Ոստիկանության գնդապետի կոչը վարորոդներին, ուսանողներին և դպրոցականներին

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սեպտեմբերի 1-ին ընդառաջ Ճանապարհային ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն: ՃՈ նոր անելիքների շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ոստիկանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի պահպանվի հասարակական կարգը. «Այս տարի, համաձայն ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գրավոր կարգադրության՝ աշխատանքները սկսվել են օգոստոսի 25-ից, այսինքն՝ մեկ ամսից ավելի շատ, և տևելու է մինչև հոկտեմբերի 1-ը: Մեր նախապատրաստական աշխատանքների շրջանակում այցելություններ ենք կատարել մայրաքաղաքի հատկապես այն դպրոցներում, որոնք ճանապարհի վրա են գտնվում և երթևեկության անվտանգության ապահովման տեսանկյունից ունեն որոշակի բարդություններ, հանդիպումներ դպրոցների տնօրենների, մանկավարժական կոլեկտիվի հետ, քննարկել այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սեպտեմբերի 1-ից հետո:

Մենք նաև ուսումնասիրել ենք բոլոր այն փողոցները, ճանապարհները, որոնց մոտակայքում կան դպրոցներ, բարձրացվել է այդ ճանապարհների՝ երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցներով հագեցվածության աստիճանը: Այս պահի դրությամբ կարելի է արդեն գնահատել, որ բոլոր ճանապարհային նշանները, գծանշումները թարմացվել են, այն վայրերում, որտեղ նախկինում չեն եղել հետիոտնային անցատեղեր և դրանց կարիքը եղել է, նոր գծանշումներ և հետիոտնային անցատեղեր են արվել հատկապես դպրոցներին կից ճանապարհներին»:

Նորիկ Սարգսյանը կոչ արեց բոլոր դպրոցականներին, ուսանողներին, որ ամառային  հանգստից հետո փորձեն միանգամից գալ նոր կարգավիճակի, գիտակցեն, որ այս ամենն արվում է իրենց իսկ անվտանգությունն ապահովելու նպատակով, ճանապարհն անցնեն բոլոր այն վայրերով, որտեղ կան համապատասխան հետիոտնային անցատեղեր:

Ոստիկանության գնդապետն զգոնության կոչ արեց նաև վարորդներին, որպեսզի ավելորդ շտապողականություն չցուցաբերեն, քանի որ չի բացառվում, որ ամեն վայրկյան որևէ երեխա հայտնվի հատկապես դպրոցին կից ճանապարհների բանուկ հատվածում:

Նորիկ Սարգսյանն ասաց, որ առայժմ միայն մայրաքաղաքի դպրոցներում են պարապմունքներ անցկացվել, բաժանվել են գրքույկներ, որոնք խաղերի միջոցով երեխաներին ճանապարհային երթևեկության կանոններն են ուսուցանում.

«Պարապմունքները նախաձեռնել ենք նախորդ ուսումնական տարվա ավարտին և հասցրել ենք մայրաքաղաքի 30 դպրոցներում կազմակերպել: Նախատեսել ենք սեպտեմբերի 10-ից սկսած տարբեր դպրոցներում էլի կազմակերպել պարապմունքներ և մեր ուժերով ու մեր կողմից կազմված գրքույկներով ուսուցանել ճանապարհային երթևեկության կանոնների տարրական այդ գիտելիքները»:

Բացի այդ՝ սեպտեմբերի 1-ից սկսած բոլոր դպրոցներում ծառայություն են իրականացնելու Ոստիկանության կարգախմբեր, որոնց մեջ ընդգրկված են լինելու ոչ միայն ճանապարհային ոստիկաններ, այլև պարեկապահակետային ծառայության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով տեսուչներ. «Առավոտյան ժամը 8:00-ից սկսած մինչև 9:30 րոպե և ցերեկը 11:00-ից մինչև 12:30 րոպե և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում ծառայություն կիրականացվի Ոստիկանության կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս