ՀԱԿ-ում Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտամունքը փոխարինում են Գագիկ Ծառուկյանով

ՀԱԿ վարչության անդամներն այցելում են մարզեր և տեղերում հանդիպումներ կազմակերպում տեղական կուսակցական ակտիվի հետ: Հանդիպումների հիմնականում մեկնում են ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը: Այցելությունների պաշտոնական նպատակն արդի քաղաքական իրավիճակի ներկայացումն է և հնարավոր զարգացումների քննարկումը:

ՀԱԿ-ի ղեկավարները, ըստ էության, որևէ նոր բան չեն ասում իրենց կուսակիցներին, բացի նրանից, ինչ նրանք գիտեն առանց նրանց այցելությունների էլ. կա քաղաքական քառյակ, որի մաս է կազմում ՀԱԿ-ը, և այդ քառյակի շրջանակներում էլ ՀԱԿ-ը շարունակում է պայքարը հանուն իշխանափոխության: Ասում են, որ իրենք քառյակի շրջանակներում իշխանությանը ներկայացրել են 12 կետից կազմված պահանջագիր և մինչև սեպտեմբերի վերջ սպասելու են՝ տեսնելու, թե ինչպե՞ս է իշխանությունը կատարելու իրենց պահանջները, որից հետո քառյակով քննարկելու են պահանջների կատարման ընթացքը և որոշումներ են կայացնելու, այդ թվում և՝ հանրահավաքների հրավիրումը և մյուս բողոքի հնարավոր գործողությունները:

Ձեռքի հետ մի փոքր նեղսրտում են, որ իշխանությանը պետք չէր այդքան շատ ժամանակ տալ, մանավանդ, որ իրենք այն ժամանակ էլ գիտեին, որ այս իշխանության կամ կառավարության հետ հույսեր կապել չի կարելի, որ այդ կետերի ճնշող մեծամասնությունը կառավարությունը չի կատարելու, բայց քանի որ քառյակը կոլեգիալ մարմին է, իրենք հանուն քաղաքական ուժերի միասնականության պահպանման՝ որոշել են գնալ որոշակի զիջումների:

Չնայած այս ստանդարտ ձևակերպումներին՝ հանդիպումների ժամանակ ՀԱԿ ղեկավարությունը կուսակիցների և համախոհների շրջանում ձևավորում է մի այլ կուլտ` Գագիկ Ծառուկյանի՝ որպես քառյակի ղեկավարի և շարժիչ ուժի:

Հանդիպումների ժամանակ ՀԱԿ շարքային անդամներին հետաքրքրում է, թե որքանով է իրատեսական, որ ԲՀԿ-ն կկանգնի մինչև վերջ և չի դավաճանի համաժողովրդական շարժմանը: ՀԱԿ անդամներն ասում են, որ Արամ Մանուկյանը և մյուսներն իրենց բացատրում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է երկրում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, իսկ դա նշանակում է, որ այդ հեղափոխության շարժիչ ուժը պետք է լինի խոշոր բուրժուազիան՝ նկատի ունենալով, առաջին հերթին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին: Իսկ որ Գագիկ Ծառուկյանը համաժողովրդական շարժման հետ է և պատրաստ է այն գլխավորել՝ Արամ Մանուկյանը հիմնավորում է նրանով, որ Ծառուկյանն անձամբ է այցելել Տեր-Պետրոսյանի բնակարան, և այդ ամենը ցուցադրվել է Ծառուկյանին պատկանող հեռուստաընկերության եթերում:

Մանուկյանը հայտարարել է, որ իր այդ քայլով Ծառուկյանը դեմոնստրատիվ կերպով իշխանությանն ասել է, որ ինքը շարունակում է լինել քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում:

Մյուս կարևոր մեսիջը, որ փոխանցում են ՀԱԿ ղեկավարներն իրենց կուսակցականներին, այն է, որ ՀԱԿ-ը միայնակ չի կարող որևէ քաղաքական ակցիա իրականացնել:

Երբ ՀԱԿ ակտիվիստները հանդիպումների ժամանակ բարձրացնում են պահանջներ, որ պետք չէ սպասել, թե ինչ կանեն մյուս ուժերը, այլ պետք է նախկինի նման ինքնուրույն ինչ-որ քայլեր իրականացնել, ՀԱԿ ղեկավարները մատնացույց են անում հանդիպմանը եկածների սակավությունը և ասում՝ արդյոք այդ քանակի համակիրներ ունենալու պայմաններում հնարավո՞ր է ինքուրույն ինչ-որ քայլ կատարել, հանրահավաք կամ երթ կազմակերպել: Մարզային հավաքներին մասնակցում են 10-30 մարդ, ինչը նշանակում է, որ ՀԱԿ կուսակցականների և համակիրների քանակը հանրապետությունում չի անցնում 500-600-ը, ճիշտ այնքան, որքան հավաքվում է Մելիք-Ադամյանում՝ համագումարների ժամանակ:

ՀԱԿ անդամներն ասում են, որ կուսակցության ղեկավարությունն իրենց համոզում է, որ իրենք վերածվել են ԲՀԿ-ի օժանդակ կառույցի և իրենք պետք է սպասեն, թե ինչ կորոշի ԲՀԿ-ն: Ըստ ՀԱԿ ակտիվիստների՝ ՀԱԿ ղեկավարությունն իր այս պահվածքով երկու խնդիր է լուծում. մի կողմից՝ արդարացնում է իր անգործությունը և պասիվ պահվածքը, մյուս կողմից՝ ՀԱԿ-ի ղեկավար ու առաջնորդ է հռչակում Գագիկ Ծառուկյանին:

«Մեզ հասկացնում են, որ առանց ԲՀԿ-ի մարդկային ու նյութական ռեսուրսների՝ մենք ոչ մի բան չենք կարող անել, եթե ինչ-որ բան կարող է այսօր անել՝ դա ԲՀԿ-ն է, իսկ մենք պետք է լինենք օժանդակողի դերում»,- ասում է մեր զրուցակիցը:

Քանի որ ՀԱԿ-ի անդամներն այլևս չեն հավատում իրենց առաջնորդին ու նրա անսխալականությանը, նրանք իսկապես սկսել են լուրջ հույսեր կապել Գագիկ Ծառուկյանի հետ՝ մտածելով, որ գոնե Ծառուկյանի հարցում Տեր-Պետրոսյանը չի սխալվի:

 

Տեսանյութեր

Լրահոս