Բաժիններ՝

Մոտենում է պատասխանի ժամանակը

Հուլիսի 10-ին ՀՀ կառավարության մոտ «Նաիրիտի» աշխատակիցների բողոքի մեծ ակցիայի արդյունքում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նաիրիտցիների հանդիպման ժամանակ վարչապետը խնդրի մանրամասներին և իրադրությունն ուսումնասիրելու համար ժամանակ էր խնդրել մինչև օգոստոսի ավարտը: Ժամկետը շուտով սպառվում է: Ի՞նչ է տեղի ունեցել այս ընթացքում, և արդյոք Հ.Աբրահամյանը պատրա՞ստ է ընդունել գործարանի աշխատակիցներին ու պատասխան տալ, թե ինչ ճակատագիր է սպասվում «Նաիրիտին»:

Վարչապետի հետ հանդիպումից հետո նաիրիտցիները որևէ նոր տեղեկություն չեն ստացել ու, թեև հույսով սպասում են, որ խոստացված հանդիպումը կկայանա, այնուամենայնիվ, միաժամանակ պատրաստվում են հաջորդ բողոքի ակցիային` օգոստոսի 28-ին` կառավարության հերթական նիստի օրը: «168 Ժամի» այս տեղեկությունը հատատեց նաև գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:

«Վարչապետի հետ կոնկրետ պայմանավորվածություն է եղել, որ մինչև ամսվա վերջ մեր պատվիրակությանը պետք է ընդունի: Եթե հանդիպումը չկայանա, իհարկե, բողոքի ակցիա կլինի: Բայց կարծում եմ` վարչապետի ասածն իր աշխատակազմը պետք է կատարի»,- ասաց Հ. Թադևոսյանը:

Նա նաև նկատեց, որ արդեն 1 ամիս անցել է, ինչ աշխատակիցներին աշխատավարձ է վճարվել. «Վարչապետին պետք է խնդրենք, որ մինչև սեպտեմբերի 1-ն աշխատավարձ տան, որովհետև աշխատողները երեխաների, թոռների ուսման հետ կապված` դպրոցի ու ինստիտուտների նախապատրաստվելու խնդիր ունեն, որ կարողանան երեխաներին նորմալ ուղարկել սովորելու»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով օգոստոսի 8-ին պաշտոնավարման 100-օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հավաստիացումներին, թե «Ռոսնեֆտը» չի հրաժարվել «Նաիրիտից» և սեպտեմբերին հրապարակելու է կատարված մոնիտորինգի արդյունքները, Հ.Թադևոսյանը նշեց. «Ես ոչ մի պաշտոնական տեղեկություն չունեմ: Ես չեմ կարող ասել, թե կառավարությունն ում հետ է բանակցում:

«Ռոսնեֆտի» ներկայացուցիչները գործարանում վերջին անգամ անցած տարի դեկտեմբերին են եղել, իսկ այս ընթացքում սլովակներն են եկել գործարան, մասնագետների, այդ թվում` նաև ինձ հետ հանդիպել»: Նկատենք, որ «Ռոսնեֆտի» վերաբերյալ նախարարի հայտարարությունը հավատ այնքան էլ չի ներշնչում: Նախ՝ 8-9 ամիսը փոքր-ինչ երկար ժամանակ է մոնիտորինգի արդյունքներ ամփոփելու համար, իսկ այս ընթացքում ռուսական նավթագազային հսկայի ներկայացուցիչների հետքն էլ չի երևացել Հայաստանում: Եվ հետո` «Ռոսնեֆտը» «Նաիրիտի» կառավարման պարտավորությունը նախատեսում էր ստանձնել իտալական «Պիրելի» ընկերության հետ համագործակցության դեպքում: Իսկ «Պիրելին», ներկայիս իրադրությունում, երբ «Ռոսնեֆտն» Արևմուտքի սահմանած պատժամիջոցների ենթակա ընկերությունների ցանկում է, չի կարող շարունակել համագործակցությունը:

Եվ, ինչպես բազմիցս գրել էր «168 Ժամը», ՀՀ կառավարության ու «Ռոսնեֆտի» բանակցություններին վերջակետ էր դրել գործարանի պարտքերի խնդիրը, որ ռուսական կողմը ցանկանում էր «Նաիրիտը» ձեռք բերել առանց կուտակված շուրջ 400 մլն դոլար պարտքի, իսկ ՀՀ կառավարությունն էլ համառեց և չստանձնեց այդ պարտքը սեփական գրպանից մարելու պարտավորությունը:

Ներկայումս, եթե կրկին շրջանառվում է ռուսական ընկերության անունը, ապա կա՛մ ինչ-ինչ պատճառներով «Ռոսնեֆտն» է խաբում ՀՀ կառավարությանը, կա՛մ էլ պարզապես ՀՀ կառավարությունն է փորձում շեղել նաիրիտցիների ուշադրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս