Գյուղատնտեսության նախարարը համոզված է՝ քանի դեռ չեն ստեղծվել կոոպերատիվներ, գյուղացին միշտ բողոքելու է

«Այս տարի առաջին անգամ հանրապետության գյուղացիական տնտեսություններին լիզինգային կարգով տրակտորներ տվեցինք ՝ ցածր տոկոսադրույքներով: Այս և կիրառվող մյուս ծրագրերը ամբողջապես շարունակվելու են: Բարձրացվելու է վարկերի մատչելիության մակարդակը, դրա համար ունենք «Գյուղացիական վարկերի մասին օրենքը», որն առաջիկայում կառավարությունը պետք է քննարկի: Օրենքը ներառում է վարկերի մատչելիության բարձրացման, գյուղացիական տնտեսությունների իրավունքների ամրապնդման և այլ խնդիրներ»,- այսօր լրագրողնրի հետ հանդիպման ընթացքում ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Լրագրողների հարցին, թե Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի տասնօրյա չգործելը ի՞նչ բացասական հետևանքներ կթողնի գյուղատնտեսության վրա, նա պատասխանեց. «Մեզ համար Լարսը շատ կարևոր ուղի է և միակ ավտոտրանսպորտային ճանապարհը, որով տեղափոխվում են շուտ փչացող ապրանքները, հատկապես պտուղ-բանջարեղենը: Մթերման աշխատանքները՝ արտահանման առումով շարունակվում են և ճանապարհի բացելուն պես արտահանումը կիրականացվի»:

Իսկ այն հարցին՝ եթե գյուղատնտեսությունը մեզ մոտ զարգանում է, ապա գյուղացին ինչո՞ւ է բողոքում և ինչ աշխատանքներ են տարվում տուժած գյուղացիներին օգնելու համար, գյուղնախարարը պատասխանեց. «Դժգոհություններ միշտ էլ լինելու են, քանի որ գյուղերում միասնական աշխատանք չկա: Բայց գյուղատնտեսության ոլորտում վնասաբեր ոչ մի կուլտուրա չկա: Կան բարձր և ցածր եկամտաբերություն ունեցող մշակաբույսեր: Իրանց եկամտաբերության տոկոսը բարձր է, սակայն եկամտի ծավալները շատ փոքր են: Դրա համար գյուղացին միշտ բողոքելու է: Մեր նպատակն է ստեղծել միություններ, կոոպերատիվներ, ինչպես արվել է եվրոպական երկրներում:
Մենք օգնում ենք գյուղացիական տնտեսություններին՝ իրենց կրած վնասները մեղմելու առումով: Պետության հնարավորությունները մեծ չեն և եղածի չափով օգնում ենք գյուղացիներին: Այս տարի մթերման գները բարձրացել են: Եթե գյուղացուն հարցնեք՝ կասի ՝ էլի էժան է: Արտադրողը միշտ ուզում է իր ապրանքն ավելի թանկ վաճառել: Շուտով կհրապարակենք գյուղամթերքների ինքնարժեքները ու կտեսնեք, որ բոլոր մթերքներն էլ եկամտաբեր են:
Մենք ունեցել ենք և ունենք ոռոգման խնդիր, որը հիմնականում կապված է մեր ջրամբարների ոչ լիարժեք լցվելու հետ, որի հետևանքով ունեցանք խնդիրներ: Սակայն ձեռնարկվել են միջոցներ և սահմանափակվ է ջրօգտագործումը: Այս խնդիրն առկա է հիմնականում Արմավիրի մարզում, որտեղ ոռոգումը կատարվում է գրաֆիկով և խնդիրը մի փոքր մեղմվում է»:

Գյուղնախարաը խոսեց կաթիլային համակարգով ոռոգման մասին և ասաց, որ դա մեծ ծախսեր չի պահանջում և շատ արդյունավետ է. «Արդեն որոշ գյուղացիական տնտեսություններ անցել են այդ եղանակին, օրինակ՝ Արարատի մարզում հիմնվել են 5 հա ընդգրկող նոր խաղողի այգիներ, որտեղ ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգով: Համոզված եմ, որ առաջիկայում մեր գյուղացիական տնտեսությունները կանցնեն այս նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Այս տարի մենք որոշակի խնդիրներ ունեցանք ջրի հետ կապված և ջրի խնայողությունը մեզ համար ամենակարևոր խնդիրն է»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս