Ձեր քայլը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է. Էդուարդ Շարմազանովը՝ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավարին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը օգոստոսի 30-ին ընդունեց Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Արցախ բարեկամության խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն:
Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը եւ Բալթյան երկրներից միակն է, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:

ԱԺ տարածած հաղորդագրության համաձայն ՝անդրադառնալով միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց բարեկամության խմբերի դերը: Նա բարձր գնահատեց Լիտվայի խորհրդարանում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը՝ նշելով, որ պատմական այս քայլով Լիտվան վերահաստատեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է եւ ժողովրդավարության ու ազատության վեհ արժեքների կրող:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը ԼՂՀ փաստացի անկախության վկայությունն է՝ հավելելով, որ Արցախի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը մեծապես կնպաստի Արցախում ներկայիս դրության իրական եւ լիարժեք պատկերացման ձեւավորմանը:

Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ղեկավար Դալիա Կուոդիտեն իր հերթին նշեց, որ բնական է համարում բարեկամության խմբի ստեղծումը: Նա կարեւորեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

 

Տեսանյութեր

Լրահոս