Լեռնիկ Ալեքսանյան. Ընդդիմությունը պահանջների ձևակերպման մեջ խնդիրներ ունի

«Աշնանը միշտ թեժ է լինում, քանի որ ամռան հանգստից հետո բոլոր քաղաքական ուժերը հանգստացած գալիս են և սկսում նոր լիցքերով աշխատել, ինչը բերում է որոշակի ակտիվություն: Թե ինչ աստիճանի ակտիվություն կլինի, արդյոք այդ ակտիվությունն այնպիսին կլինի՞, որ կբերի իշխանափոխության, ես ասել չեմ կարող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ իշխանափոխությունը բավական լուրջ գործընթաց է, ինչին ընդդիմությունը չի պատրաստվում, և բացի այդ՝ ընդդիմությունը չունի այն ռեսուրսը, որով կկարողանա իշխանափոխություն իրականացնել. «Ես մինչև հիմա չեմ տեսնում այն աշխատանքը, որը պետք է անի իշխանափոխության պատրաստվող կուսակցությունը: Ընդդիմությունը պահանջների ձևակերպման մեջ խնդիրներ ունի: Նրանք պետք է կարողանան իրենց պահանջները ճիշտ ձևակերպեն, որ ժողովուրդը հասկանա և գնա իրենց հետևից: Թե չէ՝ նստել և սպասել, որ հանրահավաք կանենք, մի քանի հազար մարդ կգա, և իշխանափոխություն կանենք՝ շատ սխալ է: Ընդդիմության ոչ մի մարզային շտաբ չի աշխատում, նրանք հանրությանը չեն տեղեկացնում իրենց քայլերի մասին, ինչն ինձ հիմք է տալի մտածելու, որ ընդդիմությունն էլ չգիտի՝ ինչքան մաս ունի»,- ասաց նա:

Խոսելով Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցերից՝ Լեռնիկ Ալեքսանյան նշեց, որ Հայաստանի առայժմ չի կարող հստակ կանխատեսումներ անել, բայց այն, որ Հայաստանի գյուղատնտեսության համար բավականին իրատեսական է ռուսական շուկան՝ փաստ է. «Կոնկրետ քայլեր են արվում, հանձնարարականներ, վարչապետը շատ խիստ զբաղվում է այդ հարցով, ուսումնասիրում են շուկան: Այս հարցը կա՝ թե ի՞նչ արդյունք կտա, ես նեղ մասնագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ռուսական շուկան՝ համեմատած եվրոպականի հետ, Հայաստանի համար շատ ավելի ընդունելի է: Ոչ թե լավն է, այլ շատ ավելի ընդունելի է, և այսօր Հայաստանը ավելի շուտ կինտեգրվի ռուսական շուկա, քան եվրոպական շուկա: Հնարավոր է՝ մեկ-երկու լավ գործարարներ փորձեն մտնել եվրոպական շուկա, բայց պետությունների միջև երկկողմանի հարաբերություններ ստեղծելն ուրիշ է, միություն ստեղծելը լրիվ այլ է»:

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ ընդհանրապես զարգացման պարագայում պետական աջակցությունը միշտ թողնում է իր դրական ազդեցությունը. «Հատկապես Հայաստանի Հանրապետությունում բոլոր այն ոլորտներում, արտադրություններում, որտեղ հանկարծ պետական աջակցություն է լինում՝ արդեն դադարում է հարկային տեռորը նրանց նկատմամբ: Այսօր բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ, ըստ էության, դադարել են գործունեությունը՝ պայմանավորված մի հանգամանքով՝ որ արդեն չեն դիմանում այդ տեռորին»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս