ՀՀ օմբուդսմենի տեղակալ. «Խիստ անհանգստացած ենք տեղեկատվական աղբյուրի բացահայտման ցանկացած պարտադրանքի դեպքով»

Վերաքննիչ դատարանում այժմ քննվում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ լրատվամիջոցների բողոքը, որով դատարանը երկու լրատվամիջոցների պարտավորեցնում է բացահայտել Շիրակի մարզի ոստիկանապետի մասնակցությամբ միջադեպի տեղեկատվության աղբյուրը: «Հրապարակ» օրաթերթն ու «ilur.am» կայքը վիճարկում են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը: Ինչպես հայտնի է, երկու լրատվամիջոցներն էլ, հղում անելով իրենց աղբյուրներին, գրել էին, որ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը բռնություն է գործադրել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ: Առաջին ատյանի դատարանի որոշման մասին զրուցել ենք ՀՀ օմբուդսմենի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ:

– Մայիսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նախաքննական գաղտնիքի հրապարակումը քրեորեն պատժելի արարք է: Լրագրողական որոշ կազմակերպություններ այս ընթացքում կարծիք հայտնեցին, որ ՀՔԾ-ի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունն այս հայտարարության շարունակությունն էր: Ձեր կարծիքով՝ արդյոք կապ կա՞ հայտարարության և դատարան ներկայացված միջնորդության միջև:

– Դրանք առնչվում են մի փոքր տարբեր հարցերի: Պարզաբանեմ՝ նախաքննության գաղտնիքի հրապարակման հետ կապված հայտարարությանն ի պատասխան` մեր կողմից Արդարադատության նախարարությանը համապատասխան առաջարկ ներկայացվեց՝ օրենսդրական հստակեցում մտցնել քրեական դատավարության օրենսգրքում, հատկապես 201-րդ հոդվածում, որն առնչվում է հենց նախաքննության գաղտնիքի հրապարակման հարցի կարգավորմանը: Մասնավորապես, առաջարկել ենք, որպեսզի հստակեցվի և քրեական պատասխանատվություն նախատեսվի կոնկրետ նախազգուշացված անձանց, այսինքն՝ համապատասխան սուբյեկտների համար: Թեև ենթադրվում է, որ այդպես պետք է լինի, սակայն օրենսդրությունն այդ մասով փոքր-ինչ անորոշ ձևակերպում է պարունակում: Ինչ վերաբերում է տեղեկատվության աղբյուրի բացահայտման խնդրին, սա կարգավորվում է այլ իրավական ակտերով և իրավանորմերով, մասնավորապես՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածով, որը նախատեսում է տեղեկատվության աղբյուրի պաշտպանության երաշխիքը:

Ընդհանրապես այս հարցի հետ կապված մենք տարբեր առիթներով հայտնել ենք մեր մտահոգությունը և խիստ անհանգստացած ենք տեղեկատվության աղբյուրի բացահայտման ցանկացած պարտադրանքի դեպքով, քանի որ գտնում ենք, որ ցանկացած նման դեպք սառեցնող և պոտենցիալ զսպող ազդեցություն է ունենում մամուլի ամբողջ դաշտի վրա, և տեղեկատվության աղբյուրի անբավարար պաշտպանությունը, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցին քննությանն աջակցելու նպատակով տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ պարբերական պահանջ ներկայացնելն ընդհանրապես կարող է զանգվածային լրատվամիջոցին զրկել տեղեկատվություն ստանալու հնարավորությունից՝ դրանով, բնականաբար, իր վտանգավոր հետևանքն ունենալ հասարակության՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի նկատմամբ:

Կարդացեք նաև

Այս առումով մենք խիստ անհանգստացած ենք և ընդհանրապես համարում ենք, որ անանուն աղբյուրների պաշտպանության բացակայության դեպքում մի շարք հանրային նշանակություն ունեցող տեղեկություններ ընդհանրապես չեն հրապարակվի, և աղբյուրներն ընդհանրապես կհրաժարվեն համագործակցելուց և հասարակական շահին առնչվող տեղեկատվություն տրամադրելուց:

– Երկու լրատվամիջոցները վիճարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը: Նրանց ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք են հնչեցրել, որ նման ընթացակարգ չկա, առաջին ատյանի դատարանը Հատուկ քննչական ծառայության միջնորդությունն ընդհանրապես վարույթ չպիտի ընդուներ և քններ: Արդյոք այս ընթացակարգը օրինակա՞ն է, թե՞՝ ոչ, կարո՞ղ էր դատարանը քննել միջնորդությունը և որոշում կայացնել դրա վերաբերյալ:

– Ես այս պահին պարզապես զերծ կմնամ դատարանի որոշումներին գնահատական տալուց այս հարցի վերաբերյալ, քանի որ գործը գտնվում է դատական պրոցեսում: Սակայն մենք նույնպես տեսնում ենք օրենսդրական բացի խնդիր: Մասնավորապես՝ Քրեական դատավարության օրենսգրքում բացարձակ անորոշ է այս գործերի քննության ընթացակարգը, դատարանի իրավասությունը և դատավարական երաշխիքները նման կարևորություն ունեցող գործերի քննության դեպքում: Առկա է ևս մեկ օրենսդրական բաց, որի վերաբերյալ մենք նորից Արդարադատության նախարարությանն առաջարկ ենք ներկայացրել: Դա վերաբերում է որպես վկա հարցաքննության ոչ ենթակա անձանց ցանկին:

Մասնավորապես, մեր Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է այն անձանց հստակ, սպառիչ ցանկը, ովքեր ենթակա չեն հարցաքննության` որպես վկա: Այս ցանկում նախատեսված չեն լրագրողները, լրագրողական գործունեություն իրականացնող անձինք: Այս առումով մենք նախարարությանն առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի ցանկը լրացվի, այնտեղ նախատեսվեն լրագրողները՝ տեղեկատվության աղբյուրի պաշտպանության նպատակով: Բոլորովին վերջերս մենք նախարարությունից պատասխան ստացանք, որ այս հարցն այժմ քննարկվում է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի կողմից՝ առավել համակարգային օրենսդրական լուծում տալու նպատակով: Հուսանք, որ այս փոփոխությունը կնախատեսվի նախագծում, կընդունվի, ինչը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա լրագրողների համար՝ տեղեկատվության աղբյուրի պաշտպանության տեսանկյունից:

– Եթե կա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշում, որը լրագրողին պարտավորեցնում է բացահայտել իր տեղեկատվության աղբյուրը, սակայն լրագրողը հրաժարվում է կատարել այն, ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել լրագրողը:

– Հատուկ նորմ Քրեական օրենսգրքով, որը նախատեսված է հենց տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու դեպքում քրեական պատասխանատվության վերաբերյալ, նախատեսված չէ, սակայն կա ընդհանուր նորմ. դա ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածն է, որը վերաբերում է դատական ակտը դիտավորությամբ չկատարելուն: Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելու համար քաղաքացին կարող է պատժվել տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով: Ընդ որում, այդ ակտը պետք է չկատարվի համապատասխան արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո միայն:

Նմանատիպ նորմ կա նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, որով նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-100-ապատիկի չափով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը քաղաքացու կողմից դիտավորությամբ չկատարելու համար: Եթե տեսականորեն նայենք, գործում են այս կարգավորումները, սակայն պետք է դիտարկել համակարգի մեջ՝ քրեական դատավարության օրենսգրքով համապատասխան իրավակարգավորումների հետ փոխադարձ կապի մեջ:

– Դրանք որքանո՞վ կարող են կիրառվել լրատվամիջոցների դեպքում: եթե տեսականորեն ընդունենք, որ լրատվամիջոցը՝ հղում անելով իր աղբյուրներին, տեղեկատվություն է հրապարակել, սակայն չի նշել դրա հեղինակի անունը, ի՞նչ կարող է լինել այս դեպքում:

– Դա երևի թե կախված կլինի որոշումից, թե կոնկրետ ում նկատմամբ կլինի տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտադրանքը: Ընդհանրապես պրակտիկայում այսպես է՝ կա՛մ լրագրողը հրաժարվում է տեղեկատվության աղբյուրը հրապարակելուց՝ անձնապես ինքը կրելով դրա հետևանքները, կա՛մ բացահայտում է տեղեկատվության աղբյուրը, ինչն իր հերթին` առաջացնում է իր վտանգավոր հետևանքներն` ընդհանրապես մամուլի ազատության, տեղեկատվության աղբյուրի վստահելիության մակարդակի վրա, և այլն:

Տեսանյութեր

Լրահոս