«Իսլամական պետություն» խմբավորումը գործարք է առաջարկել Թուրքիայի կառավարությանը. Taraf

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայից պահանջել է իրեն հանձնել Սիրիայում գտնվող Շահ Սուլեյմանի 928-ամյա դամբարանի տարածքը, որը հանդիսանում է արտերկրում գտնվող, սակայն Թուրքիային պատկանող միակ տարածքը:

Դրա դիմաց «Իսլամական պետություն» խմբավորումը պատրաստ է ազատ արձակել Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության 49 աշխատակցի, որոնք գերեվարվել են մոտ 2.5 ամիս առաջ  և ցայժմ պատանդ են պահվում իր մոտ: Թերթը հայտնում է, որ Թուրքիայի կառավարությունը համաձայնվել է այդ փոխանակմանը:

Զինյալները հայտարարել են, որ չեն ցանկանում բախվել Թուրքիայի հետ, ինչի համար էլ պահանջում են, որ թուրք զինվորները լքեն Շահ Սուլեյմանի դամբարանի տարածքը:

Սակայն հայտնի չէ, թե դրան ինչպես կարձագանքի թուրք հասարակությունը: Դեռ մարտին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե զինյալները հարձակվեն դամբարանի վրա, ապա իրենք կձեռնարկեն անհարաժեշտ քայլեր:

Եթե զինյալներն ավելի վաղ թուրք պատանդներին արձակելու համար Թուրքիայից պահանջում էին փող կամ զենք, ապա այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում է հայտնվել Շահ Սուլեյմանի դամբարանի տարածքը:

Թուրքիայի կառավարությունում Taraf-ի աղբյուրները հայտնել են, որ «Իսլամական պետություն» խմբավորումը Թուրքիայի կառավարությանը տվել է երեք շաբաթ ժամանակ՝ դամբարանի տարածքը լքելու համար: Թուրքիայի կառավարությունը մտավախություն ունի, որ այդ դեպքում դամբարանը կարող է ենթարկվել հարձակման:

Եվ այնուամենայիվ, խմբավորման հետ բախվել չցանկացող ԱԶԿ-ական կառավարությունը «կանաչ լույս» է վառել դամբարանի տարածքը լքելու առջև: Կառավարությունն այդ հարցում խորհրդակցել է Գլխավոր շտաբի հետ:

Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո դամբարանի տարածքը հայտնվել է ֆրանսիական տիրապետության տակ: Չնայած դրան՝ 1921 թվականին Ֆրանսիայի ու Անկարայի միջև կնքված պայմանագրով Սուլեյման Շահի դամբարանի տարածքը ճանաչվել է որպես Թուրքիայի Հանրապետության տարածք և որոշվել է, որ այդ տարածքը պաշտպանելու է թուրք զինվորը:

Դամբարանի տարածքը ներկայումս պաշտպանում է թուրք մոտ 25 զինծառայող: Թուրքական մամուլի պնդմամբ՝ դամբարանի տարածքը Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող, սակայն նրան պատկանող միակ տարածքն է: Սուլեյման Շահը կամ Սուլեյման Շահ Քայա Ալփօղլուն (1178-1227) հանդիսանում է Օսմանյան սուլթանության (բեյության) հիմնադիր (1299) Օսման (Գազի) բեյի պապը և Էրթուղրուլի հայրը:

Տեսանյութեր

Լրահոս