ՀԱԿ-ը դեմ է ՍԴ դիմելուն, բայց կդիմի

Հարցազրույց Հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ

– Երկու ամսից ավելի քառյակը համատեղ նիստեր չի գումարում, իսկ երկու օր առաջ տեղի ունեցած ԲՀԿ-ՀՅԴ խմբակցությունների հանդիպումը հաստատեց այն տեղեկությունները, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հարցով ՍԴ դիմելու շուրջ քառյակում կան տարաձայնություններ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ քառյակը դադարել է գոյություն ունենալ, ուղղակի այդ մասին գերադասում են չհայտարարել:

– Նման պնդումների համար բացարձակ ոչ մի հիմք չկա: Բոլոր խմբակցություններն էլ, բացի քառյակի ֆորմատից, ունենում են առանձին հանդիպումներ, և երկու խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպման մեջ ոչ մի արտառոց բան պետք չէ տեսնել:

– Քառյակի ֆորմատը, ըստ էության, կայացել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ պայքարի շրջանակում, և հիմա պարզվում է, որ այն, ինչ միավորում էր քառյակին, բաժանում է նրանց:

– Իհարկե, դա կարևոր հարց է, բայց ո՛չ ամենակարևորը: Գիտեք, ՀԱԿ-ի դիրքորոշումը շատ հստակ է. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ընդունվել է և արդեն գործում է: Մենք գիտենք, թե սովորաբար Սահմանադրական դատարանն ինչ որոշումներ է կայացնում, կամ ինչպես են այդ որոշումները կատարվում: Գարնանը ՍԴ-ի կողմից կայացված որոշումն իրականում ոչ մի արդյունք չտվեց ո՛չ քառյակին, ո՛չ «Դ!եմ եմ» շարժմանը, և ո՛չ էլ օրենքից դժգոհ մեր հասարակությանը: ՍԴ որոշումից հետո էլ պահպանվեց նույն համակարգը, որը կար մինչև այդ որոշումը, մի բացառությամբ, որ մասնավոր հատվածի աշխատողները որոշ ժամանակ չեն վճարելու: Եվ դա դեռ հարց է՝ այդ տարանջատումը մասնավորի և պետականի լա՞վ է, թե՞ վատ է:

Ցավալի է, որ այդ փոփոխության արդյունքում, ուզենք թե չուզենք, այդ համակարգի դեմ պայքարը մասնատվեց և թուլացավ: Հենց այդ պատճառով մենք ասում ենք, որ ոչ մի ակնկալիք չունենք Սահմանադրական դատարանից և անիմաստ ենք համարում ՍԴ դիմելը: Բայց եթե Դաշնակցությունը գտնում է, որ պետք է գնալ այդ քայլին, և ՍԴ դիմելու համար կարիքը լինի մեր ստորագրությունների, ապա ՀԱԿ-ը պատրաստ է սատարել նրանց նախաձեռնությանը՝ իր պատգամավորների ստորագրությունները դնելով ՍԴ դիմումի տակ:

– Միայն ՀՅԴ-ն չէ, ԲՀԿ-ն նույնպես կողմ է հերթական անգամ ՍԴ դիմելու տարբերակին:

– ԲՀԿ-ն, որքան ինձ հայտնի է, այս հարցում դեռ հստակ որոշում չի կայացրել. չի բացառվում, որ կողմ լինի, չնայած դեմ լինելու տարբերակը ևս չի բացառվում:

– Քառյակը հունիսի սկզբին կառավարությանը ներկայացրել է 12 կետից կազմված պահանջագիր և դրանք կատարելու համար վերջնաժամկետ տվել մինչև սեպտեմբերի 30-ը: Այդ կետերից առաջինը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքից պարտադիր բաղադրիչը հանելն է: Եթե քառյակը դիմում է ՍԴ, ստացվում է, որ դուք այդ պահանջը հանում եք կառավարության վրայից և դարձնում եք Սահմանադրական դատարանում վիճարկման հարց: Արդյոք ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի նպատակն այդ քայլով պահանջագրից հրաժարվելը չէ՞, կամ վերջնաժամկետի ժամկետների հետաձգումը:

– Եթե դա այդպես է, ապա ինքներդ եք հասկանում, թե ով է ավելի ճիշտ մտածում: Ես գտնում եմ, որ եթե դիմում ներկայացվի ՍԴ, ապա ՍԴ-ն այդքան շուտ վճիռ չի կայացնի: Իսկ մենք նպատակ չունենք հետաձգելու կամ հրաժարվելու մեր սեպտեմբերյան վերջնագրից: Չնայած հանրահավաքի օրը նշանակված չէ, բայց այն չի կարող կապվել ՍԴ որոշման հետ և անպայման կայանալու է քառյակի համատեղ ուժերով:

– Հնարավոր չէ՞, որ երբ լրանա վերջնաժամկետը, և ՀԱԿ-ը փորձի խոսել համատեղ հանրահավաքի մասին, ՍԴ դիմած կուսակցություններն ասեն, որ պետք է սպասել ՍԴ որոշմանը:

– Ես համոզված եմ, որ նման հանգուցալուծում չի լինի, որովհետև գիտեմ բոլոր խմբակցությունների տրամադրվածությունները, այն է, որ մեր ծրագրերը չեն կարող փոփոխվել, վերջնաժամկետի հարցը ուժի մեջ է, և համատեղ հանրահավաքը տեղի է ունենալու: Իսկ թե ի՞նչ տեղի կունենա հանրահավաքի արդյունքում և դրա հետևանքով՝ դա միայն տվյալ ժամանակահատվածում ձևավորված իրավիճակը կարող է հուշել:
Մեր նպատակը եղել և շարունակում է մնալ ամբողջական իշխանափոխությունը, քանի որ վերջին յոթ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող իշխանությունը ցույց տվեց, որ անընդունակ է երկրում որևէ բան փոխել դեպի դրական, այլ ընդհակառակը՝ երկիրն օր օրի գնում է հետադիմության ճանապարհով:

– Ձեր կարծիքով՝ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ՍԴ դիմելու որոշումը չի՞ նշանակում՝ հրաժարում կառավարությանը ներկայացված պահանջագիրց:

– Կարող եմ ասել, որ՝ ո՛չ, դա չի նշանակում: Բացի դա, նորից եմ կրկնում, որ ԲՀԿ-ն դեռ վերջնական որոշում այս հարցում չունի: Անկախ ՍԴ դիմել-չդիմելուց, քառյակի սեպտեմբերյան ծրագրերում ոչինչ չի փոխվել, և այն, ինչ մենք հայտարարել ենք, անպայման ի կատար ենք ածելու:

 

Տեսանյութեր

Լրահոս