Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը մեղքն իր վրայից գցում է տնօրենների վրա՞

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Երևանի «Բարև Երևան» ավագանու անդամ Անահիտ Բախշյանի խոսքով՝ այսօր մեր դպրոցներում կա կադրերի ավելցուկ. «Ըստ ԿԳ նախարարի հայտարարության՝ Հայաստանում 25 հազար դրույք կա: Դա նշանակում է՝ 25 հազար մարդ կարող է ունենալ 22 ժամ դաս, բայց այսօր գործում են 45 հազար ուսուցիչներ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավել: Սա խոսում է այն մասին, որ դպրոցներում կա կադրերի ավելցուկ: Իհարկե, նախարարը դպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է լինեն կրճատումներ՝ մեղքն իր վրայից գցելով տնօրենների վրա: Ես չեմ կարող ասել՝ ով է ճիշտ, ով՝ սխալ: Ճիշտն այն տնօրենն է, ով իր դպրոցում եղած ժամերի քանակությամբ ուսուցիչների օպտիմալ թիվ ունի, և այդ բոլոր ուսուցիչները համապատասխանում են ուսուցչի նկարագրին, նրանց ներկայությունն անհրաժեշտ է երեխաներին, և երեխաները հաճույքով են այդ ուսուցիչներին լսում: Այսպիսի ուսուցիչներ հավաքած տնօրենն անպայման կհաջողի:

Տնօրենները պիտի հիշեն, որ իրենք սոցիալական խնդիրներ չեն լուծում, իրենք չպիտի մտածեն, որ այս ուսուցիչը վարկ ունի, այն մեկը բազմազավակ է, երեխաների հոգսը պիտի հոգա, և ըստ դրա ուսուցիչներ ընդունի կամ աշխատավարձ տա:

Սա տնօրենի խնդիրը չէ, տնօրենի խնդիրը մեկն է՝ դպրոցն ապահովել մանկավարժներով, ովքեր գիտակ են, նվիրյալ և ծառայում են իրենց գործին: Դա հատուկ գործընթաց է, և ուսուցիչներին տնօրենը պետք է ընդունի ոչ թե սրա-նրա զանգով, այլ հատուկ մշակված ծրագրով և մեթոդներով: Աշխատավարձերն էլ ուղիղ համեմատական են այս քաղաքականությանը. որքան օպտիմալ է ուսուցիչների թիվը դպրոցում, այնքան բարձր են նրանց աշխատավարձերն, ի վերջո»:

168.am-ի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ մեր պետական բուհերը չեն հաշվարկում, թե ոլորտին որքան մասնագետներ են պետք և ըստ այդ թվի էլ դիմորդներ ընդունեն, որպեսզի հետագայում մանկավարժները չկանգնեն կրճատման կամ էլ ցածր աշխատավարձերով աշխատելու խնդրի առջև, տիկին Բախշյանը պատասխանեց, թե դա բոլորովին էլ բուհի խնդիրը չէ, այլ մեր հասարակության.

«Բուհն իր բիզնես շահերն ունի, բուհն ընդունում է, թող մեր հասարակությունը մտածի: Այն մարդիկ, որ այսօր Մանկավարժական համալսարան են դիմել, չե՞ն մտածել, որ հետագայում աշխատանք չեն ունենալու: Մասնագիտություն ընտրելը մարդու իրավունքն է, մարդու կամքը, իսկ բուհը չպիտի ասի՝ ես այսքան մարդ եմ ընդունելու, քանի որ պետությանն այսքան մանկավարժ է պետք: Միայն անցյալ տարի մոտ 3000 շրջանավարտ Մանկավարժական համալսարան է դիմել, բայց նրանցից քանի՞սն են աշխատանքի ընդունվելու, եթե չունեն համապատասխան ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ): Սա մեր երիտասարդների խնդիրն է, որպեսզի նրանք ոլորտը մի փոքր ուսումնասիրեն»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս