Փակել փողոցներն ու ասել՝ հերիք է

Երեկ Արմավիրում հավաքվել են Արցախյան պատերազմին մասնակցած մոտ 40 ջոկատների հրամանատարներ և քննարկել «Ազատամարտի մասնակիցների դաշինք» անվանումով կազմակերպություն ստեղծելու հարցը: Կազմակերպությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 20-ին մոտ, երբ Գերմանիայից կվերադառնա կազմակերպության ձևավորման հարցում գլխավոր համակարգողի դեր ստանձնած գեներալ Գագիկ Մելքոնյանը:

Այս կազմակերպությունն ավելի շատ քաղաքական նպատակներ հետապնդող կառույց է լինելու և, ըստ դրա անդամների, ստեղծվում է Հայաստանում «արմատական քաղաքական փոփոխություններ» իրականացնելու նպատակով: Արմավիրյան հավաքի մասնակիցներից «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանով են իրական տեղեկությունները, որ այս կազմակերպությունը ստեղծվում է որոշակի քաղաքական ուժերի հովանու ներքո և կատարելու է նրանց կողմից իջեցված քաղաքական պատվերը, պատասխանել է.

«Ես կարող եմ իմ անունից ասել, որ մենք ոչ մեկի զինվորը չենք դառնալու, քանի որ Հայաստանում ոչ իշխանության մեջ և ոչ էլ ընդդիմադիր դաշտում չկան իրենց ազնիվ ու առաքինի պահած ուժեր: Մեր նպատակը ստեղծված իրավիճակի դեմ պայքարն է. պայքարը գաղթի, աղքատության, սովի ու հուսալքության դեմ, որովհետև, եթե արմատական փոփոխություններ չլինեն, մենք շուտով կկորցնենք Հայաստանը»:

Իսկ հարցին, թե ինչպես են պատրաստվում իրականացնել այդ արմատական փոփոխությունները, Եղիազարյանը պատասխանել է. «Էլի կարող եմ ասել միայն իմ անունից. պետք է ժողովրդին հանել փողոց, փակել փողոցները ու ժողովրդի թալանչիներին, կեղեքիչներին ասել` հերիք է՝ այնքան եք լափել, որ կուրացել եք և չեք տեսնում, որ երկիրը տանում են կործանման: Բայց քանի որ մենք լացկան ազգ ենք, ես մի քիչ չեմ հավատում, որ դա կստացվի, քանի որ կարող են ասել` ախր չի կարելի` որ հայը հայի ոտք տրորի, կարող է մեկի աչքը չանկռեն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս