Պուտինի լարած թակարդը՝ Սոչիում

Երեկ Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր մայիսի 29-ին՝ Աստանայում: Այդ կառույցին Հայաստանի անդամակցության համար, սակայն, անհրաժեշտ է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկու հիմնադիր անդամների՝ Ղազախստանի և Բելառուսի կառավարությունների հավանությունը: Արդյոք դա տեղի կունենա՞ առաջիկայում՝ ինչպես հայտարարվում է, դժվար է ասել:

Իհարկե, առաջին հայացքից՝ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանության արժանացած որևէ բան չի կարող մերժվել ռուսական ազդեցության տիրույթում գտնվող երկրների կողմից, սակայն դա ճիշտ է, թերևս, միայն Հայաստանի դեպքում, քանի որ, ինչպես Ղազախստանը, այնպես էլ Բելառուսը միայն վերջին ամիսներին կարողացել են հակադրվել ռուսական դիկտատին, եթե դա չի բխել իրենց երկրների շահերից: Հիշենք միայն Ուկրաինայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու ռուսական առաջարկությունը, որը մերժվեց և՛ Ղազախստանի, և՛ Բելառուսի կողմից:

Հիմա, փաստորեն, ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ֆորմալ առումով կախված է արդեն ոչ թե Ռուսաստանից, այլ Ղազախստանից ու Բելառուսից: Իսկ վերջինները բազմիցս, առանց ավելորդ ձևականությունների, ցույց են տվել, որ հանուն Հայաստանի անդամակցության չեն պատրաստվում ստորադասել իրենց կողմից ռազմավարական գործընկեր որակվող Ադրբեջանի շահերը: Ճիշտ հակառակը, Բելառուսը ու հատկապես Ղազախստանը հետևողականորեն պաշտպանում են Ադրբեջանի շահը, ինչի ամենավերջին ու ամենաազդեցիկ դրսևորումը նույն Աստանայում արված հայտարարությունն էր՝ Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսային սահմանակետ տեղադրելու պահանջի մասին:

Դրանից անցել է ավելի քան երկու ամիս: Այս ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց թվում՝ ամենավտանգավորը՝ հայ-ադրբեջանական սահմանագծում արձանագրվող ռազմական գործողությունները: Նույն այդ ընթացքում Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանին համարում է իր ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում: Նույն այդ ընթացքում ռուսական ամենատարբեր պատվիրակություններ են մեկնել Բաքու՝ Ալիևին համոզելու անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: Նույն այդ ընթացքում Ռուսաստանը շարունակել է  զինամթերք մատակարարել Ադրբեջանին… Ահա այս պայմաններում, ու ամենկարևորը՝ Սոչիում կայանալիք Պուտին-Սարգսյան, Պուտին-Ալիև հանդիպումներից առաջ, Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Անդամակցություն, որը երանելի է համարվում ու ներկայացվում Հայաստանի ոչ միայն՝ իշխանության, այլ նաև՝ ոչ իշխանական ուժերի համար ու կողմից: Այսինքն՝ Ռուսաստանը վերջապես վավերացրել է այն փաստաթուղթը, որով նախատեսվող անդամակցությունը Հայաստանում ներկայացվում էր՝ որպես այլընտրանք չունեցող փրկություն:

Առաջինը, որ կարող է առաջանալ այս դեպքում՝ «ինչի՞ դիմաց»  հարցն է: Ակնհայտ է, որ ամիսներ շարունակ ձգձգելով Հայաստանի անդամակցությունը, Ռուսաստանը՝ ուղղակիորեն ու նաև Ղազախստանի ու Բելառուսի միջոցով, ինչ-որ բան էր պահանջում Հայաստանից՝ այդ նույն ժամանակահատվածում բանակցելով  Ադրբեջանի հետ ու սիրաշահելով Ադրբեջանին, որն իր հերթին՝ ինչ-որ բան էր (է) պահանջում: Կրկին Հայաստանից: Կամ Ռուսաստանից, սակայն Հայաստանի մասով:

Հրապարակավ ձևակերպված պահանջը, ինչպես նշեցինք, Ղարաբաղի ու Հայաստանի միջև մաքսակետի տեղադրումն է, ինչի հնարավորությունն, ի դեպ, Հայաստանում որևէ մեկն անվերապահորեն չի բացառել: Այսպիսով, նշված ու էլի մի շարք կարևոր գործոնների առկայության համատեքստում Ռուսաստանը հավանության է արժանացրել Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Ի՞նչը կարող է լինել Հայաստանի կողմից դրա դիմաց վճարվելիք գինը՝ մաքսակետի տեղադրումը ԼՂ-ի հետ սահմանի՞ն, համաձայնությո՞ւնը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահներ տեղակայելուն, թե՞ որևէ այլ զիջում՝ հայտնի կդառնա առաջիկայում:

Այնպես որ, Սոչիի հանդիպումները, որոնցից սպասելիքներն առաջին հերթին՝ վերաբերում են շփման գծում ռազմական գործողությունների դադարեցմանը, իրականում այլ նպատակադրումներ կարող են ունենալ: Իսկ սահմանային միջադեպերը, դրանց ակտիվացման կամ դադարեցման հարցերը լինելու են մանրադրամներ՝ մեծ խաղում պայմանավորվածություններ ձեռք բերելու կամ պարտադրելու գործընթացում: Հայաստանի իշխանությունը գերնպատակ է հռչակել անդամակցությունն այդ կասկածելի կառույցին, կամ Ռուսաստանին է պետք, որ Հայաստանի շահերից չբխող այդ ավանտյուրան ներկայացվի՝ որպես գերնպատակ:

Սոչիում Սերժ Սարգսյանից ճշտելու են՝ ինչի՞ց է պատրաստ հրաժարվել Հայաստանը՝ այդ նպատակի իրագործման համար: Ճշտելու են՝ լավագույն դեպքում: Ավելի հավանական է, որ ոչ թե հարցնելու են, այլ փոխանցելու են, թե ինչից է պատրաստ հրաժարվել Հայաստանը: Որովհետև իրականում ամենաառաջինը, ինչից պահանջում է հրաժարվել Հայաստանի շահը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն է: Եթե դրանից Հայաստանը չի հրաժարվում, այսինքն՝ չի հրաժարվում որոշումներ  կայացնելու ինքնիշխանությունը ռուսներին հանձնելուց, ապա ռուսներն են հանձնելու Հայաստանին: Կայացված որոշումները:

Տեսանյութեր

Լրահոս