Շանթ Հարությունյանն առաջարկում է փոխել Էդվարդ Նալբանդյանի ու Սերժ Սարգսյանի անունները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատաքննությունը: Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրական ճառը դատարանում կհրապարակվի սեպտեմբերի 8-ին:

Դատարանում Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները հերթական դավաճանական քայլն են կատարել՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Թուրքիայի նախագահի երդման արարողությանը մասնակցությամբ: Շ. Հարությունանը հիշեցրեց, որ Թուրքիայի նախկին դաշնակից երկիր ԱՄՆ-ն այդ արարողությանը ներկայացված է եղել ընդամենը դեսպանի ժամանակավոր հավատարմատարի կարգավիճակով:

Ըստ Շանթ Հարությունյանի՝ այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը բարձր մակարդակով են մասնակցել, ցույց է տալիս, որ՝ «նրանք ոչ միայն հայրենիքի դավաճաններ են, ապացուցում են իմ մեղադրանքները, որ նրանք ռուս-թուրքական հատուկ ծառայությունների կամակատարներ են՝ Սերժը, Նալբանդյանը, մյուսները, այլևս չունեն արժանապատվության տարրական զգացում, չասեմ ազգային արժանապատվության, դա անկհայտ է, այլ մարդկային տարրական արժանապատվության զգացում էլ չունեն»:

Շանթ Հարությունյանն առաջարկեց Էդվարդ Նալբանդյանի անունը փոխել, դնել Ազքանազ Մռավյան՝ նշելով, որ Ասքանազ Մռավյանը սովետական, «ստրկական «հանրապետության»» արտաքին գործերի նախարար է եղել և վավերացրել է հայ-թուրքական արձանագրությունները, Սերժ Սարգսյանի անունն էլ, ըստ Շ. Հարությունյանի, կարելի է Մյասնիկյան դնել:

Կարդացեք նաև

Շանթ Հարությունյանն ասաց, որ եթե Ռուսաստանը Թուրքիայի բարեկամը չլիներ, ապա Հայաստանը կպատժվեր բարձր մակարդակով Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Շանթ Հարությունյանի խոսքով՝ մասնակցելով Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը՝ Էդվարդ Նալբանդյանը «իր իսկ ներկայությամբ ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը»:

Շանթ Հարությունյանն ասաց նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները համատեղ գործում են Հայաստանում հայրենասերներին ոչնչացնելու ծրագրով: «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն դրան այլ բացատրություն տալ, իմացեք՝ դրանք բոլորը ռուսական ԿԳԲ-ի գործակալներ են, և ոչ միայն փորձում են ռուսական ԿԳԲ-ի արարքը թաքցնել, այլև ավելի մեծ վնաս են տալիս՝ հայ ժողովրդի տրամաբանությունը խեղում են»,- ավելացրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս