Բաժիններ՝

Տարածաշրջանային խնդիրներ և հայկական արձագանքներ

Տարածաշրջանային զարգացումները այլևս ոչ միայն հեռակա պատկերներով, այլ ուղղակի անմիջական ընդգծում են Միջին Արևելքի ապաքրիստոնեացման միտումները: Բայց խնդիրը միայն կրոնական հողի վրա ուղղակի բռնությամբ թե խուճապի մթնոլորտի ստեղծումով կամ նույնիսկ ծրագրավորված բնակչության տեղաշարժերի համապատասխան դյուրություններ ընծայելով, զարգացող երևույթ չէ:

Եզդիների նկատամբ կիրառված ջարդն ու տեղահանությունը արդեն ոչ միայն ապաքրիստոնեացման մասին են խոսում, այլ ընդհանրապես շրջանների ամայացման և ռազմավարական նշանակություն ունեցող գոտիների վրա միատարր ու միահեծան վերահսկողության:

Ռազմավարական կետերը այս դեպքում միայն գազի, նավթի, ջրային պաշարներին և նման կարևորություն ներկայացնող դիրքերին են վերաբերում: Ծայրահեղ իսլամականների կողմից թիրախավորված շրջանները, այլ տարածքների դեպքում առանց դիմադրության հանձնելը, և մանավանդ միջազգային ընտանիքի լուռ ու կրավորական պահվածքը մտածել է տալիս որ հետապնդվածը ոչ թե իսլամական պետության ստեղծումն է, այլ ավելի` նավթային պետության: Գազը լինելով նման զարգացումների հիմնական շարժառիթը, թվում է, որ ընդհանրապես տարածաշրջանում բաժանարարությամբ նոր վերահսկելիություն առաջացնելու միտող զարգացումներն են այն ինչ որ վայրագ, անմարդկային եթե ոչ անասնային եղանակներով գործի է դրվում թիրախավորված տարածքների վրա ապրող ազգաբնակչությունների նկատմամբ:

ԱՄՆ-ի գերքաղաքականացված դիրքորոշումը կիրառվող ջարդերի և տեղահանությունների ի տես հատկանշական է և պարզապես ընդգծում է նման վարկածների իրականալիությունը: Օդային շատ սահմանափակ հրթիռակոծումները այն սահմանների վրա, որոնցից այն կողմ գտնվում են ամերիկյան ռազմակետերը կամ գոտիները այդ մտածումն են ամրապնդում: Այդ սահմաններից անդին պատահածները ոչ միայն հակադարձման չեն արժանանում, այլ նաև գուցե առաջադրելի են: Մնացյալը, թե` իսլամական պետությունը սպառնալիք է աշխարհին և նման հանգերգումները, ավելի ներկայացման բնույթ ունեն: Իրավիճակը կարող է փոխվել, երբ հետզհետե թիրախ դառնա ամերիկյան վերահսկելիությունը։ Բայց առայժմ Իսլամական պետությունը աշխարհաքաղաքական օրակարգ է իրականացնում։

Տեղեկատվականը այս բոլորի լուսաբանման առումով կարծես ընդհանուր ծրագրի մաս է կազմում: Գլխատված երեխաներ, ողջ թաղվածներ, չարչարանքի ենթարկվողներ, հակաքրիոստոնեական բարբարոս գործողություններ, այս բոլորը ծառայում են խուճապահարելու այնտեղ ապրող կամ այնտեղից մեկնած հասարակությունները, մեկընդմիշտ համոզիչ դարձնելու համար, որ նման արարածների հետ համագոյակցելը ուղղակի անհամատեղելի է: Խուճապահարության այս քաղաքականությունը միտված է ռազմավարական կարևորություն ներկայացնող տարածքների ամայացման, ժողովրդագրական հիմնական փոփոխությունների և նոր գոտիների ստեղծման:

Այս ընդհանուր թոհուբոհում մի պահ հավելյալ լուսարձակներ պետք է կենտրոնացնել Իրաքի եզդիների ապրած ողբերգության վրա: Ցեղային ամբողջական զտման այս երևույթը կատարվում է օրը ցերեկով աշխարհի աչքի առաջ: Պաշտոնական դատապարտանքն ու մանավանդ կանխարգելման գործողություններ ոչ թե տեղի չեն ունենում, այլ նույնիսկ նման պահանջներ չեն արծարծվում:

Առավելագույնը կիսապաշտոնական մարդասիրական կոչերն են, որոնք հնչում են` պարագայականության տպավորություն թողնելով դիպաշարի հետևողների վրա:
Հայկական կողմը, պաշտոնական թե հասարակական առումներով յուրահատուկ արձագանքման պատճառներ ունի: Նախ, իհարկե, այն պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում է եզդի ազգաբնակչություն և իբրև ՀՀ քաղաքացիներ նրանք իրավունք ունեն իրենց ազգակիցների ճակատագրով իրենց պետությունից համապատասխան քայլեր ակնկալելու:
Եվ անշուշտ, հիմնական պատճառով, որ թեև տարբեր տարողություններով, սակայն այն ինչ պատահում է այսօր` բռնություն, տեղահանություն և ջարդ, բավականաչափ ծանոթ է հայ ժողովրդին իբրև ազգային զտման անմարդկային եղանակ:

Պաշտոնական Երևանը նախագահի մամուլի խոսնակի միջոցով հստակեցրեց իր դիրքորոշումը: Ազգային փոքրամասնությունների և այս դեպքում հատկապես եզդի ազգաբնակչության դեմ կիրառվող բռնությունը անընդունելի է և մերժելի: Երևանը միջազգային ընտանիքին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել այդ բռնությունները կասեցնելու և տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու: ՀՀ նախագահը հանձնարարել էր նաև տրամադրված օժանդակության ծրագրերը ընդլայնել:

Այլ ուղղություններ էր շոշափել Արցախի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը: Անընդունելի նկատելով պատահարները, Դավիթ Բաբայանը նշել էր, որ եզդիներն ու հայերը բախտակից ժողովուրդներ են և թե, ավելին` եզդիները մասնակցել են արցախյան ազատամարտին: Ըստ Արցախի մամուլի խոսնակի՝ Ստեփանակերտը պատրաստ է նաև կեցության և համապատասխան կենցաղային դյուրությունների ընձեռման կարելիությունները քննարկել, եթե նման դիմումներ լինեն:
Թեև նուրբ և զուսպ ասված, այսուհանդերձ այստեղ է կարևոր առաջադրանքը: ժողովրդագրական պատկերի լուրջ խնդիր դիմագրավող մեր հայրենիքը Միջին Արևելքից տարբեր ազգաբնակչությունների արտահոսքի միտումներ նկատելով պիտի ենթահող պատրաստի մնայուն կեցություն ապահովելու համար: Մարդասիրական բնույթի կատարված քայլերն ու ճգնաժամերի հետևանքով առաջացած գաղթականության հավաքական կացարաններ տրամադրելը օրինաչափ է, որ ստանան միջազգային կառույցների օժանդակությունները:

Մինչ այդ հայկական կողմի, թե՛ ՀՀ-ի և թե՜ Արցախի դատապարտանքը, միջազգային հանրության ուղղված կոչը և օժանդակություն ու կեցություն տրամադրելու պատրաստակամությունը չափի մեջ, բոլոր հանգամանքները նկատի առնելով կատարված են:

Այս օրերին անտեղի չի լինի հիշեցնել, թե այս ջարդերն ու տեղահանությունները գործադրողները ո՞ր պետությունից ֆինանսավորվեցին, ո՞ր սահմաններից մտան խնդրո առարկա տարածքները և ո՞վ զինեց դրանց: Կամ վերստին ընդգծել, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտանքը կարող էին կանխարգելիչ դեր ունենալ միևնույն եղանակի ու ոճի կրկնությանը:

Շահան Գանտահարյան
«ԱԶԴԱԿ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս