Սեյրան Օհանյանն ընդունել է ՄԻՊ-ին

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված հարցեր: Քննարկվեցին նաև պաշտպանության նախարարության կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ կարևորվում է ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ ՊՆ ներքին ուժերով զինված ուժերում մարդու իրավունքների, փողոցային բարքերի դեմ պայքարի, զինվորական կոլեկտիվների կառավարման և այլ հարցերով ուսումնական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը և իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացումը, որտեղ օմբուդսմենի ինստիտուտը ևս կարող է դերակատարում ունենալ:
Հանդիպման ավարտին նշվեց, որ համագործակցության առկա վիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է, սակայն անհրաժեշտ է ընդլայնել և ինստիտուցիոնալ մակարդակի բերել համակարգային լուծում պահանջող խնդիրների ուղղությամբ ջանքերի համադրումը:

 

Տեսանյութեր

Լրահոս