Բաժիններ՝

«Դա միակ տարբերակն էր նախկին սխալները կոծկելու և լղոզելու». ՄՀՀ ներկայացուցիչը՝ համալիրը ՊՆ-ին հանձնելու մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշվել է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել Պաշտպանության նախարարությանը՝ գույք պարտքի դիմաց Կառավարության միջոցառումների շրջանակում: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ով նշել է, որ առաջարկը եղել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից:

« «Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կառավարության նկատմամբ վարկային պարտքի, ինչպես նաև մի շարք այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է, որպեսզի այդ պարտքի դիմաց Ֆինանսների նախարարության կողմից գույքը ընդունվի, գրանցվի սեփականության իրավունքը և փոխանցվի Պաշտպանության նախարարության հաշվեկշռին»,- ասել է Պ. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրն արդեն 7 անգամ հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի հայտնվել: ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը նախնական աճուրդի էր հանել Մարզահամերգային համալիրը 19 մլրդ 35 մլն դրամով (մոտ 48 մլն դոլար): Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ՝ 10 % զեղչով:

Հիշեցնենք նաև, որ մարզահամերգային համալիրը պարտք էր պետությանը. պարտավորության չափը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ:

168.am-ի հետ զրույցում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը, խոսելով մարզահամերգային համալիրը Պաշտպանության նախարարությանը հանձնելու կառավարության որոշման մասին, նշեց, որ այս ամեն ինչը ուղղակի քայլ է՝ նախկին կառավարության նախկին գործողությունները, արած մութ գործարքները քողարկելու և դա ընդհանրապես պրոցեսից հանելու համար. «Այսինքն՝ նոր իրավիճակ է ստեղծվում, ըստ որի, ասենք, նախկինն արդեն դառնում է անցյալ: Դա միակ տարբերակն էր նախկին սխալները կոծկելու, լղոզելու և դուրս գալու այդ պրոցեսից: Այսինքն՝ իրենք եթե ունենան ամեն ինչն օրենքով, շատ հարցեր են բացվում (եթե մենք հաշվի ենք առնում, թե աճուրդը ոնց է տեղի ունեցել՝ լրիվ օրենքների խախտումներով): Իսկ ներկա պահին, իհարկե, կա որոշակի պարտք, ու երբ մենք նորից վճարենք, մենք իրավունք կունենանք տիրապետելու այն և այլն, բայց հարցը դա չէ, այլ այն, թե այս քայլերն ինչի համար են և ինչի են կատարվում»,-նշեց Կ.Գրիգորյանը:
Անի Քեշիշյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս