Հայաստանում հայրենասիրության մրցույթ է

Հայաստանի քաղաքական և իշխանական շրջանակներում հայրենասիրության փոթորիկ է մոլեգնում: Խորհրդարանը, կառավարությունը, առանձին քաղաքական գործիչներ իրար հետ թեժ մրցակցության մեջ են մտել՝ փորձելով ցույց տալ, թե իրենցից ով է ավելի հայրենասեր, ով է ավելի շատ մտահոգ բանակի և սահմանամերձ շրջանների բնակչության համար:

Օգոստոսի 19-ին խորհրդարանական 6 խմբակցությունների ներկայացուցիչներ հավաքվել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի աշխատասենյակում և քննարկել «Սահմանապահ բնակավայրերի մասին» օրենքի նախագիծ գրելու հարցը: Մինչ այդ հայտնի է դարձել, որ նման նախագիծ է ներկայացրել նաև ֆորմալ առումով ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Սահմանամերձ բնակավայրերին հատուկ կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագիծ է մշակվում նաև կառավարությունում, որի նախաձեռնողը, մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն է:

Այս ամենը սկիզբ առավ հուլիսի 31-օգոստոսի 2-ին Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում Հայակական բանակի իրականացրած գործողություններից հետո: Իշխանությունը և քաղաքական ուժերը որոշեցին օգտվել բանակի հաջողություններից և ցույց տալ որ, իրենք էլ իրենց բաժինն ունեն այդ հաջողության մեջ: Կառավարության անդամները, մարզպետներն ու ոչ իշխանական կամ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը որոշեցին իրենց բաժինը ստանալ այդ հաջողություններից` այցելելով ԼՂՀ և Հայաստանի սահմանամերձ շրջաններ, հանդիպելով զինվորականության և տեղի բնակչության հետ: Նրանց թվում է՝ բավարար է, որ իրենք հեռուստաէկրաններին երևան զինվորների և սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, և միանգամից իրենք էլ կդառնան նրանց նման հերոսներ, նրանց հետ կկիսեն սահմանամերձ գյուղերը և պահելու, և ադրբեջանական դիվերսանտների գրոհները հետ մղելու դափնիները:

Հիմա «ռազմական» գործողությունները տեղափոխվել են օրենսդրական դաշտ, և կողմերից յուրաքանչյուրը փորձում է ապացուցել, որ ինքն ամենաշատն է մտածում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մասին, որ իրենց մշակած օրենքն ավելի մեծ արտոնություններ է տալիս այդ համայնքի բնակիչներին:

Օրինակ, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները որոշել են սահմանամերձ բնակավայրի փոխարեն ներմուծել նոր հասկացություն` «սահմանապահ բնակավայր», որը, չնայած, արդեն առկա է Նիկոլ Փաշինյանի նախագծում: Նրանք իրենց ներկայացրած տարբերակում առաջարկելու են, որպեսզի սահմանապահ ճանաչված բնակավայրերը ստանան կոմունալ վճարումների արտոնություններ. էլեկտրաէներգիայի, գազի և ջրամատակարարման վարձավճարի 25-50 տոկոս զեղչ:

Օրենքով նախատեսվելու է, որ այդ բնակավայրերում ներդրումներ կատարած և արտադրություններ հիմնած ձեռնարկություններին պետք է տրվեն հարկային արտոնություններ, պայմանով, որ ձեռնարկությունը ոչ թե միայն գրանցված լինի, այլ նաև գործի սահմանապահ համայնքում: Խորհրդարանականներն առաջարկում են արտոնություններ սահմանել նաև գյուղատնտեսական գործունեության համար, մասնավորապես՝ պետբյուջեն 100 տոկոսով սուբսիդավորի ջրի և հողի վարձավճարը: Ավելի արմատական տրամադրված խորհրդարանականներն առաջարկում են օրենքում մտցնել հոդված, ըստ որի՝ գյուղապետարաններում կլինի հատուկ զինանոց, որտեղ կլինի որոշ քանակի զենք և զինամթերք, որն անհրաժեշտության դեպքում կտրամադրվի գյուղացիներին՝ գյուղի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Պատգամավորներն ասում են, որ սահմանամերձ բնակավայրեր իրենց այցելությունների ժամանակ գյուղացիներն առաջինը բողոքել են զենքի բացակայությունից. իրենք ապրում են թշնամուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա, դիվերսիոն հարձակումների անընդհատ վտանգի պայմաններում, բայց չունեն զենք գոնե գյուղի ինքնապաշտպանության համար:

Քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Սահմանապահ համայնքների մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում են արտոնություններ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար, խորհրդարանական խմբակցությունները փորձելու են այնպես անել, որպեսզի իրենց նախագիծն ավելի լայն արտոնություններ սահմանի բնակչության համար: Բացի այդ՝ խմբակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ երբ կառավարությունն էլ կներկայացնի իր տարբերակը, ապա հնարավոր է, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ կառավարության և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները միասնական օրենքի նախագիծ կմշակեն: Եվ այդ դեպքում, չնայած այն հանգամանքին, որ առաջինը Նիկոլ Փաշինյանն է գրել օրենք նախագիծ, միևնույն է՝ կընդունվի կառավարության և խորհրդարանի համատեղ նախագիծը:

Խորհրդարանական կուսակցությունների միջև համագործակցության ջերմ մթնոլորտ է ձևավորվել. մերթ նրանք գնում են Լեռնային Ղարաբաղ, մերթ Հայաստանի սահմաններում են և հանդիպումներ են ունենում գյուղացիների և զինվորականության հետ, հետո համատեղ օրենքներ են գրում և պատրաստակամություն են հայտնում համագործակցել կառավարության հետ օրենքի նախագծերի համադրման համար:

Եվ այս ամենը տեղի է ունենում քառյակի կողմից կառավարությանն իր 12 կետանոց պահանջագիրը կատարելու համար տրված վերջնաժամկետի ավարտից 40 օր առաջ: Հնարավո՞ր է, որ հանուն ազգային միասնության և սահմանապահ բնակավայրերի համար արտոնություններ սահմանելու շուրջ քաղաքական ուժերի միջև ստեղծված համագործակցության մթնոլորտի պահպանման` քառյակն առժամանակ հրաժարվի իր պահանջներից և կառավարությանը` այդ պահանջները կատարելու համար դրված վերջնաժամկետից: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով մեր այս հարցին` ասաց. «Դա երևակայության ոլորտից է. 12 պահանջները և համագործակցությունը սահմանամերձ բնակավայրերի համար հատուկ կարգավիճակ սահմանելու շուրջ իրար հետ որևէ ընդհանրություն չունեն, և մեկը մյուսով պայմանավորված չէ»:

Տեսանյութեր

Լրահոս