Ինչու իշխանությունը չի լուծարում կուսակցությունների 90 տոկոսը

Հայաստանում կան օրենքներ, որոնց գոյության մասին գրելուց և ԱԺ-ում ընդունելուց հետո ընդհանրապես մոռացել են: Մոռացել են ոչ թե այն պատճառով, որ դրանց գործողության անհրաժեշտությունը չկա, այլ որովհետև չկա այդ օրենքների գործածության քաղաքական նպատակահարմարությունը: Այդ օրենքները գրվել են այլ ժամանակների համար և կգործեն՝ ըստ անհրաժեշտության:
2002թ. Հայաստանում ընդունվել է օրենք «Կուսակցությունների մասին», որով կանոնակարգվում է Հայաստանում կուսակցությունների պետական գրանցման և գործունեության կարգը: Ըստ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի՝ այս պահին Հայաստանում գործում է 76 կուսակցություն, իսկ վերջին 10 տարում լուծարվել է 62 կուսակցություն:

Շա՞տ է 76 կուսակցությունը, թե՞ քիչ՝ մեր որոշելու խնդիրը չէ, բայց եթե Արդարադատության նախարարությունը հետևեր «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների կատարմանը, ինչը նախարարության գործն է՝ որպես այս ոլորտը կարգավորող լիազոր մարմին, ապա Հայաստանում կուսակցությունների թիվը չէր անցնի 6-7-ից: Սա նշանակում է, որ Հայաստանում գործող կուսակցությունների 90 տոկոսի գործունեությունը հակասում է օրենքին, նրանք վաղուց պետք է լուծարված լինեին և իրավունք չունենային հանդես գալ՝ որպես քաղաքական միավոր կամ իրավաբանական անձ:

Գործող «Կուսակցությունների մասին» օրենքում մի քանի սահմանափակումներ կան, որոնք գործող կուսակցությունների մեծ մասը չի պահպանում: Օրինակ, օրենքում 2004թ. կատարված փոփոխությամբ պահանջվում է, որ կուսակցությունն իր գրանցումից հետո վեց ամիս հետո ունենա 2 հազար անդամ և տարածքային ստորաբաժանումներ բոլոր մարզերում՝ առնվազն 100-ական անդամով, կամ՝ պահանջում է, որ կուսակցությունները երկու տարին մեկ անգամ հրավիրեն համագումարներ: Եթե առաջնորդվենք 2 հազար անդամ ունենալու պահանջով, ապա նույնիսկ խորհրդարանական 6 խմբակցություններից 4-ի դեպքում կարող է պարզվել, որ այս օրենսդրական պահանջը չի պահպանվում: Ինչ վերաբերում է համագումար անցկացնելուն, ապա այս հարցում ևս կուսակցությունների մեծ մասը գերադասում է չհետևել օրենքի պահանջներին:

Կուսակցությունների ճնշող մեծամասնությունը համագումար չի անցկացնում, քանի որ հնարավոր չէ մեկ կամ երկու հոգով համագումար անցկացնել և դրանով ի ցույց դնել սեփական սնանկությունը: Կուսակցություններից շատերը նույնիսկ 10 տեղանոց դահլիճ չեն կարողանա լցնել այն դեպքում, երբ պետք է 2 հազար անդամ ունենան: Բայց կան դեպքեր, երբ կուսակցության վերնախավը վախենում է համագումար հրավիրելուց՝ զգուշանալով, որ համագումարի ժամանակ կարող է կուսակցության այլ ղեկավար կազմ ընտրվել:

Օրինակ, նման իրավիճակ է Հայաստանի Կոմկուսում, որտեղ, արդեն 5 տարի է՝ համագումար չի հրավիրվել և, չնայած կուսակցության անդամների պահանջներին՝ կուսակցության ղեկավարությունը հրաժարվում է համագումար հրավիրել՝ վախենալով, որ իրենք կարող են այլևս Պլենումի կամ բյուրոյի անդամ չընտրվել:

Բայց եթե 2000 անդամ ունենալը կամ 2 տարին մեկ անգամ համագումար հրավիրելը օրենսդրական պահանջներ են, որոնց չկատարման համար օրենքը ոչ մի սանկցիա չի նախատեսում, ապա օրենքում նախատեսում են կոնկրետ իրավիճակներ, որոնց դեպքում կուսակցությունը պետք է լուծարվի: Օրենքի 31-րդ հոդվածում ասվում է. «Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե չի մասնակցել ԱԺ վերջին երկու ընտրություններին, կամ՝ դրանցից որևէ մեկում նրա ընտրական ցուցակը ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների գումարի մեկ տոկոսից պակաս ձայն»: Մի՞թե դժվար է հաշվել, թե Հայաստանում գրանցված կուսակցություններից քանիսն են մասնակցել ընտրություններին վերջին երկու խորհրդարանական ընտրություններում:

2012թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընդամենը 9 կուսակցություն, և նրանցից առնվազն երկուսը՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը, 1 տոկոսից էլ պակաս քվե են ստացել: 2007թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին կրկնակի թվով ավելի կուսակցություններ, սակայն նրանց ճնշող մեծամասնությունը ևս չէր հաղթահարել 1 տոկոսանոց արգելքը:

Ինչո՞ւ Արդարադատության նախարարությունը չի կատարում օրենքի պահանջը և չի լուծարում ընտրություններին չմասնակցած կամ 1 տոկոսից պակաս քվե ստացած կուսակցություններին, մանավանդ, որ նրանց ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս իշխանության քննադատությամբ:

Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ իշխանությունը դրսևորում է լայնախոհություն և հանդուրժողականություն և ցանկանում է ցույց տալ, որ իր քաղաքական հակառակորդների դեմ չի գործում անգամ այն ժամանակ, երբ նրանք անկհայտորեն խախտում են օրենքը:

Եթե իշխանությունն իսկապես լայնախոհություն ցանկանար դրսևորել, ապա նա ընդհանրապես պետք է վերացներ բոլոր այս օրենսդրական սահմանափակումները:
Ընդհակառակը՝ բոլոր այս սահմանափակումները կան միայն նրա համար, որ կուսակցությունները կամ առնվազն նրանց ճնշող մեծամասնությունը խախտեն դրանք և գործեն օրենքից դուրս: Երբ օրենքը կիրառելու անհրաժեշտություն առաջանա՝ իշխանությունն անպայման կհիշի դրա մասին:

Տեսանյութեր

Լրահոս