Բաժիններ՝

Կուտակայինի նոր թակարդը

Կենսաթոշակային կուտակային համակարգը բռնի կերպով հավաքագրում է քաղաքացիներին: Այս մասին «168 Ժամին» հայտնեցին խմբագրություն դիմած մի խումբ քաղաքացիներ:

Խնդիրն այն է, որ եթե անձն աշխատում է 2 տարբեր ընկերություններում, կուտակայինից հրաժարվելու դիմումը ներկայացրել է մի աշխատավայրում, իսկ մյուսն արդեն, նախքան նրա դիմումն ուղարկելը, էլեկտրոնային հաշվետվությունը ներկայացրել է հարկային մարմնին, ապա քաղաքացու դիմումը չի ընդունվում, և նա համարվում է կուտակային համակարգի մասնակից և պարտավոր է վճարել նպատակային սոցիալական վճարները: Դեռ մի կողմ թողնենք, որ հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետն ամսի 20-ն էր, բայց ամսի 19-ին էլ Ֆինանսների նախարարության նոր էլեկտրոնային համակարգը նորմալ չէր գործում և միայն 20-ին է կարգավորվել, բայց համակարգին մասնակցելու դիմումի ձևն էլ հասանելի է դարձել միայն վերջին 2 օրերին:

Ընդ որում, կառավարության հրապարակած նոր դիմումի ձևը բավականին վիճելի է և խառնաշփոթի պատճառ է դարձել:

Կուտակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը մեզ հետ զրույցում կասկած հայտնեց, որ հաշվապահները կարող էին հաշվետվություններն ավելի շուտ ուղարկել. «Մինչև հուլիսի 1-ը գործել է հաշվետվության 86 ձևը, որը նոր համակարգում չի աշխատում, այլ աշխատում է 109 ձևը, որը դեռևս պատրաստ չէր և ակտիվացել է 2 օր առաջ: Երբ ընտրում էիր 86-ը ու լրացնում 2014 թ. համար, հաշվետվությունը գրանցել փորձելու դեպքում կարմիրով գրություն էր երևում, որն ասում էր, որ այս հաշվետվությունը տվյալ ժամանակաշրջանի համար վավեր չէ, համակարգը թույլ չէր տալիս: Ես հակված չեմ հավատալու, որ մինչ նոր ձևի հրապարակումն ինչ-որ մեկը հաշվետվություն է ուղարկել:

Օգոստոսի 15-ին պատրաստ եղել է հրաժարվելու դիմումի ձևը, բայց 109-ը չի եղել: Պետք է ուսումնասիրել՝ խնդիրն այդտե՞ղ է, թե՞ այլ տեղում է սխալ տեղի ունեցել: Կարող են տարբեր բնույթի այլ խնդիրներ լինել, օրինակ` տվյալ աշխատողի համար սխալ անհատական հայտ տված լինեն, ժամկետները սխալ տված լինեն, և այլն: Ներկայումս համակարգում եղած փոքր սխալները բացահայտվում են, ու համակարգը նաև մաղվում է»:

Իսկ ի՞նչ անի քաղաքացին, որ հայտնվել է «երկու քարի արանքում». ըստ Կ.Սարգսյանի, ճիշտ կլինի երկու գործատուների հետ ճշտել, թե ինչ է տեղի ունեցել, իսկ եթե խնդիրը մնում է, ապա վերջնական լուծումը հարկային մարմնին դիմելն է, որպեսզի անձի կարգավիճակը ճշտեն: Նա նշեց, որ պետք է նաև հստակեցնել` աշխատանքային պայմանագրի՞, թե՞ քաղ. իրավական պայմանագրի մասին է խոսքը, որովհետև վերջինի հետ հաշվապահները շատ սխալներ են թույլ տալիս, ամեն ամիս նոր պայմանագիր են կնքում և հայտ են ներկայացնում: Սարգսյանի խոսքով` այս փուլում եղել են հաշվապահներ, որ աշխատողի հետ հունիսի 1-ից հուլիսի 1-ն էին կնքել պայմանագիրը, իսկ հուլիսի 1-ին տրված հայտը համակարգը չէր ընդունել` տվյալ անձին համարելով նոր աշխատող:

«Միլիոնավոր կետեր կան, որ միարժեք չի լինի մեկնաբանությունը, և ճիշտ է հարկայինի հետ ճշտել: Եթե տեխնիկական կամ մարդկային գործոնի պատճառով է սխալ տեղի ունեցել, բայց քաղաքացին դիմումը նախապես գրել էր, նա պարտադրված չի լինի մասնակցել կուտակային համակարգին, քանի որ կարող է ճշտել իրադրությունը, իսկ համակարգը թույլ է տալիս ճշտված հաշվետվություն ներկայացնել, որ գործատուն պետք է անի: Դա վերաբերում է և՛ դիմումին, և՛ 109 ձևին»,- ասաց Կ.Սարգսյանը:

«Դ!եմ եմ» նախաձեռնության ակտիվիստ Հայկ Ավետիսյանի գնահատմամբ, սա նման է թակարդի, որ հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավեն համակարգում: Նա հիշեցրեց, որ կուտակայինի մասին փոփոխված օրենքը շատերն ուրախությամբ ընդունեցին, բայց քչերն էին մտահոգված, որ պետք է դիմում գրելուց հետո միայն ազատվեն նպատակային սոցիալական վճարից, այլ ոչ թե դիմում գրելով` ընդգրկվեն համակարգում. «Այժմ դիլեմայի առաջ են կանգնած, որ մարդիկ վախենում են իրենց գումարը կորցնելուց: Չեն ուզում պայքարել` մինչև խնդիրը հիմնովին լուծվի, ու նման միջանկյալ լուծումներից վաղաժամ ուրախանում են, հետո հայտնվում թակարդում»:

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով` նոր չէ, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ ամեն կերպ քաղաքացիներին համակարգում տեսնի, և առաջացած բոլոր խնդիրները կառավարության կողմից մեկնաբանվում են, որ «այո, անձը պարտավոր է վճարում անել», և քաղաքացին այս դեպքում այլ ելք չունի:
Ա.Մինասյանը տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստում ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ դիմում է նախապատրաստվում Սահմանադրական դատարան ներկայացնելու և վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու համար: Թե երբ պատրաստ կլինի փաստաթուղթը, պատգամավորը դժվարացավ ասել` նշելով, որ դիմումը պետք է քառյակում ևս քննարկվի և համաձայնեցվի։ «Հավանաբար, սեպտեմբերի մեջ կներկայացվի ՍԴ»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս