Առողջապահության նախարարը դպրոցում այնքան էլ լավ չի սովորել

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն այսօր այցելել էին իրենց հարազատ՝ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը, որտեղ մասնակցեցին սեպտեմբերի 1-ի՝ նոր ուսումնական տարվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Կամո Արեյանը շնորհավորեց բոլորին գիտելիքի օրվա առթիվ.

«Խնդրանքս է բոլորիդ՝ լցվել պատասխանատվությամբ, սա է բոլորիս առաքելությունն ու պարտքը: Ամենամեծ շնորհավորանքն եմ հղում այն մանկավարժին, որն առաջինը կբռնի մանկան ձեռքն ու կսովորեցնի մեսրոպատառ հայերենի առաջին տառը»,-ասաց նա:

pushkin1

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը անկեղծացավ լրագրողների հետ և պատմեց դպրոցում իր առաջին քայլերի մասին.

«Երեսունվեց տարի առաջ եկել եմ այս դպրոցը: Իմ առաջին ուսուցչուհին Մարգարիտա Աբրահամովնան էր: Հիշեցի այն բոլոր ուսուցիչներին, որոնց հետ կապված են իմ լավագույն մանկական հիշողությունները:

Շատ հուզումնալից ու ոգևորիչ օր է: Սովորելու առումով՝ չեմ փայլել դպրոցում, բայց առանձին առարկաներ, իհարկե, հաջողվում էին, առանձին առարկաներ մեծ սիրով էի պարապում, բայց կային առարկաներ, որոնցից խուսափում էի: Չեմ ուզում սեպտեմբերի մեկին մեր մանուկներին նման օրինակ ծառայել, որ առանձին առարկաներից խուսափեն: Ինձ համար հիմնականում ծանր էին լեզվի դասերը: Պատմություն, աշխարհագրություն, հետո նաև այն առարկաները, որոնք կապված էին իմ ապագա ընտրած մասնագիտության հետ՝ մեծ հաճույքով էի սովորում»,-պատմեց նա:

Նախարարն ապագա սերունդներին հաջողության հասնելու խորհուրդներ էլ տվեց.

«Աշխատասիրությունը հաջողության ամենամեծ գրավականն է: Երկրորդը՝ ընկերություն անելու հնարավորությունը: Հետո, իհարկե, ընտանիքը, ծնողները, հայրենիքը: Կարծում եմ՝ այս գաղափարներն ընկալելն այս տարիքում դեռ շուտ է և շատ բան կախված է ծնողներից, թե ինչպես են նրանք կարողանում երեխաներին ներկայացնել այս գաղափարներն ու օրինակ ծառայել նրանց համար»,-նշեց Արմեն Մուրադյանը:

pushkin

 

Տեսանյութեր

Լրահոս