Բաժիններ՝

Հայաստանն արդեն ամուր ու ինքնաբավ տնտեսություն ունեցող երկիր է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը այսօր տարածած հաորդագրությամբ հիշեցնում է, որ Հայաստանի զարգացմանն ուղղված ԱՄՆ աշխատանքների համատեքստում 2014թ. օգոստոսը նշանավորվում է որպես շրջադարձային կետ, քանի որ ավարտվում է 1992թ. ի վեր իրականացվող ամենահաջող ծրագրերից մեկը, որի շրջանակում մարդասիրական օգնություն էր տրամադրվում Հայաստանին:

«Վերջին 22 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների կառավարությունը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին ու նախկին ԽՄ պետություններին: Նախաձեռնությունը, որ հայտնի է «Գործողություն՝ հույս պարգևիր» անվանումով, շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել բնակչության խոցելի խմբերին, մասնավորապես՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաներին, անչափահասներին, աղետներից տուժածներին: Մինչ օրս Հայաստանին տրամադրված օգնության գումարային արժեքը հաշվարկվում է շուրջ 435 միլիոն ԱՄՆ դոլար:

«Գործողություն՝ հույս պարգևիր» ծրագրի ավարտը Հայաստանում նշանակում է, որ Հայաստանն արդեն ամուր ու ինքնաբավ տնտեսություն ունեցող երկիր է: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցությունն Հայաստանին՝ սատարելով մասնավոր հատվածի բազմազանեցման, ամուր ֆինանսական հաստատությունների կայացման և միջազգայնորեն մրցունակ աշխատուժի ձևավորման հարցերում: Օգոստոսի 21-ին դեսպան Հեֆերնը կազմակերպել էր ընդունելություն այս ծրագրի իրականացման հարցում ներդրում ունեցած գործընկերների պատվին:

Ընդունելությանը որպես պատվավոր հյուր մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարության մարդասիրական ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերրի Օբենդորֆերը: Ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, տեղական հասարակական կազմակերպություններ ու ծրագրի անմիջական շահառուներ: Ծրագրի Հայաստանում ունեցած հաջողություններից առանձնացնենք մի քանիսը.

փոքրածավալ վերակառուցման ծրագրերի բաղադրիչի շրջանակում վերանորոգվել են 51 կրթական ու առողջապահական հաստատություններ.

բաշխվել են շուրջ 1.2 միլիոն դոլարի արտակարգ իրավիճակների համար նախատեսված փաթեթներ, որոնք ներառել են քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ և դաշտային պայմաններում անհրաժեշտ պարագաներ.

ներմուծվել ու ավելի քան 300 միլիոն ԱՄՆ դոլարի մարդասիրական օգնություն է բաշխել բնակչության խոցելի խմբերին (մոտ 2 միլիոն շահառու).

ավելի քան 230 բուժհաստատություններ ու հատուկ կրթական հաստատություններ ապահովվել են հիմնական դեղորայքով, բժշկական ու ոչ բժշկական պարագաներով (հագուստեղեն, հիգիենայի պարագաներ, դպրոցական պիտույքներ, նորածնի պարագաներ, կարի պիտույքներ, ծածկոցներ, անկողնային պարագաներ և մարդասիրական օգնության այլ պարագաներ).

անվճար դեղամիջոցներ, բժշկական ու ոչ բժշկական պարագաներ ստանալու հնարավորություն է ընձեռվել տարեկան շուրջ 150.000 հոգու.

շուրջ 34 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ են տրամադրվել առողջության առաջնային պահպանության հիմնարկներին, ինչպես նաև բնակչության սոցիալապես անապահով խմբերին.

տրամադրվել են ավելի քան 6 միլիոն ԱՄՆ դոլարի դեղորայք ու պարագաներ.
հիմնվել, սարքավորումներով ապահովվել ու աջակցություն է ստացել Ալավերդու կլինիկան (մասնավոր նվիրատուների հետ միասին). այս կլինիկան համայնքի խոցելի խմբերի բնակիչներին մատուցում է անվճար բժշկական ծառայություններ.

ստեղծվել է շարժական բժշկական թիմ, որն անվճար բուժծառայություններ է մատուցում Լոռու ու Տավուշի հեռավոր բնակավայրերի բնակիչներին.

տրամադրվել է ավելի քան 100.000 դեղաբաժին պատվաստանյութ կարմրուկի, կարմրախտի ու խոզուկի (ԿԿԽ) դեմ Երևանում ու գյուղական բնակավայրերում իրականացվող երեխաների պատվաստումների ծրագրի շրջանակում:
Ծրագիրը Հայաստանում իրականացվել է 5 հիմնական գործընկեր կառույցների միջոցով, դրանք են՝

Քաունթերփարթի Համայնքային ու մարդասիրական օգնության ծրագիրը (ՀՄՕԾ), ԱՄՔՈՐ-Հայաստան, Հելլենիքեյր, Միջազգային օգնություն և զարգացում (IRD) և Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս