Օբաման ցանկանում է, որ 2016 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնա Աբդուլլահ Գյուլը. Takvim

Թուրքական Takvim թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է, որ Թուրքիայի 11-րդ (նախկին) նախագահ Աբդուլլահ Գյուլը 2016 թվականին դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար: Սակայն դրան խոչընդոտում են նեոկոնները:

Թերթի տվյալներով՝ Օբաման ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Գյուլի թեկնածության հարցում կարողացել է անգամ համոզել Ռուսաստանին ու Չինաստանին, սակայն նույնը չի կարելի է ասել նեոկոնների պարագայում. այստեղ պայքարը դեռ ընթացքի մեջ է: Նրանք չեն ցանկանում, որ մուսուլմանը դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար:

Սրանից առաջ չէր բացառվել նաև, որ Գյուլը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար:

Հիշեցնենք, որ 2010 թվականի աշնանն ամերիկյան Foreign Policy պարբերականը հայտնել էր, որ Աբդուլլահ Գյուլը 2016 թվականին կարող է դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, և որ նրան այդ պաշտոնում տեսնում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (ներկայումս՝ Իսլամական համագործակցություն կազմակերպություն):

Որոշ փորձագետներ գտնում են, որ Էրդողանը կարող է նպաստել նրան, որ Գյուլը դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ դրանով իսկ նրան հեռացնելով երկրից:

Տեսանյութեր

Լրահոս