«Մանկապարտեզներում բարձրաձայնված խնդիրները պետք է լուրջ ահազանգ լինեն ամբողջ համակարգը վերանայելու հարցում». Բաբկեն Պիպոյան

Ինչպես հայտնի է, օգոստոսի 11-ին Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Նոր Նորքի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել էր «Ալավերդու թռչնաֆաբրիկա» ապրանքանիշով և արտադրության ամսաթվերի վերաբերյալ կասկածելի տվյալներով հավի մսի խմբաքանակներ: Պարզվել էր, որ «Ե.Է.Ռ.ԸՆԴ.ՔՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր-տնօրեն և անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը Երևանի Դուշանբեի 11/8 հասցեում կազմակերպել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որտեղ քացախի, կալիումի պերմանգանատի և այլ քիմիական նյութերի միջոցով մշակվում է անհայտ ծագում ունեցող, փչացած, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս և մատակարարվում Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին:

Այս և սննդամթերքի շուկայում գրանցված այլ խախտումների, Կառավարությանը ներկայացված առաջարկների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Վերջինիս խոսքով՝ ամբողջ աշխարհում են լինում խախտումներ, բացահայտումներ և որոնց մեջ նաև հանցավորության տարր է լինում, գործեր են հարուցվում, բայց ամբողջ աշխարհում այս շղթան լինում է հակառակ կերպով, այսինքն՝ Քաղաքապետարանը, Սննդի անվտանգության պետական ծառայությունը հայտնաբերում են խոշոր չարաշահում, որը պարունակում է հանցավոր տարր և գործը հանձնում են Ոստիկանությանը, այլ ոչ թե խնդիրը բացահայտվում է Ոստիկանության կողմից առաջին իսկ օրը. «Ոստիկանությունը սովորաբար չի բացահայտում տեղեկատվության աղբյուրը. ի վերջո, չի բացառվում, որ մանկապարտեզի փոխտնօրենն է ասել այդ մասին: Ոստիկանությունը, ուղղակի անելով այդ հայտարարությունը, ցույց տվեց, որ պատկան մարմիններն իրենց տեղում չեն: Անդրադառնում եմ Ոստիկանությանը, քանի որ վերջինիս կողմից տրված պարզաբանման և Քաղաքապետարանի պարզաբանման մեջ ժամանակային անհամապատասխանություն կար օգոստոսի 11-ի և 12-ի հետ կապված: Անձամբ ինձ համար առավել արժանահավատ է Ոստիկանության հաղորդագրությունը, քանի որ հենց դրա շնորհիվ խնդիրը դարձավ հանրային սեփականություն:

Երևանի Քաղաքապետարանի կողմից տարածված հաղորդագրությունն ընդամենը պաշտպանողական բնույթ էր կրում, քանի որ միայն նշվում էր՝ մատակարար ընկերությունը պիտի մատակարարեր առաջին իսկ օրը, հետո էլ՝ նշվում էր՝ մենք պարբերաբար իրականացնում ենք վերահսկողության անակնկալ այցեր, և մթերքները ենթարկվում են լաբորատոր փորձաքննության: Ըստ էության հաղորդագրությունը ոչ թե քաղաքացուն պաշտպանելու, ոչ թե հետագա հանրային վերահսկողություն իրականացնելու, այլ ընդամենը բացառապես պաշտպանողական բնույթ, որ իրենք այդքան էլ մեղավոր չեն:

Կարդացեք նաև

Այնինչ պետք է գիտակցել, որ խիստ ողբերգական ավարտից ենք խուսափել: Ինչպես այս դեպքը, այնպես էլ նախկինում եղած չարաշահումները և մանկապարտեզներում բարձրաձայնված խնդիրները պետք է լուրջ ահազանգ լինեն ամբողջ համակարգը վերանայելու հարցում, քանի որ չունենք երաշխիք, որ խախտումը նորից չի կրկնվելու»:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ Երևանի Քաղաքապետարանը հիմա պարտավոր է հրապարակել բոլոր այն ընկերությունների անունները, որոնք մրցույթով ճանաչվել են հաղթող, հրապարակել այն գնացուցակը, այն ապրանքները, որոնք պետք է մատակարարվեն. «Եթե 1100 դրամով պիտի մատակարարվի 1կգ թարմ հավի միս, ապա էլեմենտար է, որ նորից ունենալու ենք խախտում: Նախկինում մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող մի շարք ընկերություններ կտրականապես հրաժարվել են մատակարարելուց, քանի որ հասկանում են՝ իրենց ներկայացված գնացուցակով որակյալ և անվտանգ ապրանք մատակարարել մեր երկրում հնարավոր չէ:

Ամենատարօրինակն այն է, որ մանկապարտեզներում անցկացվող մրցույթների հարցում նախապայման դրված չէ և չի իրականացվում որևէ ուսումնասիրություն՝ պարզելու, թե մրցույթը շահող ընկերությունն ունի՞ արդյոք պահպանման պահեստ, արդյո՞ք սննդամթերքը դեպի մանկապարտեզ տեղափոխող մեքենան ունի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ պայմանները և այլն: Իսկ այս ամենը չունենալն ո՞ւմ մեղավորությունն է: Ամենացավալի հարցերից է նաև այն, որ խնդրի արձանագրումից հետո Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից եղել է ընդամենը մեկ հայտարարություն, որը ևս կրում է պետական ապարատին պաշտպանելու բնույթ, և որը ևս չի ապահովում սպառողների իրազեկման իրավունքը»:

Բ. Պիպոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը Կառավարությանը ներկայացրել է առաջարկներ, որոնցից կարևորագույնները հանդիպման ժամանակ հրապարակեց. «1. Տրամադրել պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ՝ ապահովելով վերջիններիս հրապարակայնությունը.

ա. Ե՞րբ է ի վերջո ԱՁ Էդվարդ Մխիթարյանը ճանաչվել հաղթող և որտե՞ղ է տեսանելի օրը, թե երբ պետք է վերջինիս կողմից իրականացվեր մատակարարումը, այսինքն՝ եթե Քաղաքապետարանն անում է հայտարարություն, որ պետք է մատակարարվեր, ապա հրապարակել է պետք այդ որոշումը:

բ. Ե՞րբ են վերջին անգամ ստուգվել մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող ընկերությունները և ինչ խախտումներ են հայտնաբերվել: Ի՞նչ պարբերականությամբ և ի՞նչ չափորոշիչներով են իրականացվում ուսումնասիրություններ մանկապարտեզներում՝ կապված մթերքի ընդունման, պահպանման և պատրաստման, ինչպես նաև խոհանոցի և աշխատակիցների հիգիենայի հետ: Ի՞նչ գործողություններ են պլանավորվել, որոնք հնարավորություն կտան կանխելու նմանատիպ միջադեպերի կրկնությունը:

2. Վերանայելու և վերամշակելու մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող ընկերությունների մրցույթի անցկացման կարգը՝ սահմանելով նոր չափորոշիչներ, ներառելով տնտեսվարողի մոտ մթերքի պահպանման և տեղափոխման անհրաժեշտ պայմանների բավարարումը:

3. Մշակելու անվտանգության և որակի կառավարման արդյունավետ մոդելի ներդրման ռազմավարություն և ժամանակացույց»:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը հաճախակի տարբեր խախտումներ է հայտնաբերում տարբեր մթերքներում, դրա մասին ահազանգում է, արգելքներ են դրվում, բայց օրեր անց այդ նույն մթերքը տեսնում ենք խանութներում: 168.am-ի այն հարցին, թե այս դեպքում սպառողն ինչպե՞ս իմանա ինչ մթերքից, ինչ ապրանքանիշից օգտվել և արդյո՞ք հավատ ներշնչում են այդ ստուգումներն ու ուսումնասիրությունները,

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ պետական համակարգն արժանահավատություն ձեռք բերելու խնդիր իր առջև չի դնում, որպեսզի քաղաքացին հայտարարությունների նկատմամբ լինի արժանահավատ. «Երբ քաղաքացին տեսնում է, որ հայտարարությունից հետո ոչինչ երկրում չի փոխվում, միանգամից գնահատում է հայտարարությունը որպես պոպուլիզմ, այլ ոչ թե սպառողի շահին ուղղված հայտարարություն, իսկ պոպուլիզմը բնականաբար արժանահավատություն չի ներշնչում: Օրինակ՝ ես միշտ առաջնորդվում եմ նույն սկզբունքով. եթե կա կասկած, ուրեմն պետք է հրաժարվել տվյալ ապրանքից: Նույն տրամաբանությամբ հնարավոր է նույնիսկ կործանել մեր տնտեսությունը, քանի որ ստուգման են ենթարկվում հիմնականում տեղական արտադրողները, և այս հայտարարությունը ոչ հավասար պայմաններ է ստեղծում ներմուծողի հետ և ակամայից ստեղծվում է մի իրավիճակ, երբ ներմուծողը երկրում ավելի լավ պայմաններով է գործում, քան տեղական արտադրողը, այսինքն՝ «սատարենք տեղական արտադրողին» ասվածը մնում է թղթի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս