Բաժիններ՝

Զգույշ եղեք, ոգևորված են

Մեր պաշտոնյաները կարծում են, որ կշահենք։ Ավելին, դրանում համոզված են։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը, որպես իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատասխան՝ փակեց իր գյուղմթերքների շուկան ԱՄՆ-ի, Եվրամիության, Կանադայի և Ավստրալիայի առջև։ Ցանկում ներառված են մոտ 5 տասնյակ անուն ապրանքներ, այդ թվում՝ մսաթերքը, կաթնամթերքը, միրգն ու բանջարեղենը։

Հիմա հայրենի պաշտոնյաները ոգևորվել են։ Ասում են, որ կարող ենք մե՛նք լրացնել այդ բացն ու ամրապնդվել գյուղմթերքների ռուսաստանյան շուկայում։ Կառավարության օգոստոսի 14-ի նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկած արեւմտյան 57 ապրանքատեսակներից Հայաստանն արտադրում եւ արտահանում է 37 համարժեք ապրանք, որոնցից 31-ը՝ հենց Ռուսաստան: Այդ 37 տեսակների արտահանումը կազմում է տարեկան 84,5 միլիոն դոլար, որոնցից 61 միլիոնը բաժին է ընկնում Ռուսաստանին:

Սակայն սա դեռ ամենը չէ։ Անցյալ շաբաթ էլ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր հանդիպել պահածոների գործարանների տնօրենների հետ և նրանց կոչ արել ավելացնել պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումը Ռուսաստան:
Ահա այսքան վստահ են, որ ռուսաստանյան շուկան պատրաստ է ընդունել մեր արտադրանքը։

Իսկ կասկածի հիմքեր կա՞ն։ Այո, ահա դրանցից մի քանիսը։

1. Նախ, Մաքսային միության մյուս երկու անդամները՝ Ղազախստանն ու Բելառուսը, Էմբարգոյին չեն միացել։ Այսինքն, տեսական հնարավորություն կա, որ նրանք կարող են ներմուծել գյուղմթերքը էմբարգոյի տակ հայտնված երկրներից և վերաարտահանել Ռուսաստան։ Թեպետ նշենք նաև, որ Ռուսաստանը ներքին ռեսուրսներով էլ կարող է ծածկել դեֆիցիտը։

2. Էմբարգոն սահմանված է 1 տարով։ Խնդիրները հաղթահարելու դեպքում՝ հնարավոր է այն ավելի շուտ ուժը կորցնի։ Ընդ որում, գյուղմթերք արտադրելը շաքարաքլոր սարքել չէ, որ այսօր որոշես, վաղը 10 անգամ ավելի շատ արտադրես։ Դա սեզոնային բնույթ է կրում, և ծավալները մեծացնելու համար ժամանակ է պետք։

3. Իրականում գյուղմթերքի, հատկապես, բանջարեղենի ռուսաստանյան շուկայում ոտքը պնդացնելը բավականին դժվար է, եթե չասենք՝ անհնարին։ Հայաստանում չկան խոշոր և կազմակերպված գյուղացիական տնտեսություններ, որոնք կարող են մեծ ծավալներով արտահանում կազմակերպել։

4. Մենք այս տարածաշրջանում միակ հնարամիտները չենք։ Մեր բոլոր հարևաններն էլ հույսեր են փայփայում օգուտ քաղել էմբարգոյից։ Անգամ Վրաստանը, որը տնտեսական ինտեգրման այլ ուղի է բռնել, հույս ունի մեծացնել գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան։ Օրինակ, Վրաստանի խորհրդարանի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գիգլա Ագուլաշվիլին կարծիք է հայտնել, որ ՌԴ-ի կողմից սահմանված էմբարգոն կարող է վրացի ֆերմերների համար դառնալ լրացուցիչ եկամտի աղբյուր։ Ըստ նրա՝ էմբարգոյի արդյունքում որոշ ապրանքատեսակների համար կխախտվի առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը, ինչը հարկ կլինի լրացնել։ «Այդ պատճառով, չի բառացվում, որ մեծանա Վրաստանից գյուղմթերքների արտահանումը Ռուսաստան»,- ասել է նա։

5. Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած թվերով՝ Ռուսաստանի պատժամիջոցների տակ ընկած արեւմտյան 57 ապրանքատեսակներից Հայաստանն արտադրում և արտահանում է 37 համարժեք ապրանք, որոնցից 31-ը՝ հենց Ռուսաստան: Այդ 37 տեսակների արտահանումը կազմում է տարեկան 84,5 միլիոն դոլար, որոնցից 61 միլիոնը բաժին է ընկնում Ռուսաստանին: Մինչդեռ Ճշմարիտյանը չի նշել, որ այդ նույն ապրանքների գծով մեր ներմուծումը կրկնակի անգամ ավելի մեծ է՝ շուրջ 174 միլիոն դոլար։ Իսկ դա արդեն կասկածի տակ է դնում Հայաստանի մրցունակությունը գյուղմթերքների շուկայում։

Հետաքրքվողների համար նշենք, թե որ գյուղմթերքներն են Հայաստանից արտահանման մեջ առավել կարևոր կշիռ զբաղեցնում։ Դրանք են՝

0302. ձուկ՝ 16.8 միլիոն դոլար, որից 16.7-ը՝ Ռուսաստան
0306. խեցգետնակերպեր՝ 15.1 միլիոն դոլար, որից 12.5 միլիոնը՝ Ռուսաստան
0809. մրգեղեն (ծիրան, բալ, կեռաս և այլն)՝ 19.2 միլիոն դոլար, որից 16.5 միլիոնը՝ Ռուսաստան
0806. թարմ կամ չորացրած խաղող՝ 7.3 միլիոն դոլար, որից 5.6 միլիոն դոլարը՝ Ռուսաստան
0701. կարտոֆիլ՝ 6.5 միլիոն դոլար, որից 3.7 միլիոնը Ռուսաստան
0406. պանիր և կաթնաշոռ՝ 4.6 միլիոն դոլար, որից 4.5 միլիոնը Ռուսաստան
1601. երշիկեղեն՝ 2 միլիոն դոլար, որից Ռուսաստան արտահանում չի եղել
0702. լոլիկ՝ 1.7 միլիոն դոլար, որից 270 հազարը՝ Ռուսաստան

Այսպիսով, նշված 37 տեսակներից ընդամենը 8-ի գծով է, որ ունենք արտահանման քիչ թե շատ զգալի ծավալներ։ Մնացածի դեպքում տարվա կտրվածքով արտահանումը մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ հազար դոլար է։

Այս ամենով հանդերձ, շեշտենք՝ ոչ ոք չի բացառում, թե ռուսաստանյան շուկայի պահանջարկը հայկական գյուղմթերքների նկատմամբ կարող է աճել, այն էլ կտրուկ։

Սակայն նույն կերպ՝ ոչ ոք դրանում չի կարող վստահ լինել՝ թեկուզ վերը նշված գործոնները հաշվի առնելով։ Հիշենք 2006 թվականը, երբ Ռուսաստանը փակեց իր շուկան վրացական գինիների առաջ, Հայաստանում ոգևորություն սկիզբ առավ, թե հայկական գինեիները կզբաղեցնեն վրացականի տեղը շուկայում։ Սակայն նման բան տեղի չունեցավ։

Դրա համար անհասկանալի է՝ ի՞նչ հիմքով են մեր պաշտոնյաները այդպես վստահ խորհուրդ տալիս գյուղմթերք արտադրողներին և վերամշակողներին մեծացնել արտահանումը Ռուսաստան։ Շատ արտահանելու համար նախ հարկավոր է շատ արտադրել։ Շատ արտադրելու համար՝ շատ ռեսուրսներ ու ժամանակ ծախսել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե արտադրող-արտահանողները հետևեն այս խորհրդին և հետո, Աստված մի արասցե, փաստի առաջ կանգնեն։ Ժողովրդական բանահյուսյության լեզվով, դա կլինի դասական «подстава»։ Իսկ ինչպես փորձը ցույց է տվել, նման դեպքերում մեր պետական այրերը ձեռքերը լվանում են և մեղքը բարդում այն մարդկանց վրա, ովքեր միամտություն են ունեցել իրենց խորհրդին հետևել։

Ի դեպ, ավելացնենք, որ ռուսաստանյան էմբարգոն ունի նաև մեկ այլ իրական վտանգ՝ սպեկուլյատիվ գնաճի վտանգը։ Այսինքն, չի բացառվում, որ հայրենի որոշ գյուղմթերք արտադրողներ արհեստական դեֆիցիտ ստեղծեն՝ պատճառաբանելով իբր Ռուսաստան արտահանման ծավալների մեծացմամբ, և թանկացնեն գները։ Ադրբեջանում, ըստ մամուլի հրապարակումների, այս երևույթն արդեն զգացվում է։

Ստորև ներկայացնում ենք նաև ռուսաստանյան էմբարգոյի տակ հայտնված այն ապրանքների ցանկը, որոնց գծով Հայաստանը արտահանում ունի (2013 թվականի տվյալներ)։

cank-artah

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս