Նրանք, փաստորեն, ռուսական արջի բերանը տվեցին Ուկրաինան, ու հիմա հեռվից արջին սպառնում են, թե նրան կզրկեն մեղրից»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս