Բաժիններ՝

Ո՞ր դպրոցներն են ճանաչվել լավագույնները. Ամենամյա օգոստոսյան խորհրդակցության արդյունքները

Այսօր Մոսկվայի տան դահլիճում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը: Հանդիպմանը ներկա էին ոչ միայն դպրոցների տնօրենները, այլև Երևանի վարչական շրջանների ղեկավարները և այլք, իսկ հանդիպումը վարում էին ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ուսումնական նոր տարվան ընդառաջ բարձրացվեցին հարցեր, որոնք հուզում են ինչպես աշակերտներին, ծնողներին, այնպես էլ ուսուցիչներին, տնօրեններին և կրթության ոլորտի պատասխանատուներին:
Հանդիպման սկզբում հնչեցին նախորդ ուսումնական տարում Երևանի լավագույն 10 դպրոցների անունները, որոնք ընտրվել են պետական տեսչության կողմից. դրանք են համար 89, 130, 11, 60, 84, 99, 100, 131, 168, 174 դպրոցները:

Նախորդ օրը դպրոցի տնօրենները էլեկտրոնային փոստով ուղարկել էին իրենց հուզող հարցերը, որոնք էլ քննարկվեցին հանդիպման ժամանակ: Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ հարցերի մեծ մասը վերաբերում էր Կրթության և գիտության նախարարությանը, և այդ հարցերին հանդիպման ժամանակ պատասխանեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Գայանե Սողոմոնյանը սկզբում բարձրացրեց ուսուցիչների թափուր տեղի հարցը, երբ գործընթացը դեռ ավարտված չէ, և տնօրենները ստիպված են լինում փոխարինող ուսուցչին հանձնարարել դաս տալ տվյալ դասարաններում, մինչև հիմանական ուսուցչին նշանակելը, իսկ դա գրանցվում է որպես խախտում: Նրա խոսքով՝ այսօր դպրոցներում տղամարդ ուսուցիչների խնդիր կա, և դրա պատճառով հաճախ տնօրենները ստիպված են լինում որոշ խախտումներ թույլ տալ՝ աշխատանքը չտապալելու համար:

Կարդացեք նաև

Պատասխանելով Կրթության և Գիտության նախարարությանն ուղված հարցերին՝ Մանուկ Մկրտչյանը հենց սկզբում նշեց, որ չի պատասխանելու «չարամիտ» հարցերին, փոխարենը կպատասխանի միայն բարյացկամ հարցերին: Երևի հենց այդ նկատառումից ելնելով էլ չպատասխանեց հնչած առաջին հարցին. «Գաղտնիք չէ, որ հաճախակի փոփոխվող, ոչնչով չհիմնավորված քայլերի շնորհիվ հասարակության մեջ հանրակրթության նկատմամբ կա բացասական և անկումային տրամադրություն»:

Մ. Մկրտչյանն այս հարցադրումը համարեց արդեն իսկ պնդում և նախընտրեց չպատասխանել:

Մ.Մկրտչյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ 2011-2015 թվականներին պետք է ստեղծվեին 10 գերազանցության դպրոցներ: Նրա խոսքով՝ նախ՝ շատ անհաջող թարգմանված բառ է, բայց միաժամանակ մոդայիկ. «Խոսքն առաջնակարգ դպրոցների մասին է: Ես գերազանցության դպրոցներին միշտ դեմ եմ եղել, հիմա էլ եմ դեմ: Մենք նման մտածողություն չունենք: Մեզ մոտ մրցակցային գաղափարախոսությունը չի աշխատում: Ես կողմնակից եմ ոչ թե գերազանցության, այլ առաջատար կենտրոններին, որոնք իրենց ետևից մի 10 դպրոց էլ քաշում են: Մենք ունենք 10 մարզ, և այդ մարզերն առաջին հերթին նայում են Երևանին: Պայմանավորվել էինք չէ՞, որ ամեն մի դպրոց գոնե մեկ մարզի մեկ դպրոցի հետ համագործակցի: Դա մեծ աջակցություն կլիներ այդ դպրոցների համար: Ախր դուք չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում գյուղի դպրոցի համար Երևանն ու երևանցին»:

Բարձրացվեց նաև քիչ աշակերտներ ունեցող դպրոցների հարցը: Մ. Մկրտչյանն ասաց, որ այսօր ոչ մի ծնող չի նայում, թե որ դպրոցում են լավ սովորեցնում, այլ նայում է, թե որ դպրոցն է տաք, որն է լավ կահավորված և որն է գտնվում շենքային լավ պայմաններում, ու իր երեխային տանում է այդ դպրոցը: Նրա խոսքով՝ իրենք քննարկումներ են անում ֆինանսների նախարարության և այլ կառույցների հետ, որպեսզի փորձեն բանաձևը փոխել:

Առաջարկ էր եղել նաև, որ ծայրամասային շրջաններում դասերը սկսվեն ժամը 9:00-ին: Այս առաջարկի հետ ևս Մ. Մկրտչյանը համաձայն չէր: Նրա խոսքով՝ սա աշխատանքային-հոգեբանական հարց է. «Երեխայի համար 8-8:30-ը լրիվ այլ թարմության վիճակ է, 9:00-ն՝ այլ: Դասերը սկսել ժամը 9-ին, նշանակում է 14-15:00-ին նոր ավարտել, իսկ մենք մտածում ենք՝ ինչ անել, որ երեխան դպրոցից հետո ժամանակ ունենա հաճախել այլ խմբակներ էլ՝ երաժշտական, սպորտային, գեղարվեստական, թատրոն և այլն: Դրա համար ուսումնական պրոցեսը պետք է շատ վաղ սկսել»:

Հարցեր և առաջարկներ հնչեցին նաև ներկաների կողմից: Տնօրեններից մեկն առաջարկեց փոփոխություններ անել ներառական կրթության մասին օրենքի 5-րդ կետում, որտեղ ասվում է, որ ներառական կրթություն իրականացնող հաստատությունում դասարանի համակազմում միաժամանակ կարող են ընդունվել 2-3 սովորող:

Հարցն այն էր, թե ինչ տրամաբանությամբ է 2-3 թիվը վերցված, և եթե կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, օրինակ, 6-7 երեխա, ապա տնօրենն ինչ սկզբունքով է նրանց միջև ընտրություն կատարելու: Մ. Մկրտչյանը համաձայնեց դիտարկման հետ, և ասաց, որ ոչ միայն այդ կետը, այլև որոշ այլ կետեր էլ պիտի փոխվեն.

«Մեր քաղաքականությունն այն է, որ բոլոր դպրոցները դառնան ներառական: Բայց ներառականի էությունը միայն այդ մի քանի երեխաները չեն, իրականում մենք այսօր բոլոր տեղերում արդեն ունենք ներառական իրողություն: Այն երեխան, որ շատ տաղանդավոր է, նա էլ ներառական կրթության կարիք ունի. չէ՞ որ նա ընդգրկվել է մի խումբ, որտեղ առաջնորդվում են միջին մակարդակով և ինքն իր նկատմամբ պահանջում է անհատական մոտեցում, բայց այսօրվա համակարգում այդ մոտեցումը սկզբունքորեն հնարավոր չէ: Իսկ ներառական կրթություն նշանակում է, որ երեխաներն ընդհանուր համագործակցային համատեղ աշխատանքի պայմաններում պետք է իրականացնեն անհատական կրթական ծրագիր: Այնպես որ, այդտեղ շատ կետեր են փոխվելու»:

Տնօրեններից մեկը հարց բարձրացրեց նաև շախմատի ուսուցիչների ընդունման կարգի հետ կապված, թե արդյո՞ք իրենք իրավունք ունեն առանց մրցույթի նրանց ընդունելու, որին ի պատասխան՝ Մ. Մկրտչյանն ասաց, որ այդ հարցով պետք է Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանին դիմել, նրա հետ համաձայնեցնել և նշանակել շախմատի ուսուցչին:

Հանդիպման ժամանակ բարձրացվեցին այլ հարցեր ևս, ինչպես, օրինակ, դասագրքերի քիչ և չափազանց հին լինելու, ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման, ուսուցիչների ցածր աշխատավարձերի, ծնողկոմիտեների հարցերը և այլ հարցեր ու առաջարկներ: Ի պատասխան դրանց՝ Մ. Մկրտչյանն ասաց, որ այդ բոլոր ուղղություններով քայլեր են արվում և ժամանակի ընթացքում կփորձեն այդ հարցերը կարգավորել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս