Քառյակում ՍԴ դիմելու հարցում առկա են տարաձայնություններ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ըստ էության, հաստատեց տեղեկություններն այն մասին, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հարցով հերթական անգամ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ քառյակում կան որոշ տարաձայնություններ: Մինասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղել են առանձին հայտարարություններ ՍԴ դիմելու նպատակահարմարության վերաբերյալ, սակայն, ամեն ինչ պարզ կլինի միայն այն ժամանակ, երբ վերջնականապես պատրաստ կլինի Սահմանադրական դատարան ուղարկվելիք դիմումի տեքստը:

«Այս պահին դիմումը պատրաստվում է, ամենայն հավանականությամբ, այն պատրաստ կլինի սեպտեմբերին, որից հետո տեքստը կներկայացվի քառյակի նիստում: Քանի դեռ տեքստը պատրաստ չէ, և այն չի քննարկվել քառյակի համատեղ նիստում, խոսել տարաձայնությունների մասին՝ ճիշտ չէ: Չնայած, այո՛, եղել են որոշ հայտարարություններ դիմելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Հունիսի 21-ին ԱԺ-ում հրավիրված արտահերթ նստաշրջանում քվեարկվեց և ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Այս փոփոխություններն ինչ-որ իմաստով կոսմետիկ բնույթ էին կրում, քանի որ կուտակային պարտադիր համակարգը չէր վերացվում:

Իրենց ընդդիմադիր և այլընտրանք հռչակած խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ արտահերթ նստաշրջանը՝ փորձելով դրանով խոչընդոտել ԱԺ որոշման կայացմանը, սակայն ՀՀԿ-ն կարողացավ անհրաժեշտ 66 կողմ ձայնով անցկացնել օրենքի իր ցանկալի փոփոխությունները:

Դրանից հետո քառյակի անդամները հայտարարեցին, որ կրկին անգամ դիմելու են ՍԴ՝ վիճարկելու ինչպես՝ օրենքի ընդունման ժամանակ խախտված ընթացակարգերը, այնպես էլ՝ օրենքի բովանդակությունը, որը, ըստ նրանց՝ չի համապատասխանեցվել ՍԴ-ի կողմից այյդ հարցով ընդունված որոշմանը:

Ենթադրվում էր, որ ՍԴ դիմումը պետք է պատրաստ լիներ դեռևս հուլիս ամսին, սակայն դրա պատրաստումն անընդհատ հետաձգվում է: Ըստ քառյակին մոտ կանգնած աղբյուրների՝ հետաձգման պատճառն այն է, որ քառյակում ՍԴ դիմելու վերաբերյալ կան լուրջ տարաձայնություններ:

Մասնավորապես՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն համարում են, որ պետք է գնալ պայքարի սահմանադրական ճանապարհով. Այսինքն՝ Սահմանադրական դատարանում ապացուցել, որ խորհրդարանը հերթական հակասահմանադրական օրենքն է ընդունել, և պահանջել, որ ՍԴ-ն հերթական անգամ պարտավորեցնի խորհրդարանին՝ այն համապատասխանեցնել Սահմանադրությանը:

Մինչդեռ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչները գտնում են, որ ՍԴ դիմելն անիմաստ զբաղմունք է և ժամանակի անտեղի վատնում: Որպես օրինակ՝ նրանք բերում են ՍԴ դիմելու իրենց նախորդ փորձը:

Նրանք նկատի ունեն ապրիլի 2-ին ՍԴ որոշմանը հետևած իրադարձությունները: Ապրիլի 2-ին ՍԴ-ն որոշում կայացրեց, որով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթներ և մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեց խորհրդարանին՝ օրենքի հակասահմանադրական ճանաչված դրույթները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

Հունիսի 21-ին տեղի ունեցած քվեարկությամբ ընդունված փոփոխությունները կառավարությունը և ՀՀԿ խմբակցությունը համարում են ՍԴ որոշման կատարում: Մինչդեռ քառյակի պատգամավորները համարում են, որ ընդունվել է հերթական հակասահմանադրական օրենքը: ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները գտնում են, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը պետք է իր ուզած ձևով մեկնաբանի ՍԴ որոշումները և իր ուզած փոփոխությունները կատարի օրենքում, ապա ի՞նչ իմաստ ունի դիմել ՍԴ:

Իսկ մյուս կողմն էլ պնդում է, որ պայքարի այլ եղանակ, քան սահմանադրականն է, չկա, և չօգտվել դրանից, նշանակում է՝ համակերպվել ստեղծված վիճակի հետ:

Այս հարցով մենք զրուցեցինք նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ: Վերջինս պատասխանելով մեր այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի այն տեղեկությունները, որ իր կողմից ղեկավարվող խմբակցությունը դեմ է ՍԴ դիմելու գաղափարին՝ պատասխանեց. «ՍԴ դիմումի տեքստը դեռ վերջնականապես պատրաստ չէ, երբ այն պատրաստ կլինի և կքննարկվի, այդ ժամանակ էլ մենք կհայտնենք մեր դիրքորոշման մասին»:

Մեր ճշտող հարցին՝ արդյոք կարելի՞ է ասվածից հետևություն անել, որ «Ժառանգությունը» կարող է դեմ լինել ՍԴ դիմելու որոշմանը, Հակոբյանը պատասխանեց. «Բոլոր հարցերը՝ քննարկումներից հետո»:

Ըստ էության, երկու տարբերակն էլ՝ և՛ ՍԴ դիմելը, և՛ չդիմելը, նույն արդյունքն են ունենալու, իշխանությունը շարունակելու է կյանքի կոչել կուտակային կենսաթոշակային համակարգը: Այնպես որ, քառյակում առկա այս տարաձայնություններն իսկապես անիմաստ են, և նրանք ավելի ճիշտ կանեն՝ այս անիմաստության շուրջ իզուր տարաձայնություններ չունենան: Երկու անիմաստությունից ավելի նախընտրելին, իհարկե, ՍԴ դիմելն է, քանի որ առնվազն երկու ամիս այդ թեմայով լուրջ քննարկումներ կլինեն՝ մինչև ՍԴ որոշման կայացումը, իսկ դրանից երկու ամիս անց էլ՝ ՍԴ որոշումը կյանքի կոչելու խնդիրների շուրջ:

 

Տեսանյութեր

Լրահոս