Ադրբեջանի ԱԳՆ-ը դժգոհ է Վաշինգտոնի ու Փարիզի քննադատություններից

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ԱԳՆ-ը հերքել է ԱՄՆ պետդեպարտամենտի ու Ֆրանսիայի ԱԳՆ-ի քննադատությունները` կապված Հայաստանի քաղաքացի, գերեվարված Կարեն Պետրոսյանի մահվան հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարել է, թե «Պետրոսյանն Ադրբեջանի տարածք է մտել դիվերսիոն-հետախուզական խմբի կազմում` դիվերսիաներ անելու համար, և գերի է ընկել հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելու ժամանակ»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Պետրոսյանը «հանկարծամահ է եղել» և որ բժշկական փորձագետները «թափանցիկ հետաքննել են» նրա մահվան պատճառները և այդ մասին իրազեկել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին:

Ադրբեջանի ԱԳՆ-ը սկսել է մի շարք մեղադրանքներ ներկայացնել հայկական կողմին և հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրենց քննադատական հայտարարություններն արել են «հայկական սփյուռքի քարոզչամեքենայի ներգործությամբ, ինչը զարմանք է հարուցում և անընդունելի է»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային կոչ է արել «սկզբունքային դիրքորոշում որդեգրել հակամարտության կարգավորման վերաբերյալ, չկիրառել երկակի ստանդարտներ և չցուցաբերել կանխակալ մոտեցում ցավակցություններ ու մտահոգություններ հայտնելիս»:

Տեսանյութեր

Լրահոս