Բաժիններ՝

Մեկնարկել են «YEREVAN SHOW 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները

Օգոստոսի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ասուլիս` նվիրված «YEREVAN SHOW 2014» 4-րդ ոսկերչական ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին:

Ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, Համաշխարհային հայ ոսկերիչների միության փոխնախագահ Բերջ Աբաջյանը:

Հոկտեմբերի 25-28-ը Երևանում արդեն 4-րդ անգամ Հայ ոսկերիչների համաշխարհային միության կողմից կկազմակերպվի «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը:

«Yerevan Show»-ն բացի իր ավանդական գործընկերներից` AJA անդամներից, տարեցտարի ընդլայնելով մասնակից երկրների աշխարհագրությունը, այս տարի կհյուրընկալի Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Բելգիայից, Շվեյցարիայից, Չեխիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Քուվեյթից, Հնդկաստանից, Հորդանանից, Արգենտինայից, Ճապոնիայից, Բելառուսից, Ավստրալիայից, Էստոնիայից և մի շարք այլ երկրներից ժամանած հայտնի ոսկերչական և ժամագործական ընկերությունների, գնորդների, փորձագետների և բարձրաստիճան հյուրերի:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով` «Երևան շոու-2014»-ի նորություններից է այն, որ ցուցահանդեսն անցկացվելու է «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում` ոսկերչական ազատ տնտեսական գոտու տարածքին կից գործող նորաբաց ցուցահանդեսային կենտրոնում:

«Մենք հուսով ենք, որ դրանով կմեկնարկի ազատ գոտու գործունեությունը, որի հետ կառավարությունը մեծ հույսեր է կապում: Այն կդառնա կլաստեր մեր ոսկերիչների, ադամանդագործների, ժամագործների համար»,-նշեց փոխնախարարը:

Ցուցահանդեսի կազմակերպչական բազմաբնույթ և ծավալուն աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով շահագրգիռ պետական կառույցների ներկայացուցիչներից ձևավորվել է միջգերատեսչական խումբ, որի աշխատանքները համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Համագործակցելով Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ` AJA-ն արդեն երկրորդ տարին է ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղական ոսկերչական ոլորտի ընկերություններին ցուցահանդեսին մասնակցելու համար:

Ցուցահանդեսի շրջանակում, հոկտեմբերի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, Արդյունաբերության զարգացման հիմնադրամը` AJA-ի հետ համատեղ կկազմակերպի նաև համաժողով՝ «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» խորագրով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս