Բաժիններ՝

Ամառվա վերջին անակնկալը

Ամառը չի ավարտվում: Շոգ է: Հասարակական-քաղաքական կյանքը ոչ մի կերպ չի վերականգնվում: Կամ` արձակուրդից չի վերադառնում: Ոչ ոք չի աշխատում: Միայն կրթության նախարարությունն ինչ-որ բան հայտարարեց 12-ամյա պարտադիր կրթության մասին: Ոչ ոք ոչինչ չհասկացավ: Դեռ նախորդ դարի 70-ականներից էր միջնակարգ կրթությունը Հայաստանում պարտադիր հայտարարված: Հիմա կարծես թե վավերացվեց, որ 12-ամյա երեք դպրոցների` կրտսեր, միջին ու ավագ, կրթությունը նույնացվում է նախկին տասնամյայի հետ: Բայց դա ոնց որ կրթական բարեփոխումների սկզբից էր դեռ հայտնի: Երևի շոգի պատճառով որոշ չինովնիկներ մոռացել էին, հիմա հիշեցին: Հիշեցին ու հավանաբար պաշտոնապես ամրագրեցին: Շոգերը հենց ավարտվեն` պարզ կդառնա: Հաջորդ ու կենդանության նշաններ ցուցաբերող վերջին նախարարությունը Գյուղնախարարությունն է: Իշխանության այս օղակի բախտն ակնհայտ չի բերել:

Նրանք համարյա կես տարի են աշխատում: Բայց ինչպիսի՜ կես տարի: Վարուցանքը համընկնում է կարկուտների սեզոնի հետ: (Վերջին տարիներին դա կարծես պարտադիր է դարձել): Իսկ բերքահավաքի ու մթերման շրջանը` ամառային շոգերի: Նույնիսկ հարազատ հիդրոմետ ծառայությունն է ընդունում, որ այս տարվա օգոստոսը սովորականից 3-5 աստիճան ավելի շոգ է: Կամ, որ ավելի ճիշտ է` 3-5 աստիճան ավելի անտանելի: Ու հակառակի պես` Գյուղնախարարության գործունեության համար, խորհրդային բառապաշարով ասած, նոր ճակատ է բացվել: Մեր հիմնական գործընկերը` Ռուսաստանը, փակել է իր շուկան եվրոպա-ամերիկյան սննդամթերքի ու գյուղմթերքների առաջ: Մաքսային միության անդամների ու անդամության թեկնածուների առջև բարձր պարտավորություն է դրվել` լրացնել սննդամթերքի պակասը ՌԴ շուկայում: Ու այդ երկրների բոլոր գյուխնախարարներն արդարացնում են ՌԴ բարձր վստահությունը: Բոլորը համարյա միաբերան խոստանում են կրկնակի մեծացնել Ռուսաստան արտահանվող թարմ ու վերամշակված գյուղմթերքների ծավալը:

Մեր նախարարն էլ է հայտարարել: Բայց բոլորն էլ հասկանում են, որ արտադրության ծավալները կրկնապատկելը տարիների աշխատանք է պահանջում: Բոլորին հասկանալի էր, թե ինչպես են Մաքսային միության երկրները լուծելու այդ խնդիրը մոտակա տարիներին: Մինսկում կայացած առաջին դեմքերի վեհաժողովի ընթացքում ՌԴ նախագահը բաց տեքստով խոսեց այդ մասին: Նույնիսկ Բելառուսի ձախողված փորձի լուսանկարներ ցույց տվեց: ՌԴ մաքսային ծառայությունները կանխել էին լեհական արտադրության պահածոների մուտքը: Բելառուսները Լեհաստանում արտադրված ապրանքը ներմուծել էին, վերափաթեթավորել ու փորձել որպես սեփական արտադրության պահածոներ արտահանել Ռուսաստան:

Վերափաթեթավորել էին, բայց «մոռացել» էին պոկել լեհական պիտակները: Կամ դա անել տեխնիկապես հնարավոր չէր եղել: Նման հնարավորությունը կանխելու համար ՌԴ իշխանություններն անցած շաբաթ հայտարարել էին, որ արգելված եվրոպական սննդամթերքների ներմուծում կթույլատրեն միայն մեկ դեպքում` եթե դրանք ներմուծվեն Մաքսային միության անդամ երկրներ և վերամշակվեն հենց այդ երկրների արտադրական ձեռնարկություններում: Այս ձևակերպումից արդեն իսկ պարզ էր, որ եվրոպական արտադրության մթերքների հանդեպ ՌԴ սանիտարական ծառայությունների դրած արգելքը իրականում քաղաքական դրդապատճառներ ունի:

Մյուս կողմից` Մաքսային միության անդամ երկրներին բաց տեքստով առաջարկվում է ուրիշի արտադրած մթերքների վերամշակմամբ փող աշխատել` դրանք ՌԴ արտահանելով: Թե որքանով կոշտ կլինի Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում` ժամանակը ցույց կտա: Բայց մի բան պարզ է, որ ՄՄ անդամ ու թեկնածու երկրների գործարարների մի մասն ամեն կերպ կփորձի օգտվել ստեղծված իրավիճակից: Կփորձի եվրոպական արտադության մթերքները հենց տեղում փաթեթավորել` որպես Հայաստանում կամ Ղազախստանում արտադրված ապրանք, և տեղափոխել ՌԴ ներքին շուկայում իրացնելու:

Եթե ՌԴ իշխանություններին հաջողվի գտնել ալտերնատիվ մատակարարներ և ապահովել ներքին շուկան սննդամթերքի անհրաժեշտ քանակով, ապա հնարավորինս կկանխի գործընկեր երկրների բոլոր փորձերը: Իսկ եթե չհաջողի բնակչության սննդի մատակարարման գործում, ակնհայտ է, որ աչք կփակի հնարավոր խախտումների առջև: Այսինքն` Մաքսային միության անդամ երկրների գյուղմթերքների իրացումով զբաղվող գործարարները սպասողական վիճակում են: Բելառուսական առաջին փորձը ձախողվեց: Բայց ձախողման փորձի մասին նման բարձր մակարդակում ասվածից միանշանակ եզրակացություն անել առայժմ հնարավոր չէ: Բոլոր դեպքերում բոլոր երկրներն իսկապես կավելացնեն սննդամթերքի առաքման ծավալները Ռուսաստան: Բոլորովին այլ հարց է` դրանք իսկապես կլինեն առաքող երկրում արտադրված կամ վերամշակվա՞ծ, թե՞ պարզապես հեռավոր եվրոպաներում վերափաթեթավորված:

Համենայն դեպս, համաշխարհային սննդարդյունաբերության ոլորտում նոր ժամանակներ են սկսվում: Նոր ու արկածային: Եվ միայն ժամանակը ցույց կտա, թե ստեղծված իրավիճակից ինչպես կօգտվեն մեր գործարարները: Եվ, որ ամենակարևորն է` ինչ օգուտ կունենա դրանից մեր տնտեսությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս